Փողոցային արդարադատություն չի լինի. դատավորը ճնշվող չէ. դատարանի նախագահը` Քոչարյանի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կրքերը չեն հանդարտվում: Բան այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցը:

Եւ դատարանի մոտ, դատարանի դահլիճում են հավաքվել ինչպես Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ նրա հակառակորդները, որոնք պահանջում են ազատազրկման դատապարտել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նախկին նախագահին: Դատարանի մոտ սեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

-Պարո՛ն Վարդազարյան, արդեն մի քանի օր է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ քննվում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցը: Մինչ դատարանը քննում է հարցը, դատարանի դահլիճում եւ դրսում կրքերը գնալով թեժանում են. դատարան են եկել մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, իսկ դատարանի բակում հավաքված մյուս խումբ էլ պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրան: Արդյոք այս ամենը ճնշում չէ՞ դատարանի վրա, եւ այն չի՞ ազդի դատավորի որոշման վրա:

-Դժվար է մեկնաբանել, բայց փորձեմ. ունենք այն, ինչ ունենք: Ունենք այդ մեկ դահլիճը այդ նստավայրում. զրահապատ ապակիով առանձնացված են դատավարության մասնակիցները եւ դիտորդները: Դռնբաց դատական նիստ է տեղի ունենում, դռնբացության սկզբունքը պահպանվում է, եւ բոլոր ցանկացողները իրավունք ունեն ներկա գտնվել, այլ հարց է, որ տեղերը չեն հերիքում: Բայց ունենք դահլիճ, որտեղ 80 դիտորդի տեղ կա, 80-ը ապահովվում է, իսկ մնացածը կանգնում են միջանցքներում կամ դատարանի հարակից տարածքներում: Տեղի սակավ լինելն է ստիպում, որպեսզի այդ մարդիկ ոչ թե դահլիճում նստեն, այլ փորձեն միտինգ անել դատարանի առջեւ:

– Լուրջ պաշտոնատար անձանց մասնակցությամբ դատական նիստեր էին լինելու. չէի՞ք կանխատեսում նորմալ պայմաններ ստեղծել, մեծ դահլիճ ապահովել, որ լրագրողները եւս նորմալ հետեւին դատական նիստի ընթացքին:

-Ավելի լավ պայմաններ ստեղծելու համար պետք է ավելի լավ պայմաններ ունենալ: Ի՞նչ է նշանակում ավելի լավ պայմաններ: Հարցը ինձ համար անհասկանալի է:

-Նորմալ դահլիճ, որտեղ կարող էին մեծ թվով մարդիկ ներկա լինել եւ լսել դատավարության կողմերին. այլ դահլիճ նախատեսեիք:

-Շենգավիթի նստավայրում ավելի հարմարավետ դահլիճ ունենք, որտեղ դիտորդների նստատեղերն են քիչ, ավելի լավ պայմաններ են, բայց գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, որ նստում է Ավանի նստավայրում, եւ այն քննվում է Ավանի նստավայրում. շատ նորմալ է, շատ տրամաբանական է, այդպես էլ պետք է լինի: Կանխատեսում անելը շատ դժվար է: Մենք կանխատեսում էինք, որ այս նիստով էլ շատ մարդ կլինի` դիտորդ, լրագրող, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով էլ կլինի, բայց, արի ու տես, որ հիմնական մասսան գնացել է Ավանի նստավայր, եւ Մանվել Գրիգորյանի առաջին դատական նիստին դահլիճը լցվեց, եւ դրսում մարդ չմնաց: Իսկ փորձը ցույց է տվել, որ 4-5 դատական նիստից հետո այդ ամենը հանդարտվում է, եւ դատավորները իրենց հունով գործը քննում են:

-Ձեր կարծիքով` արդյոք այս ամենը ճնշում չէ՞ դատարանի վրա, եւ այն չի՞ ազդի դատավորի որոշման վրա:

-Դավիթ Գրիգորյանը շատ լավ իրավաբան է, փորձառու դատավոր, եւ պարոն Գրգորյանին նման եղանակով ճնշել գրեթե անհնար է: Որոշ անհանգստություն, իհարկե, կպատճառվի, երբ երեկոյան գնա տուն, հեռուստատեսութունը միացնի եւ տեսնի, թե ինչ է կատարվում, կզարմանա: Ինքը դահլիճում այդ ամենը չի տեսնում, այդ ամենը իրեն անհասանելի է, եւ վստահ եմ, որ Հայաստանում միտինգային արդարադատություն հնարավոր չի լինի, այսինքն` դա արհեստական փորձում են քաղաքականացնել կամ դա ընդամենը փորձ է դատարանի վրա ճնշում կիրառելու: Իսկ որ դա չի հաջողվի, եւս վստահ եմ 100 տոկոսով:

– Դուք` որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ի՞նչ ելք եք կանխատեսում այս իրավիճակում: Դատարանին միջնորդությամբ են դիմել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

-Ամենավտանգավոր, ամենաանշնորհակալ եւ օրենքով արգելված գործողությունը դա կանխատեսում անելն է դատական նիստով արդյունքի վերաբերյալ: Գործը քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը իրավական դիրքորոշումը հստակ դատական ակտով կհրապարակի: Ասել, կանխատեսել` արդյոք Արցախի ներկա նախկին նախագահների միջնրդությունը կարող է ազդել դատարանի վրա, թե ոչ, հնարավոր չէ այդ հարցին պատասխանել: Իհարկե, միջնորդությունը քննության առարկա կդառնա, իհարկե, դատարանը հաշվի կառնի, որ ներկա եւ նախկին նախգահները միջնորդություն են ներկայացրել, իսկ նման բանի ամեն օր չենք հանդիպում, ամեն օր չենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի կալանքի հարց քննարկում, ինքը տեղից արտառոց երեւույթ է, բայց կանխատեսում այս պահին ոչ թե չեմ ուզում, այլ չեմ կարող անել, նույնիսկ փորձ չեմ անի:

-Մենք նախկինում փորձ ունեցանք հայտնի գաղտնալսման վերաբերյալ դատավորին զանգելու, նրանց վախերի մասին: Դուք տեղեկություններ ունե՞ք, կամ միգուցե Ձեզ հետ կիսվել է դատավորը իր վախերի մասին, կամ իրեն զանգել են, թե ոչ:

-Դավիթ Գրիգորյանը շատ երկարամյա փորձ ունի ե՛ւ դատախազի, ե՛ւ դատավորի, նրան վախեցնել կամ անհանգստություն պատճառել հնարավոր չէ: Վստահ եմ` զանգ չի եղել եւ չի էլ կարող լինել այս իրավիճակում: Բայց մեկ բան պետք է ասեմ. կոչ եմ անում այն բոլոր մարդկանց, ովքեր հավաքվում են դատարանի առջեւ եւ իրենց կարծիքով փորձում են ճնշում գործադրել գործը նախագահող դատավորի վրա, դա անշնորհակալ, անհեռատես գործ է, հնարավոր չէ դատավորի վրա ճնշում գործադրել` դատարանի առջեւ կազմակերպելով նման միջոցառումներ: Դատավորը, առաջինը, դա չի լսում, երկրորդը` եթե նույնիսկ լսի` ինչ են խոսում, ինչ են վանկարկում, չկա Հայաստանում որեւէ դատավոր, որը կղեկավարվի այդ փողոցային կամ միտինգային արդարադատությամբ: Մեկ անգամ ասել եմ` չեմ հարգի այն դատավորին, որ դատարանի առջեւ կանգնած ժողովրդից կվախենա եւ իր որոշումը կկայացնի` ելնելով ժողովրդի քանակից կամ այն վանկարկումներից` «Ազատություն Քոչարյանին» կամ «Ցմահ Քոչարյանին» եւ այլն:

Քնար Մանուկյան




Լրահոս