Գեղանիստ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացան։

Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց։ Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները և այլ ռազմամթերն առգրավվեց ու փաթեթավորվեց՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։

Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։

Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։




Լրահոս