Երբ մի քիչ հաջողակ ես ու գեղեցիկ, թիկունքից հարվածողները հերթ են կանգնում. Լայանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Լայանան է: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, նախասիրությունները, սովորությունները: Անդրադառնալով մարդկային հարաբերություններին՝ Լայանան խոստովանել է, որ դժվարությամբ է մարդկանց ներում, եթե նույնիսկ ներում է, չի մոռանում: Իսկ հարցին, թե ինչի համար է ափսոսում, Լայանան պատասխանել է՝ ափսոսում է, որ մինչ օրս չորս երեխա չի ունեցել: Երգչուհին խոսել է նաեւ թիկունքից հարվածողների մասին՝ նկատելով, որ եթե մեկը հաջողակ է, գեղեցիկ, անմիջապես հայտնվում են այդպիսի մարդիկ:

-Լայանա՛, սովորաբար ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:

-Արդեն չորս տարի է՝ աղջկաս ձայնից եմ արթնանում: Նա առավոտները կանչում է`մամա, ես էլ զարթնում եմ:

-Միշտ պատրաստ եք ներել նրանց, ովքեր…

-Ախր, ես միշտ չէ, որ պատրաստ եմ ներել…Շատ մեծ դժվարությամբ եմ ներում, եթե ներում էլ եմ, չեմ մոռանում:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայաստանի ամենատեսարժան վայրը, կա՞ մի տեղ, ուր սիրով էլի կայցելեք:

-Այո, իհարկե, Տաթեւի վանական համալիրն ու դրա հարակից տարածքը:

-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներքաղաքական կյանքը մեկ բառով:

-Չասենք՝ թավշյա… Ես կասեի՝ անորոշ:

-Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը:

-«Արտույտների ագարակը»: Դաժան ֆիլմ է, բայց շատ եմ սիրում:

-Տարվա ո՞ր եղանակին եք զգում Ձեզ ինչպես ձուկը ջրում:

-Միանշանակամռանը:Միշտ է այդպես:

-Ի՞նչը կցանկանաք փոխել Ձեր արտաքինում:

-Կուզեի ավելի փոքր ոսկորով ծնված լինեի, այսինքն՝ հաստոսկր չլինեի (ծիծաղում է),թե չէ ուրիշ հատուկ բան չկա:

-Ի՞նչը չեք հանդուրժում մարդկանց մեջ:

-Կեղծավորությունը:

-Ի՞նչ ֆոբիաներ ունեք:

-Բարեբախտաբար, չունեմ:

-Ումի՞ց եք ստացել կյանքի մեծագույն դասերը:

-Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին պատիվ եմ ուենցել շփվելու Երվանդ Ղազանչյանի հետ, կոնսերվատորիայում՝ Ռաիսա Մկրտչյանի հետ: Մեծերի հետ շփման ընթացքում շատ դասեր եմ քաղել, շատ…

-Ձեր ամուսինը միշտ ասում է, որ…

-Ագրեսիվ կերպով չխոսեմ: Ախր, իրականում ես ամենեւին էլ ագրեսիվ չեմ, բայց երբեմն ձայնիս տոնայնությունը խաբուսիկ է լինում: Դրանից մարդիկ կարող են վրդովվել, բայց իմ ձայնն է այդպիսին:

-Կա՞ ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:

-Այո, սուշի:

-Ափսոսում եք, որ…

-Որ մինչեւ հիմա չորս երեխա չունեմ: Անկեղծ եմ ասում… Որքան երիտասարդ հասակում ես երեխա ունենում, այնքան լավ է լինում:

-Եթե լինեիք միլիոնատեր…

-Մի անեկդոտ կա: Մեկին հարցնում են. «Ի՞նչ կանեիք, եթե միլիոնատեր լինեիք»: Պատասխանում է. «Պարտքերս կտայի»: Հարցնում են. «Բա մնացա՞ծը»: Ասում է. «Մնացածը թող սպասեն»: Իսկ եթե լուրջ, ծովի ափին տուն կգնեի: Սիրում եմ ջուր, արեւ: Իմ երազանքն է նման միջավայրում ապրել: Նաեւ ֆինանսապես կօգնեի մարդկանց:

-Եթե հնարավոր լիներ փախչել, ապա ո՞ւր:

-Ես փախչողներից չեմ: Ոչ մի բանից էլ չեմ փախչում:

-Ո՞ր դարում կցանկանայիք ապրել:

-Տիգրան Մեծի օրոք, որպեսզի վայելեի ծովից ծով Հայաստանը: Էլի ծովի թեմային վերադարձանք…

-Թիկունքից հարվածողներ շա՞տ եք ունեցել:

-Բավական: Երբ մի քիչ հաջողակ ես, մի քիչ գեղեցիկ, թիկունքից հարվածողները հերթ են կանգնում: Ի դեպ, «գրոհները» կարող են լինել օնլայն եւ օֆլայն տիրույթներում: Այնպիսի տպավորություն է, որ մարդը մարդու լավը չի կամենում: Յուրաքանչյուր մարդ զգում է դա իր մաշկի վրա:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Այն հարցը, թե ումից եմ դասեր քաղել: Մենք դեռ երիտասարդ ենք, չենք գիտակցում այդ դասերի կարեւորությունը: Սխալվում ենք, էմոցիաների ազդեցության տակ նույն սխալն էլի ենք անում: Այդպիսին է կյանքը…

Աննա Բաբաջանյան




Լրահոս