Ինչպե՞ս կապացուցեն, որ Գագիկ Ծառուկյանը գործարարությամբ է զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ն մերժել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը։

Եվ որպես պատճառաբանություն բերվում է հանցադեպի բացակայությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը նշեց․ «Մենք չենք դիմել ՀՔԾ, դիմել ենք Գլխավոր դատախազություն եւ նրանցից ենք սպասում պատասխան, որը կարող է էապես տարբերվել ՀՔԾ-ի պատասխանից։

Մենք չենք կարող դիմել մեկ մարմնի եւ ստանալ պատասխան մեկ այլ մարմնից։ Իսկ կարծիք հայտնելու համար պետք է տեսնենք, թե ինչ հիմքով են մերժել, ինչ գործողություններ են կատարել, որից պարզել են, որ Ծառուկյանը չի զբաղվում գործարարությամբ։ Այն ծավալի ինֆորմացիան, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է տալիս, որեւէ մեկի մոտ կասկածի տեղիք չի կարող տալ»,- նշեց Սուրեն Սահակյանը։

Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն, ըստ էության, արդեն պետք է քննարկի էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, քանի որ վերջիններս սպասում էին իրավապահ համակարգի որոշմանը։




Լրահոս