ՕՊԵՐԱՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները: Սակայն նկատենք, որ բախումներ, այնուամենայնիվ, եղան. սրճարանների սեփականատերերն իրենց աշխատակիցների հետ բոլոր հնարավոր միջոցներով երեկ դիմադրում էին` փորձելով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին: Սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, հետո բանը հասավ քաշքշուկին, բախումներին: Բայց հետաքրքիրն այն է, որ Օպերային հարող տարածքում իրավիճակը շատ ավելի թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին ինչ-որ երիտասարդների խմբեր, որոնք եւս սկսեցին բողոքել սրճարանների ապամոնտաժման դեմ: Ընդ որում, նրանք ոչ թե բողոքում էին, այլ ավելի շուտ ոստիկանության հետ բախումներ հրահրում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցին վանկարկել «Ռոբերտ վարչապետ», «Քոչարյան վարչապետ»: Բանը հասավ նաեւ սրճարանատերերի ու սրճարանի աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքները խոչընդոտելուն, երբ արգելում էին տեսանկարահանել իրենց` «դուխով», «ես լավ տղա եմ» երգերի տակ պարելը, գոռգոռոցը:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստատեսությամբ անդրադարձել է այս խնդրին` նշելով. «Ես ինքս եմ հատուկ հանձնարարել ամեն ինչ անել մեղմ, մարդկային»: Նրա խոսքերով` ծանուցումները ժամանակին ուղարկվել են, եւ տնտեսվարողները դրանք ստացել են, սկզբում համաձայնել, բայց հետո հրաժարվել են քաղաքապետարանի պահանջը կատարել: Մարությանը նաեւ ասել է, որ այդ տարածքները վարձակալել են ծիծաղելի գներով` 90 հազար դրամ ամսական:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որն իր ցուցմունքում խոսել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ԱԺ մի խումբ նախկին պատգամավորների ու պաշտոնյաների թիկնազորին զինվորական համազգեստ հատկացնելու մասին: Ի դեպ, այդ ցուցակը ժամանակին հրապարակվել է, փաստահավաք խումբն էլ փորձել է ուսումնասիրություններ կատարել: Եւ, ահա, Գ. Մելքոնյանն իր ցուցմունքում պատմել է, որ ցուցակը իրեն է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը: «Վարդան Պողոսյանը զանգահարել է ինձ եւ զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք: Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում: Դա ընդունելով ի գիտություն` Վարդանին ասացի` տվե՛ք»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: Ավելին, այս գերատեսչությունն անգամ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում՝ նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար։ Նշենք, որ Հայաստանում տիեզերական արդյունաբերություն գոյություն չունի: Էլ չենք խոսում այն մասին, որ չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք։ Բայց, չնայած սրան, ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ Հայաստանում կձեւավորվի տիեզերական արդյունավետության ոլորտի մասնագետների` ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կնվաճենք տիեզերքը:

 

 

 

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Շախմատային ֆեդերացիայի դեմ շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ Շախմատի ֆեդերացիան 2017թ. դեկտեմբերին փոխել էր հավաքականների կազմավորման կարգը, եւ 2018թ. մայիսից գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին չէր ընդգրկել հավաքականում: Ընդ որում, այդ քայլին ֆեդերացիան գնացել էր այն ժամանակ, երբ շախմատիստուհին հղի էր: Հիմա Գալոյանը պահանջում է անվավեր ճանաչել հավաքականների կազմավորման կարգը, իրեն ընդգրկել հավաքականի կազմում ու վճարել աշխատավարձը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած ֆեդերացիան ժամանակին հղի կնոջ դեմ որոշումները կայացրել ու իր քայլերը հիմնավորել է` պարզապես կեղծելով փաստաթղթերը: Թե կոնկրետ ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում:

 

 

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՐՎԵ՞Լ Է
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակին երեկ անդրադարձել են Ադրբեջանի իշխանությունները` նախագահ Իլհամ Ալիեւն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Եթե անկեղծ, ապա նրանց հայտարարությունները որեւէ նորություն չէին պարունակում. Ալիեւը դեմ է արտահայտվել բանակցային ձեւաչափի փոփոխությանը. «Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձեւաչափը: Դա անընդունելի է ու հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- ասել է նա` միաժամանակ անընդունելի որակելով ստատուս քվոյի պահպանումը:
Մամեդյարովն էլ իր հերթին նշել է. «Նա, թերեւս, կարող է բարձրացնել ցանկացած հարց: Ամեն դեպքում, բանակցությունների ձեւաչափի մասով հստակ արտահայտվել են եւ՛ Եվրամիությունում, եւ՛ Ադրբեջանի նախագահը: Այդ հարցի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:
Ադրբեջանի այս պահվածքը միանգամայն բնական է. թեեւ 1994թ. Ադրբեջանը ստորագրել է փաստաթուղթ` Ղարաբաղը ճանաչելով հակամարտության կողմ, հետագայում ամեն ինչ արել է խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթություն տեղափոխելու համար: Ու նախկին իշխանությունների շնորհիվ` քսան տարի առաջ Ադրբեջանը ստացավ իր ուզածը. Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային ձեւաչափից: Այնպես որ, Ադրբեջանը հիմա դիմադրում է ԼՂՀ-ի` բանակցային սեղան վերադարձին:
Այստեղ տարօրինակ է օտարերկրացի այն դիվանագետների հնչեցրած գնահատականները, որոնք կարծում են` ՀՀ-ն, բարձրացնելով բանակցությունների սեղան Արցախյան կողմի վերադարձի խնդիրը, ձեւաչափը փոխելու պահանջ է դնում:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարեց դեռ մայիսին` ՀՀ վարչապետ դառնալուց անմիջապես հետո: Ու այս ընթացքում կար բավական ժամանակ, որպեսզի հայկական դիվանագիտական կառույցները համապատասխան բացատրական աշխատանքներ տանեին միջազգային կառույցների մոտ հիմնավորելու Հայաստանի դիրքորոշումը, ցույց տալու, որ իրականում պաշտոնական Երեւանը պահանջում է ոչ թե բանակցային ձեւաչափի փոփոխություն, այլ 1994թ. ընդունված փաստաթղթի լիարժեք կիրառում: Ու քանի դեռ միջազգային հանրության մոտ թյուր ըմբռնումներ կան այս առումով, նշանակում է` հայկական դիվանագիտությունը բավարար ջանքեր չի գործադրել, այլ միգուցե անուղղակի սաբոտաժ է արել, կամ էլ մասնագիտական հմտությունները չեն բավարարել այդ ամենի համար:




Լրահոս