ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որն իր ցուցմունքում խոսել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ԱԺ մի խումբ նախկին պատգամավորների եւ պաշտոնյաների թիկնապահներին զինվորական համազգեստ հատկացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ հարցաքննությունից:

Քննիչի հարցը. Նախկինում Ձեր տված ցուցմունքը ճի՞շտ է գրված: Ի՞նչ ունեք ավելացնելու:
Գագիկ Մելքոնյանի պատասխանը. Նախկին ցուցմունքս գրված է ճիշտ: Ավելացնելու բան չունեմ:
Հարց. Նախաքննությամբ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին հատկացվել է զինվորական համազգեստ: Այդ մասին իր զեկույցում անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փատահավաք խումբը եւ զեկույցին կցել «01-02.03.2008թ. բաշխված իրային ունեցվածքի ցուցակը» վերնագրով, այսպես ասած, փաստաթուղթը: Դուք 2008թ. հանդիսացել եք ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալը, Ձեզ եմ ներկայացնում նշված ցուցակը եւ առաջարկում եմ հայտնել Ձեր ունեցած տեղեկությունները նշված ցուցակի, դուրս գրված զինվորական համազգեստի խմբաքանակների, այն բաշխելու հանձարարություն տված անձի, հանձնարարությունը կատարող անձի, ծառայողների եւ այլ մանրամասների վերաբերյալ:
Պատասխան. Ծանոթացա ինձ ներկայացված իրային ունեցվածքի բաշխման ցուցակին, այն ինձ ծանոթ փաստաթուղթ է: Այն ես առաջին անգամ տեսել եմ 2008թ. ապրիլի սկզբներին, երբ դուրս էի գրվել հոսպիտալից եւ ներկայացել էի աշխատանքի: Այդ ժամանակ նշված ցուցակը` նույն տեսքով, ինձ է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը: Նշեմ, որ դեռեւս հոսպիտալում բուժվելու ժամանակ նույն Վարդան Պողոսյանը զանհագարել է ինձ եւ զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք: Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում: Դա ընդունելով ի գիտություն` Վարդանին ասացի` տվե՛ք: Վարդանը կատարել է հրամանը, բաշխել է համազգեստը եւ կազմել նշված ցուցակը, թե ում ինչ քանակի ու տեսակի համազգեստ է բաշխել: Ցուցակում նշվել են այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ում թիկնազորին հատկացվել են համազգեստի խմբաքանակները: Դրանք են (ընթերցում եմ ցուցակից) Ղազարյան Վաչիկը, որը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետն էր, Ծառուկյան Գագիկը, Խաչատրյան Սուրիկը, Սարգսյան Լեւոնը, Բեգլարյան Գագիկը, Աբրահամյան Հովիկը, Մովսիսյան Առաքելը, Սեդրակյան Մհերը եւ Ալեքսանյան Սամվելը: Ցուցակում արդեն նշված են յուրաքանչյուր պաշտոնյայի թիկնազորի անդամների քանակը: Համազգեստը բազայից` իրային պահեստից, դուրս է գրվել, բեռնատարով տեղափոխվել ինչ-որ տեղ ու բաշխվել: Ստույգ, թե որտեղ է բաշխվել համազգեստը, տեղյակ չեմ: Համազգեստը դուրս գրելու համար, ըստ կարգի, իրային ծառայությունից իջեցվում է հրահանգ, որի համաձայն` իրային բազայից ըստ բեռնագրի ելքի մատյանում կատարվել է համապատասխան գրառում, դուրս է գրվել համազգեստը: Թե ինչ մակնիշի բեռնատարով է բազային պահեստից տեղափոխվել, ով է եղել վարորդը, տեղյակ չեմ: Հիմա ես տեղեկություն չունեմ նաեւ` արդյոք այդ փաստաթղթերը պահպանվել են, թե ոչ, միգուցե արխիվացված կամ ոչնչանցված լինեն` պահման ժամկետի հետ կապված: Սակայն պետք է նշեմ, որ այդ ժամանակվա իրային ծառայության պետը` գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք: Իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի. Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է:
Հարց. Ո՞րն է ԱԺ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստներ բաշխելու նպատակը:
Պատասխան. Իմ կարծիքով` դա ինչ-որ գործողություններ քողարկելու նպատակն է հետապնդել, որ այդ գործողություններն իրականացվեին զինվորականների անվան տակ: Պատկերացնենք` եթե այդ անձինք զինված հարձակում գործեին ցուցարարների վրա, ապա տպավորություն կառաջանա, որ զինված հարձակում կատարողները զինվորականներն էին: Ստույգ տեղեկություններ այդ նպատակի եւ գործողությունների մասին չունեմ:
Հարց. Նշված ցուցակը, ըստ տեղեկությունների, փաստահավաք խմբին է փոխանցել ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը: Ի՞նչ տեղեկություններ ունեք այն մասին, թե Լեւոն Զուրաբյանին ով է փոխանցել համազգեստների բաշխման նշված ցուցակը:
Պատասխան. Տեղեկություններ չունեմ: Նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, ենթադրել, թե այդ ցուցակն ով կարող էր փոխանցած լինել ՀԱԿ որեւէ անդամին, այդ թվում Լեւոն Զուրաբյանին: Ինքս այդ ժամանակ ճանաչել եմ Լեւոն Զուրաբյանին, սակայն շփում չեմ ունեցել: Ցանկանում եմ նշել, որ երբ հոսպիտալից վերադարձա աշխատանքի եւ Միքայել Հարությունյանին հարցրեցի` համազգեստը երբ են վերադարձնելու, նա պատասխանեց, թե պետք չի վերադարձնել. արդեն հագած շորեր են, ի՞նչ ենք անելու:
Հարց. Իսկ ինչպե՞ս է ձեւակերպվել համազգեստները փաստացի քաղաքացիական անձանց անվամբ դուրս գրելու հանգամանքը: Նման իրավասություն ունեցե՞լ են իրային ծառայության եւ իրային բազայի ծառայողները` համազգեստը դուրս գրել ու բաշխել քաղաքացիական անձանց:
Պատասխան. Հիմա չեմ կարող տեղեկություններ տալ, թե ինչպես է փաստաթղթերում ձեւակերպվել: Դա կատարվել է նախարարի հրամանով, եւ պետք է ուսումնասիրել փաստաթղթերը, թե կոնկրետ ինչ ձեւակերպում է տրվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Փախչանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: Կասկածներ կան, որ այս պաշտոնանկության պատճառներն ավելի խորն են ու կապված են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջին հայտարարությունների հետ: Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, մասնավորապես. «Կառավարությունը բարձունք է հանձնում: Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով` պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին, շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա…»:
Ենթադրվում է, որ միգուցե Դավիթ Փախչանյանն է եղել այն պաշտոնյան, որը Վիգեն Սարգսյանին հաստատել է Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը կոմերցիոն նպատակներով օտարելու փաստը: Մանավանդ, ըստ շրջանառվող լուրերի, Փախչանյանը Վիգեն Սարգսյանի հետ բավականին մտերիմ է: Պաշտպանության նախարարության մեր աղբյուները հայտնեցին, որ Դավիթ Փախչանյանի ազատումը կարող է մեկ այլ խնդրի հետեւանք լինել: Նա մինչ Դավիթ Տոնոյանին նախարար նշանակվելն է դիմում գրած եղել աշխատանքից ազատվելու, սակայն չի ստորագրվել եւ ստորագրվեց հիմա: Ավելին, ՊՆ մեր աղբյուրները հայտնեցին, որ Վիգեն Սարգսյանին տեղեկությունը ասած պաշտոնյան Պն փոխնախարարներից մեկն է եղել, որի մասին անգամ գիտի ՊՆ ղեկավար կազմը:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել Դավիթ Փախչանյանի ազատման պատճառը, սակայն վերջինս հայտնեց, որ պաշտոնատար անձանց նշանակման կամ հեռացման դիմումները ինքը իրավասու չէ մեկնաբանել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի մարտի 12-ին N զորամասի պահպանության տեղամասի` մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետեւանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ
ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր: «Մարտի 14-ին` ժամը 15:00-ին, դատարանը որոշում կկայացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Նա բավական երկար բացատրություններ տվեց՝ մոտ 40 րոպե: Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել` փետրվարի 19-ից սկսած մինչեւ մարտի 2-ը»,- ասաց փաստաբանը:

 

 

ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից: Քննչական կոմիտեի կողմից հասարակական կազմակերպություններին արդեն տրամադրվել են կոնկրետ քրգործերով տեղեկանքներ դրանք ուսումնասիրելու նպատակով: Տրված գործերի նյութերն ուսումնասիրելուց հետո խումբն անցնելու է այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությանը:

 

 

ՈՐՈՇԵԼ Է
Կառավարությունը երեկվա նիստում որոշել է անհատ ձեռնարկատիրոջ` նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով: Նախագծով սահմանվում է, որ մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմումը ներկայացնում է այլ անձ` նոտարի վավերացրած լիազորագրի եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ: Կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն այլեւս չի ներկայացնի աշխատած լինելու մասին տեղեկանք: Նախագծով սահմանվում է նաեւ, որ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի, այսինքն` քաղաքացին կարող է թոշակ ստանալ:




Լրահոս