Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի տնտեսական վիճակի ու վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավորությունների մասին:
-Պարո՛ն Ղազարյան, այս տարվա հունվարի ընթացքում բավական նվազել է ԵՄ անդամ երկրների ՀՀ առեւտրաշրջանառությունը: Միայն արտահանումը դեպի ԵՄ նվազել է 23.8 տոկոսով: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը:
-Ընդհանրապես խորհուրդ կտամ թե՛ վերլուծաբաններին, թե՛ ուղղակի շարքային ընթերցողին մեկ ամսվա, այն էլ տարվա սկզբի ամսվա տվյալներով օրինաչափությունների մասին չմտածել: Հունվարը երբեք պատկեր չի տալիս, հունվարին տոների հետ կապված միշտ լինում են աշխատանքային քիչ օրեր: Մեր տնտեսական ծավալները` թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ երկրների, կոնկրետ Բուլղիարիայի հետ պետք է 6 ամսվա կտրվածքով նայել: Օրինակ, 2017 թվականին Բուլղարիայի ներկրումը 70 տոկոսով աճել է, իսկ արտահանումը` 60 տոկոսով: Բայց հունվար ամսվանը երբ դիտարկում ենք, դրանք ոչինչ չտվող թվեր են, ուղղակի ցուցանիշներ են, որոնք պետք է համադրել ընդհանրության մեջ: Փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին հնարավոր է այնպիսի մի թռիչք լինի, որ մենք կարող է մոռանանք հունվար ամսվա ցուցանիշները:
-Բայց, մյուս կողմից, ըստ վիճակագրական կոմիտեի` Հայաստանը հիմնականում նվազեցրել է արտահանումը դեպի Բուլղարիա: Մինչդեռ նախկինում Բուլղարիա հիմնականում արտահանվում էր հանահումքային արտադրանք` պղինձ, մոլիբդեն: Արդյոք պատճառը հանքարդյունաբերական խոշոր երկու ընկերությունների` «Թեղուտ»-ի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատե՞լն է:
-Պղնձի խտանյութ, մոլիբդեն մենք արտահանում ենք երեք ձեւով. արտահանվում է կա՛մ բուլղարական ձուլարաններ, կա՛մ ռումինական, կա՛մ էլ Չինաստան: Այսօր ավելի շատ գնում է Չինաստան, որովհետեւ չինացիներն ավելի գնողունակ գներ են առաջարկում, եւ, երկրորդ, թվում է, թե շատ հեռու է, բայց ճանապարհածախսի իմաստով հաճախ Փոթի նավահանգստից բեռնարկղները ավելի էժան են հասնում չինական նավահանգիստներ, քան նույն Սեւ ծովի հարեւան ափը: Այս իմաստով պայմանագրերն էլ կարող են էապես ազդել, դրա համար պետք է վեց ամիսների պատկերը նայել, որ ապրանքատեսակը ինչ եղավ: Հանքարդյունաբերությունը անկում չի ապրում գործող հանքերի մոտ, ես հունվար ամսվա տվյալները նայել եմ: Երբ համեմատում ենք, ստացվում է, որ մեր երկու գործող հանքարդյունաբերության գիգանտները չեն աշխատում` «Թեղուտ»-ը չի աշխատում տեխնիկական, Ալավերդու պղնձաձուլարանը` ֆինանսական պատճառներով, իսկ «Լիդիան Արմենիան» չէր աշխատում, բայց ներդրումային ակտիվություն էր ցուցաբերում. դա ամբողջովին մեր թվերի վրա ազդում է: Ագարակի, Քաջարանի, Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատները նորմալ աշխատում են, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւս նորմալ աշխատում է նույն ծավալներով: Այս տարի ես ստացել եմ մեր փոխադրման պլանային առաջադրանքները, Ագարակն է՛լ, Քաջարանն է՛լ աճ են նախատեսում, ոչ թե անկում:
-Պարո՛ն Ղազարյան, իսկ ՀՀ վարչապետի ծրագրած տնտեսական հեղափոխությունը ե՞րբ իրականություն կդառնա:
-Մեզանից յուրաքանչյուրը` ամեն մի գործարար, մենեջեր, թե սեփականատեր, ինքը իր մեջ կփոխի իր մոտեցումները, ինքը հեղափոխության կենթարկվի: Ի՞նչ անի. նոր տեխնոլոգիաներ ներկրի, մենեջմենթի որակը փոխի, մրցունակ դառնա, որովհետեւ շուկան բացվել է թե՛ ներկրման, թե՛ արտահանման, թե՛ ներդրումների համար: Այլեւս չես կարող բողոքել, որ ճնշեցին, այս օլիգարխին տվեցին, ազատ մրցակցության շրջան է, բայց այդ դեպքում դու պետք է կարողանաս մրցունակ լինել, պետք է փոխվես: Հետո արդեն պետությունից պահանջես պայմաններ, օրենսդրություն քաղաքականություն, վարչարարություն, որի ծիլերը, տեսնում ենք, կա:
-Թավշյա հեղափոխությունից հետո գործարարի կյանքում ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել:
-Ազատության զգացում հավասար, բնական շուկայի ձեռքբերման: Ազատ շուկայի զգացում, որն ամենակարեւորն է, եւ այն ձեռքբերումները, ինչ ունենք, այստեղից է գալիս: Հատկապես դա նկատվում է մանր եւ միջին բիզնեսում, խոշորների մոտ էական չի փոխվել, որովհետեւ նրանք կայացած են: Միջինն ու մանրը, որ գիտեն, հնարավորություն ունի 0-ից սկսել, եթե լավ աշխատեց, կհասնի հաջողության, եթե վատ` կսնանկանա, բայց այդ ազատության զգացումը, հավասարության զգացումը…
-Բայց, պարո՛ն Ղազարյան, գործարարներն արդեն սկսել են դժգոհել Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններից:
-Դե գիտեք, Հարկային օրենսգիրքը միշտ նախատեսում է փոփոխություններ ե՛ւ մեղմացման, ե՛ւ խստացման առումով: Մենք պետք է բյուջե հավաքենք, բայց եթե մտածում ենք միայն բյուջեի մասին, ապա վտանգները կան նաեւ փոփոխության մեջ: Օրինակ` մեր միության կարծիքն է, որ ակցիզային հարկի` հատկապես շաքար պարունակող խմիչքներինը ժամանակավրեպ է: Վտանգ կա, որ ոչ թե շատ հարկ կհավաքենք, այլ արտադրական, սպառման ծավալները կընկնեն, որի արդյունքում քիչ հարկ կհավաքվի:
-Պարո՛ն Ղազարյան, գազավորված ըմպելիք արտադրողներն արդեն սկսել են «սպառնալիքներ» հնչեցնել այն մասին, որ կփակվեն, աշխատատեղեր կկրճատեն: Ավելին` ներդրումային ծրագրերն են սառեցրել…
-Գիտեք, մեր հասարակությունը քաղաքական պայքարի սովոր է, մենք հեղափոխություն ենք տեսել մեկ տարի առաջ, ժողովուրդը հեղափոխական է: Սպառնալիք չէ, բայց պայքարի ցանկացած ձեւ, եթե օրենքի շրջանակներում է, ընդունելի է: Մարդիկ իրենց շահերն են փորձում պաշտպանել, եթե դա քաղաքակիրթ է եւ օրինականության շրջանակներում է:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԵՐԹՈՒՂԻՆ ՓԱԿՎԵՑ
Շուրջ 10 օր է` դադարել է գործել Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին: Ամեն առավոտ Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղից միկրոավտոբուսը ուղղություն էր վերցնում Այրում քաղաք, այնտեղից` Նոյեմբերյան, ապա` դեպի մայրաքաղաք: Կեսօրից հետո այն Երեւանի կենտրոնական ավտոկայարանից մեկնում էր հակադարձ ուղղությամբ: Այդ երթուղում աշխատում էր 2 հատ նոր «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս: Միկրոավտոբուսային երթուղում տոմսի գինը բարձր չէր` 2 հազար դրամ: Տաքսիներով 3 այլ ուղեւորների հետ Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկնելու գինը 3 հազար դրամ է: Տաքսի ավտոմեքենաները 4 ուղեւորներին վերցնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի ցանկացած բնակավայրի ցանկացած կետից, հասցնում Երեւան` ուղեւորի ցանկացած տեղը, կամ Երեւանի հարակից բնակավայրեր: Դա բավական ուշացնում է ուղեւորների մեկնման եւ ժամանման ժամը, տաքսի ավտոմեքենաները ճանապարհի կեսին, ԱԳԼՃԿ-ում գազով լիցքավորվում են, ինչը նույնպես ժամանակի կորստի պատճառ է: Միկրոավտոբուսային երթուղու վարորդ, Արճիս գյուղի բնակիչ Գուրգենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը երթուղին շահագործում էր 2018թ. օգոստոսից, այդ ընթացքում շատ ծախսեր է կատարել, երթուղային մեքենաների համար 10 հատ անվադող գնել: Քանի որ միկրոավտոբուսի ուղեւորները քիչ էին, այն շահույթով չէր աշխատում, ուստի ստիպված էր դադարեցնել ուղերթները: Անհավասար մրցակցություն էր, որովհետեւ նույն ուղեգծում աշխատող անհատ տաքսիստները, ի տարբերություն միկրոավտոբուսների սեփականատիրոջ, պետությանը հարկ չեն վճարում:
ԱՌԱՆՑ ՓՇԱԼԱՐԵՐԻ
Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 110 հազար 779 հեկտար: Տավուշի մարզպետարանի տվյալներով` դրանից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, բազմամյա տնկարկները` 3 հազար 755 հեկտար: Գյուղատնտեսական մարզում հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում: 25 հազար 300 հա վարելահողերից 7 հազար 210 հեկտարը չի մշակվում մի շարք պատճառներով. այն ականապատված է, նաեւ սահմանամերձ է, գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում:
Տավուշի սահմանագոտու ականապատ կամ ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվող տարածքները փշալարով տարանջատված են, տեղադրված են նախազգուշացնող նշաններ: Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ նշվեց, որ սահմանագոտու ոչ բոլոր տարածքներն են փշալարով տարանջատված, հարկ է այդ գործը շարունակել: Նախկինում սահմանամերձ տարածքներում հակահետեւակային ականների պայթյուններից սահմանամերձ գյուղերի բնակիչներ եւ ընտանի անասուններ են վնասվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՆԱՑԻՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ, ՄՆԱՑԻՆՔ ՉՈՐ ՀԱՑԻ ՀՈՒՅՍԻՆ
Պետական գերատեսչություններում սկիզբ առած օպտիմալացման գործընթացը զայրացրել է նաեւ շիրակցիներին։ Մարզ, որ աղքատության ու գործազրկության ցուցանիշներով առաջին տեղում է:
Բողոքի ալիք է բարձրացել Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշմամբ` ՀՀ ՊՆ Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասը մայիսին տեղափոխվելու է Երեւան: ՀՀ-ում գործազրկության առավել բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում զորամասի օպտիմալացման պատճառով գործազուրկների թիվն ավելանալու է եւս մի քանի տասնյակով: Զորամասի յուրաքանչյուր աշխատակից ընտանիքի միակ աշխատողն է. այս որոշմամբ գյումրեցուն փաստացի զրկում են իր աշխատատեղից, ամենօրյա հացը վաստակելու հնարավորությունից, ապրուստի ու գոյատեւման միջոցից:
Թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին գումարտակն է կանգնած բողոքի հետեւում։ Անուն-ազգանունով ներկայանալ զինծառայողները չցանկացան, պարզապես ներկայացրեցին իրենց խնդիրը, որը տարբեր ատյաններ անտեսում են անհայտ պատճառներով: «Զորամասը ուզում են տեղափոխել Երեւան, զորամասի տեղը ուզում են կողքի զորամասն ընդլայնել` զրկելով մեզ աշխատանքից ու ամեն ինչից։ Զորամասի պատմությունն է ցույց տալիս, որ մենք շատ լավ աշխատել ենք, շատ մեդալների ենք արժանացել, լավագույն վաշտ կոչմանն ենք արժանացել։ ԱԺ բոլոր պատգամավորներին գրավոր ներկայացրել ենք»,-ասաց զինծառայողներից մեկը։
Զորամասի աշխատակիցներին հատկապես մտահոգում են վարկերը։ Բանկը վերջիններիս անտոկոս վարկեր է տրամադրել, որոնք փակելու հետ կապված աշխատակիցները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: «Զորամասը շատ աղքատ թաղամասում է գտնվում։ Բոլորս այդ թաղամասից ենք։ Մեր օրվա հացից են մեզ կտրում։ Այս ամեն ինչը խաբելու միջոցով են անում, էլ չենք կարող։ 56 հոգի դրսում են հայտնվելու։ Մենք նամակներ ենք գրել անգամ վարչապետին, գրել ենք միջազգային տարբեր կառույցների, Պաշտպանության նախարարություն գրություն ենք ուղարկել, ու ոչ մի պատասխան։ Օպտիմալացումն ինչի՞ համար է, ինչո՞ւ են գյումրեցուն զրկում իր հանապազօրյա հացից, ապրուստի միջոցից։ Անունը դնում են օպտիմալացում ու բոլորիս դրսում թողնում»,- ասաց զորամասի աշխատակիցը։
Թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին գումարտակը, ասում են, հացադուլի է նստել, ճանապարհ էլ կփակենք։ Որեւէ արձագանք, սակայն, խնդրի վերաբերյալ դեռ չկա։
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի