Լուսանկարն արվել է Երեւանի Արշակունյաց փողոցում
Ինկասացիայի մեքենան շրջադարձի ժամանակ խախտում է կատարում` պտտվելով անթույլատրելի հատվածով:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչ է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը: Ովքե՞ր պետք է վճարեն հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար:
Էլմիրա Մխոյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կարգավորման պարտադիր վճարը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է: Միաժամանակ նշենք, որ կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող եւ ծառայություն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հակիրճ եւ հստակ ներկայացված է: Քաղաքացին սահմանված կարգին ծանոթանալուց հետո կարող է հարկ եղած դեպքում կատարել վճարում:
ՀԱՐՑ. Ե՞րբ կարելի է կենսաթոշակի վերահաշվարկ կատարել:
Լուիզա Գեւորգյան (67 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակի վերահաշվարկ կատարվում է, եթե
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելիս (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ`
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: