ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը: Փաստաթուղթը բաղկացած է 7 բաժիններից, որոնցում ներկայացված են հետեւյալ խնդիրները՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա եւ կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմունքը միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների եւ թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ։
Պետդեպը որոշ գնահատականներ է հնչեցրել ՀՀ նոր իշխանությունների հասցեին: Մասնավորապես, Պետդեպը նշել է, թե նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել համակարգային կոռուպցիայի դեմ, եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվել են առաջին իրական մրցակցային ընտրությունները: Զեկույցի համաձայն` 2018թ.-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ, սակայն նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես` քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում:
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի զեկույցն ավելի խնդրահարույց էր հենց այս ոլորտի առումով: Օրինակ` նախորդ զեկույցում Պետդեպը նկատել էր, որ թեեւ վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը բարելավվել էր, սակայն քվեարկությունն ուղեկցվել է լայնատարած ընտրակաշառքի, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդումներով:
«Ընտրակաշառքը, ըստ հաղորդումների, հիմնականում տրվում էր իշխող Հանրապետականի տարածքային թեկնածուների ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից»: Պետդեպը նաեւ զեկույցում հիշատակել էր 114 դպրոցների տնօրենների հետ Իրազեկ քաղաքացիների միավորման աղմկահարույց հեռախոսազրույցները, որոնցում վերջիններս խոստովանել էին, որ ցուցակներ են պատրաստում իշխող Հանրապետականի համար: Որպես օրինակ բերվել էր նաեւ, այսպես կոչված, «ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը», որտեղ Հանրապետական պատգամավորի եղբայրը կշտամբում, սպառնում է սուպերմարկետի աշխատակիցներին` պահանջելով ձայներ ապահովել իրենց թեկնածուի համար:
2018 թվականի զեկույցում դատական համակարգի հետ կապված նշվում է, որ թեեւ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։ Իսկ, ահա, 2017 թվականի զեկույցում նշվում էր. «Քաղաքացիները կարող են բողոք ներկայացնել դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար, սակայն դատարանները մեծամասամբ համարվում են կոռումպացված եւ կողմնակալ: Որոշ փաստաբաններ պնդում են, թե Վճռաբեկ դատարանն է թելադրում բոլոր աղմկահարույց գործերի ելքը: Քանի որ դատավորները չեն նշանակվում ցմահ, նրանք կախված են համակարգից եւ կարող են պաշտոնանկ արվել` չունենալով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Ընդհանուր համոզմունք կա, որ դատավորները մեղադրական վճիռ են կայացնում դատախազության ուղարկված յուրաքանչյուր, այդ թվում` բացթողումներ ունեցող գործերով»:
2018 թվականի զեկույցում հետաքրքիր անդրադարձ է արված նաեւ մամուլի իրավիճակին եւ արտահայտման ազատությանը. մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռեւս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։ Արտահայտման ազատության հետ կապված նշվում է, որ մարդիկ ազատ են եղել կառավարությանը քննադատելու հարցում առանց ձերբակալման վախի, սակայն հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրեց մի մեկնաբանություն, որը դատապարտում էր որոշ հեռուստաընկերությունների կողմից «հակապետական» քարոզչությունը: Ասվում է, որ, չնայած նա որեւէ կոնկրետ հեռուստաալիք չի նշել, որոշ ԶԼՄ-ների դիտորդների համաձայն` հայտարարությունը ցնցող ազդեցություն է ունեցել լրատվական մթնոլորտի վրա: Այս առումով եւս 2017 թվականի զեկույցում մեջբերումներն ավելի սուր են եղել: Մասնավորապես նշվել է, որ լրագրողների նկատմամբ բռնություններ են եղել թե՛ վերջին խորհրդարանական ընտրությունների, թե՛ Երեւանի տեղական ընտրությունների, թե՛ «Սասնա ծռերին» աջակցող ցույցերի ժամանակ, ընդ որում` հաղորդվել է, որ այդ բռնություններին մասնակցել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա երկու թիկնապահները:
Հետաքրքիր է, որ 2018 թվականի զեկույցում ծավալուն անդրադարձ է արված նաեւ 2008 թվականի մարտի 1-յան դեպքերին, եւ նշվում է, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել 2008թ. նախագահական ընտրությունների հետեւանքով տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվության սահմանման հարցում՝ մանրամասը ներկայացնելով մեղադրյալներին եւ գործերի ընթացքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ
Երեկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ հանդիպում էր կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Տեղեկացանք, որ հանդիպման հրավերը եղել է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից, հանդիպման մասնակիցները եւս նրա կողմից էին ընտրվել: Ըստ այդմ, հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամները եւ մի քանի այլ հանձնաժողովների նախագահներ: Ինչպես եւ սպասելի էր, հանդիպումը բավական երկար է տեւել` երեք ժամից ավելի, եւ հարցերի շրջանակն էլ բավական լայն է եղել. չեն սահմանափակվել ի սկզբանե հայտարարված թեման քննարկելով: Հանդիպումը հիմնականում կազմակերպված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի թեմայի վերաբերյալ, սակայն գլոբալ քննարկում են ունեցել արտաքին ոլորտի առաջնահերթությունների, առաջիկա ծրագրերի շուրջ: Խոսվել է անգամ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները խորացնելու մասին:
Գրեթե բոլոր պատգամավորները ակտիվ են եղել հանդիպման ժամանակ, բավական հարցեր են տվել, սակայն պատասխաններից եւ ընդհանուր հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել: Բանն այն է, որ նախարար Մնացականյանն այդպես էլ կոնկրետ պատասխաններ չի հնչեցրել: Չայած հանդիպումը փակ է եղել, սակայն նախարարը խուսափել է ազատ խոսելուց՝ ամեն բառի շուրջ կշռադատելով:
ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ
Պարզվում է` տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երեւանում գործող ավտոբուսները, այլեւ մարզային տրանսպորտային միջոցները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաեւ Մասիս-Երեւան երթուղու ավտոբուսներում: Ի դեպ, առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսներում: Նշենք, որ օրեր առաջ Երեւանում ավտոբուսների մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդներին, որոնք, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երեւան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգեւորված են այս փաստից: Ավելին, նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու միակ տարբերակն է:
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է եւս երկու ամսով. դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նախկին նախագահի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ
Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը: Ըստ ՀՔԾ-ի` գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նշենք, որ այս տարվա հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը, եւ Գրիգորյանը կրկին կալանավորվել է: Փետրվարի վերջին, Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ, Մ. Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան:
ՀԱՎԱՏԱՐԻՄ
«Որպես Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը, այսպես նշել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: «Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիտարկել Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը»,-նշված է հայտարարությունում:
ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ
«Պարոն Մալյանն արտահայտվել է որպես ԼՂ ԱԳ նախարար, եւ այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք եւ շարունակական փոխանակում ենք մեր մոտեցումները»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հարցի կարգավորման հիմքում ընկած սկզբունքները հնացած են, եւ թե արդյոք այստեղ ՀՀ-ի եւ Արցախի դիրքորոշումների միջեւ տարբերություն չկա, եւ չեն հակասում իրար: «Սա իրապես գործնական հարց է այն առումով, որ ՀՀ-ի իշխանությունները եւ Արցախի իշխանությունները տարբեր միավորումներ են, եւ մենք չենք հրաժարվում եւ երբեւէ չենք հրաժարվելու մեր դերակատարությունից այս խաղաղության գործընթացի մեջ: Այո, ՀՀ-ն եղել եւ մնում է միակ երաշխավորը Արցախի անվտանգության հարցում, մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով եւ մնալով հավատարիմ խաղաղ գործընթացին եւ բանակցային գործընթացին՝ մենք նաեւ աշխատում ենք եւ կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման եւ բանակցությունների նաեւ մեր Արցախի գործընկերների հետ, որը շատ նորմալ երեւույթ է»,- ասել է նա: