«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակում եւ, ըստ մեր ունեցած փաստաթղթերի, ասել է.
«…Նախագահական ընտրություններ են եղել, որին մասնակցել են երեք, թե 4 թեկնածուներ: Ընտրություններում ես հաղթել եմ, իսկ 21 տոկոս հավաքած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներ է անցկացրել եւ իրեն անվանել հաղթած թեկնածու: Դրանից հետո հիշում եմ, որ իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակիցների մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կուտակում կա, եւ մարտի 1-ին գնացել էին այդ տվյալները ստուգելու, հետազոտելու, որի ժամանակ բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Դրանից հետո ցուցարարները հավաքվել էին Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մոտ, որտեղ ճանապարհները փակել եւ բարիկադներ էին կառուցել անգամ տրոլեբուսների օգտագործմամբ: Դրանից հետո սկսել էին կոտրել սկզբում «Վիվասել» ընկերության ապակիները, որից հետո կոտրել էին նաեւ «Մետրոպոլ» հյուրանոցի ապակիները, եւ տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Այդ բախումների ընթացքում եղել են կրակողներ, պայթյուններ, եւ նույն օրը, ժամը չեմ հիշում, ՀՀ նախագահի կողմից հրամանագիր է ստորագրվել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Դրանից հետո ձեռնամուխ ենք եղել թշնամանքը վերացնելու գործին: Այսքանը, ավելացնելու այլ բան չունեմ:
Հարց. Ըստ պաշտոնական տվյալների` 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել եք ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո նույն թվականի ապրիլի 9-ին ստանձնել եք ՀՀ նախագահի պաշտոնը: Առաջարկում եմ ներկայացնել 2008 թվականի դրությամբ ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով ՀՀ վարչապետի լիազորությունները Զինված ուժերի համակարգում:
Սերժ Սարգսյանի պատասխանը. Կարող եք նայել ՀՀ սահմանադրությունը եւ Ձեզ համար պարզ կլինի:
Հարց. Առաջարակում եմ պատմել 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցության հանգամանքների մասին, մասնավորապես` ո՞ւմ առաջարկությամբ է հրավիրվել այդ խորհրդակցությունը, ո՞րն է եղել նման ֆորմատով խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ովքե՞ր են մասնակցել, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տվել ՀՀ զինված ուժերի կատարմանը, ի՞նչ խնդիրներ են առաջադրվել:
Պատասխան. Մանրամասնորեն ներկայումս խորհրդակցության հանգամանքները չեմ հիշում. երկար ժամանակ է անցել: Խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է Զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակն է եղել Զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները այդ պրոցեսի մեջ են ներգրավում Զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը, եւ բանակցություններ են վարում մյուս փոխնախարարի հետ, որ նա էլ միանա իրենց: Ուստի պետք է թույլ չտալ եւ կասեցնել այդ ամենը: Դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն հանձնարարական տվեց, որ կա՛մ դիմում են գրում եւ դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից եւ շարունակում մնալ Երկրապահում, կա՛մ էլ դիմում են գրում եւ դուրս են գալիս Երկրապահի շարքերից եւ կատարում են իրենց ծառայողական պարտականությունները:
Հարց. Որո՞նք են հանդիսացել Զինված ուժերը 2008 թվականի հետընտրական գործընթացներում. իրավիճակները, հիմքերն ու առիթները: 2008 թվականի մարտի մեկին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ո՞ր դեպքերում, պաշտոնատար ո՞ր անձինք էին իրավասու տալ ՀՀ զինված ուժերին օգտագործելու հրաման, հրահանգ:
Պատասխան. Հարցը վերաբերում է իրավունքին, իսկ ես իրավաբան չեմ, իսկ օրենքներն էլ իրավունքի զարգացմանը զուգահեռ փոփոխվել են, եւ միանշանակ չեմ կարող պատասխանել, ուստի առաջարկում եմ նայել այդ ժամանակ գործած օրենքները:
Հարց. Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռեւս 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ անցկացված հանդիպման ժամանակ, երբ ոչ մի տեղեկություն չի եղել հավաքների ոչ խաղաղ լինելու մասին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանավոր հրահանգ է տվել` նշելով. «ժամը 00-ից հայտարարում եմ արտակարգ դրություն»: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրած խնդիրները կատարելու համար արձակվել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որով, ըստ էության, գործի է դրվել ռազմական դրությանը համարժեք բանակի օգտագործման մեխանիզմը: Դեռեւս 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ՀՀ սահամանադրական կարգի տապալման, ՀՀ ներքին անվտանգության դեմ ոտնձգության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ են եղել, որոնք հիմք են հանդիացել օգտագործելու ՀՀ զինված ուժերը:
Պատասխան. Ես կարծում եմ` Ձեր գնահատականը սխալ գնահատական է: Ես չեմ հիշում Քոչարյանի նման խոսքերը: Չի եղել նման բան: Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ, եւ, անկեղծ ասած, եթե ես լինեի պաշտպանության նախարարը, ապա ես էլ նման կերպ կվարվեի, հրաման կստորագրեի` զորքը զորանոցային վիճակի բերելու մասին, եւ, իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից եւ միջամտություններից:
Հարց. Դուք ծանո՞թ եք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը: Եթե այո, ապա հայտնեք, թե ինչն է հանդիսացել ՀՀ զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ի՞նչ խնդիրներ էին լուծվում:
Պատասխան. Այդպիսի հրաման ես չեմ տեսել, ծանոթ չեմ եղել: Ծանոթ եմ այնքանով, որքանով մամուլում հրապարակվել է վերջերս: Ասեմ նաեւ, որ աղոտ հիշում եմ, որ դեռեւս 2009 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանն է դատապարտվել հիշյալ հրամանից քաղվածք հրապարակելու համար, եւ այդ մասին հիշում եմ, որ խոսում էր նաեւ փաստահավաք խումբը, սակայն այդ ժամանակ նշված հրամանն իմ ուշադրությանը առանձնապես չի արժանացել, որ մտածեմ, թե դա որեւէ կապ ունի 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետ:
Հարց. Դուք նշեցիք, որ հիշյալ հրամանի հրապարակած քաղվածքի մասին է խոսել նաեւ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումը: Նման պայմաններում արդյոք այդ ամենը Ձեզ տեղիք չի՞ տվել պարզելու, թե թիվ 0038 հրամանը ինչ կապ է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Պատասխան. Ոչ, ես չեմ համարում եւ այդ ժամանակ էլ չեմ համարել, որ փաստահավաք խումբը կարող է փորձագետ լինել այդ հարցում եւ ես, ինչպես նախկինում նշեցի, նույն իրավիճակում նույնպես Զինված ուժերը կբերեի զորանոցային վիճակի: Նշեմ նաեւ, որ հրապարակված քաղվածքում նշված էր Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու մասին, ուստի եւ այն ինձ համար որեւէ կասկածի տեղիք չի եղել. դա նորմալ գործընթաց է Զինված ուժերում:
Հարց. Եթե մտավախություն է եղել ԵԿՄ-ի հնարավոր քաղաքական ներգրավվածությունը… եւ ստացվում է, որ փաստացի գործողություններն ուղղված են եղել այդ վտանգի, մասնավորապես` ԵԿՄ նախագահ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի հեռացմանը: …Ռոբերտ Քոչարյանը ընդգծված եւ հստակ նշել է, որ իր կարգադրությամբ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն եւ սպասել է իր ճակատագրի վերջնական որոշմանը: … Այնուհանդերձ, ինչո՞ւ է որոշվել արտակարգ դրություն հայտարարելուց հետո այդ ռեժիմի ապահովումը վերապահել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Պատասխան. Նախ նշեմ, որ վտանգի աղբյուրը եղել է ոչ միայն ԵԿՄ-ի կազմում ընդգրկված գործող սպաների առկայությունը, այլ նաեւ առանձին զինվորականներ եւ ստորաբաժանումներ: Սկսենք նրանից, որ Մանվել Գրիգորյանի տուն գնալով վտանգը չէր վերանում: Հո երկրապահը չի՞ սկսվում եւ վերջանում Մանվել Գրիգորյանով: Բացի դրանից, զորանոցային վիճակ հայտարարելը նաեւ կանխարգելիչ միջոց էր:
էջ 5, 7
ԸՆԴԴԵՄ ԲԴԽ-Ի
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Նոյեմ Հովսեփյանի որդին դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին:
Մարտի 14-ին Հովհաննես Ղազարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի: Վերջինս դատարան ներկայացրած իր հայցով պահանջում է ստիպել Բարձրագույն դատական խորհրդին հունվարի 11-ի ԲԴԽ որոշումը անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք ՀՀ նախագահի հրամանագիրը` «Տիգրան Գրիգորյանին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին», վերացնել եւ բարենպաստ վարչական ակտ կայացնել: Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել «Հանրապետության նախագահին առաջարկել Հովհաննես Խաչիկի Ղազարյանի թեկնածությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար»: Ստացվում է, որ նախկին դատավորի որդին ցանկացել է նշանակվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ն չի տվել իր համաձայնությունը եւ այլ մարդու է նշանակել այդ պաշտոնին: Արդյունքում Հովհաննես Ղազարյանը դատարանի միջոցով է փորձում վերականգնել իր իրավունքները: Ինչ արդյունքի կհասնի նախկին դատավորի որդին, սպասենք զարգացումներին: Նկատենք, որ դատավորի թեկնածուներից շատերը կարողացան ԲԴԽ-ի հետ կռվում հաղթող դուրս գալ, մասնավորապես նրանցից մեկը` Մարինա Տաշչյանը եւս դատի էր տվել ԲԴԽ-ին եւ կարողացավ հաղթել ու նշանակվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
«Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցը դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 14-ին Մանե Միրզոյանը պահանջում է աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, իրեն նախկին աշխատանքում վերականգել: Այս գործը քննելու է դատավոր Արիստակես Սիսակյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներից Դավիթ Պետրոսյանին եւ Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել` առեւանգման փորձ կատարելու հատկանիշով: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` ի սկզբանե Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ»-ի անդամների միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով: Այնուհետեւ փաստական տվյալներ են ի հայտ եկել, որ գործ ունենք այլ հանցատեսակի հետ` առեւանգում, եւ «Ռեստարտ» նախաձեռնության չորս անդամների նկատմամբ արդեն առեւանգման հոդվածով խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, եւ նրանք` որպես կասկածյալ, հարցաքննվել են: