ՀՀ հաշվեքննիչ պալատը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում իրականացրած ստուգումների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 3 մլն 388 հազար դրամի չափով պարգեւատրվել են երեք վարորդներ եւ մեկ օպերատոր: Մեկ աշխատակցի տրվել է 128 հազար դրամի չափով օգնություն: Պարզվում է, որ քաղավիացիայի վարչությունում պարգեւատրումների գործընթացը պատշաճ կանոնակարգված չէ: Ստացվում է, որ 2017 թվականին անձնակազմի պարգեւատրումը կատարվել է եռամսյակային պարբերականությամբ, մինչդեռ չորս աշխատակիցներ` երեք վարորդ եւ մեկ գործավար-օպերատոր, ապրիլ-դեկտեմբեր ամիսներին պարգեւատրվել են ամսական կտրվածքով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, որն, ի դեպ, համարվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում նրա մերձավոր կադրերից մեկը, ինքնապարգեւատրվել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին: Ասել է թե` պետը, իր արձակած հրամանով, իրեն պարգեւատրել է: Մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի ընթացքում 5 մլն 371 հազար դրամի չափով պարգեւատրման գումարների վճարումը պատշաճ չի հիմնավորվում: Որոշ պարգեւատրված աշխատակիցներ ՔԱԳՎ-ում չեն ունեցել անգամ երկամսյա աշխատանքային ստաժ:
Օրինակ` ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատողը ընդունվել է 2017 թվականի նոյեմբերի 2-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերի 12-ին առանց հիմնավորման պարգեւատրվել է 386 հազար դրամով: Այսպես, վարչության պետը` որպես քաղծառայող, նշանակվել է ՔԱԳՎ պետի 2017 թվականի մարտի 21-ի հրամանով, իսկ նույն թվականի հուլիսին ստացել է քաղծառայության պարգեւատրում` 282 հազար դրամի չափով: Նույն կերպ անձը, ՔԱԳՎ աշխատակազմի ղեկավարի 2017 թվականի մայիսի 3-ի հրամանով, նշանակվել է վարչության պետի տեղակալի պաշտոնում, իսկ հուլիս ամսին ստացել է քաղծառայողի պարգեւատրում` 248 հազար 700 դրամի չափով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի մարտի 28-29-ին, փետրվարի 10-11-ին նախատեսված են եղել գործուղումներ, բայց դրանց վճարումները կատարվել են ապրիլի 4-ին: Իսկ, ահա, 5 դեպքում գործուղված աշխատակիցներին վճարվել է սահմանված չափերից ավելի գումար:
Բացահայտվել են նաեւ մի շարք դեպքեր, երբ ներկայացուցչական ծախսերը կատարվել են միջոցառման ավարտից հետո: Օրինակ, հյուրասիրության նպատակով մատակարարից ձեռք են բերվել ապրանքներ` 78 հազար 600 դրամի չափով, բայց պատվիրակության մեկնելուց հետո: Իսկ, ահա, 2018 թվականի ապրիլի 14-ից 18-ը Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվել է երկու անգամ 8 անձի համար կազմակերպել հյուրասիրություն: Նույն տարվա ապրիլի 25-ին ձեռք են բերվել 215 հազար 400 դրամի ապրանքներ, որի վերաբերյալ նույն օրը կազմվել է հանձնման-ընդունման արձանագրություն: Փաստորեն, ըստ անցած տարվա ապրիլի 25-ի հաշիվ-ապրանքագրի` ապրանքների մատակարարումը կատարվել է պատվիրակության մեկնելուց հետո:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավտոմեքենաների երթուղային թերթերում հաշվառումը կատարվել է ամսական կտրվածքով` առանց օրական հաշվարկի: Ընդ որում, վառելիքի ծախսում ներառվել են նաեւ շաբաթ եւ կիրակի օրվա ծախսերը, մինչդեռ այդ օրերի համար չեն արձակվել հրամաններ դրանք աշխատանքային օր համարելու համար: Ավելին, շաբաթ, կիրակի օրերի համար դուրս գրված վառելիքի քանակը` 6412 լիտրը, (2017 թվականին` 3776 լիտր եւ 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ` 2636 լիտր) չի հիմնավորվել, իսկ վճարված գումարը կազմել է 2 մլն 250 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ օդանավերի մեծ մասը (2017 թվականին` 18, 2018 հոկտեմբերի 1-ի դրությամբ` 15) բազավորված է օտարերկրյա պետություններում, հիմնականում աֆրիկյան երկրներում: Իսկ ՔԱԳՎ-ն օժտված չէ օդանավերի բազավորման երկրում ավիաընկերությունների գործունեության նկատմամբ հսկողական գործառույթներով, որը կարող է հանգեցնել ՀՀ-ում գրանցված օդանավերի` այլ երկրներում անօրինական գործարքներում ներգրավմանը:
«Հայաէրոնավիգացիա» ընկերության խորհրդի նիստերը պետք է գումարվեին առնվազն երեք ամիսը մեկ, ինչը չի կայացել: Ի դեպ, 2017 թվականին գումարվել է երկու նիստ, իսկ անցած տարի այդպես էլ նիստ չի անցկացվել: Բայց չնայած սրան` խորհրդի անդամները պարգեւավճարներ են ստացել: Սա դեռ ամենը չէ. ընկերությունում համատեղության կարգով աշխատել են ՔԱԳՎ-ի հինգ աշխատակիցներ, որոնցից մեկը տրանսպորտի, երկուսը` կադրերի կառավարման եւ ընդհանուր բաժիններում: Եւ այս աշխատակիցներին 2017 թվականին 15 մլն 243 հազար դրամ է վճարվել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` 9 մլն 936 հազար դրամ: Այսինքն` ընդամենը վճարվել է 25 մլն 179 հազար 800 դրամ: Պարզվում է, որ 36 աշխատող բացի «Հայաէրոնավիգացիա» ընկերությունից աշխատել են նաեւ այլ կազմակերպություններում:
Իսկ, ահա, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերությունը հրավիրովի դասախոսական կազմի ձեւավորումը կատարել է հիմնականում առանց մրցույթի: Ընկերության հաստիքացուցակով նախատեսվել է թռիչքային գործունեության ծառայության պետի պաշտոն, որը զբաղեցրել է ՔԱԳՎ-ի թռիչքային վարչության պետը: Այսինքն՝ մեկ հոգին միաժամանակ զբաղեցրել է երկու վարչական պաշտոն:
Պալատի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության կողմից Diamond DA 40 ինքնաթիռի վարձակալության համար «Մեյն Ավիէյշն Տեքնիքս» ընկերությանը 2013 թվականից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը 2434 ժամ 50 րոպե թռիչքային ժամերի համար վճարվել է ընդամենը 592 մլն 77 հազար դրամ: Բայց պարզվում է, որ նմանատիպ նոր օդանավի շուկայական արժեքը Ռուսաստանում կազմում է 550 հազար դոլար: Այսինքն` օդանավի վարձակալության նպատակով ծախսված գումարը գրեթե 7 անգամ գերազանցել է դրա ձեռքբերման արժեքը:
Ի դեպ, նշենք, որ քաղավիացիան պարզաբանել է, որ աշխատողները պարգեւատրվել են կատարված աշխատանքների համար` անկախ նրանից, թե քանի օր են աշխատել, եւ արդյունքում ոչ մի իրավական ակտ չի խախտվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ