Հարց. Քննությամբ նաեւ փաստվել է, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով Զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժի մասին, 2008թ. փետրվարին հիշյալ ստորաբաժանումները Երեւանում եւ մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը` միաժամանակ արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին: Անձնակազմերի հետ ունեցել է ոգեւորիչ եւ խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ են համախմբվել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն ու հեղաշրջումը, ապահովվել կայունությունը: Իսկ մարտիմեկյան իրադարձություններից հետո հիշյալ զինծառայողներին են այցելել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ովքեր շնորհակալություն են հայտնել ծառայության համար, մասնավորապես որ չեն թողել` հեղաշրջում լինի: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի կապակցությամբ:
Պատասխան. Նախ նշեմ, որ նման հանգամանքների մասին լսում եմ առաջին անգամ, բացի այդ, ես կարծում եմ, որ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը գնացել է զորամաս, որպեսզի ստուգի տեղում զորքերի մարտական պատրաստվածությունը:
Հարց. Քննությամբ փաստական տվյալներն են ստացվել, որ ՀՀ կառավարության շենքը 2008 թվականի փետրվարի 28-ից մինչեւ մարտի 1-ը առավոտյան արդեն իսկ շրջապատված է եղել ինչպես ոստիկանության, այնպես էլ Ռազմական ոստիկանության մեծաքանակ ծառայողների կողմից: Բացի այդ, արդեն կառավարության շենքի մոտ` Մելիք Ադամյան փողոց եւ Հանրապետության հրապարակ են տեղափոխվել նաեւ Զինված ուժերի հիշյալ համահավաք գումարտակները իրենց տեխնիկայով: …Ավելին, պարզվել է նաեւ` ԱՀ զինծառայողները փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել եւ տեղակայվել են ՀՀ կառավարության նկուղային հարկում եւ ավելի քան մեկ ամիս կառավարության շենքում եւ հետնամասի դարպասների մոտ իրականացրել են պարեկապահակետային ծառայություն: Իսկ ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը հենակետեր է ընտրել կառավարության շենքում եւ իրականացրել է հարակից տարածքի դիտարկում: Այսինքն` եթե Դուք 2008թ մարտի 1-ին գտնվել եք աշխատանքի վայրում, ապա չէիք կարող չնկատել այդ շենքը շրջապատած ՀՀ Զինված ուժերի եւ այլ զորքերի ստորաբաժանումներին, նրանց զինտեխնիկան, զրահամեքենաները: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան. Հարցադրման մեջ նշված հանգամանքների մասին միայն կարող եմ ասել, որ մարտի 1-ի առավոտյան, երբ եկել եմ կառավարության շենք, այդ ժամանակ ոչ ոք չի եղել, կառավարության մոտ եղել են միայն ոստիկանության աշխատակիցները: Արդեն երեկոյան կառավարության շենքի հետնամասում` Մելիք Ադամյան փողոցում, նկատել եմ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կուրսանտներին: Արդեն մարտի 3-ին կամ 4-ին կառավարության շենքում տեսել եմ Արցախի Հանրապետության ՊԲ ղեկավար սպաների եւ հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել եւ որեւէ մեկին որեւէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել:
Հարց. Ինչպես արդեն նշեցի, գործով ձեռք բերված տվյալները, որ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանով, ՀՀ Զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակի, առանձնացված ստորաբաժանումները ուղարկվել են պաշտպանության նախարարի տեղակալ, Երեւան կայազորի պետ Յուրի Խաչատուրովի ենթակայության տակ: Հաջորդիվ պարզվել է նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրից հետո եւ հաջորդ մի քանի օրերին Յուրի Խաչատուրովը իր տրամադրության տակ անցած զինվորական վարչակազմի գործունեությունն իրականացրել է ՀՀ կառավարության շենքում` երկրորդ հարկում` Ձեր աշխատասենյակին հարակից: …Ի՞նչ գործունեություն էր ծավալում զինվորական այդ վարչակազմը` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Նաեւ նշեմ, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Դուք, ինչպես նաեւ փոխվարչապետ, նույն ինքը` տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, այցելել եւ մասնակցել եք վարչակազմի աշխատանքներին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ. հարցադրմանը դրական պատասխանելու դեպքում կխնդրեի հանգամանալից ցուցմունք տալ այդ ամենի կապակցությամբ:
Պատասխան. Նախ նշեմ, որ Յուրի Խաչատուրովի մշտական տեղակայման վայրը եղել է գլխավոր շտաբը: Բայց քանի որ Յուրի Խաչատուրովին հանձնարարված էր պահպանել պետական կարեւորագույն օբյեկտները, իսկ ՀՀ կառավարության շենքը նման կարգավիճակից է օգտվում, ուստի նա, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես տեղակայվել է ՀՀ կառավարության շենքում` ապահովելու կառավարության շենքի անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնակցությանը նրանց աշխատանքներին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես միայն հիշում եմ մեկ դեպք. դա եղել է մարտի 1-ի երեկոյան, երբ Գորիկ Հակոբյանն ինձ զեկուցեց, որ ցուցարարները հասել են Պրոսպեկտ եւ կարող են բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ: Ես այդ ժամանակ մտել եմ 2-րդ հարկում գտնվող խորհրդակցությունների սենյակ եւ այնտեղ գտնվող բոլոր զինվորականներին եւ մյուս մարդկանց ասել եմ, որ եթե ցուցարարները գան կառավարության շենք, ես դուրս եմ գալու եւ պաշտպանելու եմ շենքը, որից հետո հարց եմ ուղղել բոլորին` նրանք ինձ հե՞տ են, թե՞ ոչ, եւ բոլորը միաձայն դրական պատասխան են տվել:
Հարց. Ինչպես արդեն նշվել է, ըստ «արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի` արտակարգ դրության ռեժիմն ապահովելը վերապահվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը, այսինքն` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին: Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ումի՞ց եւ ի՞նչ էին պաշտպանելու, ո՞ւմ դեմ էին պայքարելու:
Պատասխան. Իմ կարծիքով` այն բոլոր անձանց դեմ, ովքեր փորձելու էին անօրինական մուտք գործել պետական կարեւորագույն պահպանվող տարածքներ:
Հարց. 2008 թվականին գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ՀՀ զինված ուժերը կոչված են դիմակայելու զինված հարձակմանը, պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս կբացատրեք եւ ինչո՞վ կհիմնավորեք այն հանգամանքը, որ սահմանին գտնվող ախոյանի, արտաքին թշնամու դեմ զինված գործողություններ կատարելու փոխարեն զինված գործողություններ պետք է կատարեին ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ, սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների դեմ:
Պատասխան. Այդ հարցերը լիրիկական հարցեր եմ համարում, ուստի չեմ ցանկանում պատասխանել:
Հարց. ՀՀ նախագահի ընտրությունից հետո առաջ եկած խնդիրները արդյոք հնարավոր չէ՞ր լուծել սահմանադրությամբ կոչված այլ մարմինների, օրինակ` ՀՀ ոստիկանության միջոցով: Ինչո՞վ էր պայմանավորված այդ խնդրի լուծման համար ներգրավել ՀՀ պաշտպանության նախարարության` զինված ուժերի ստորաբաժանումները, այդ թվում, ըստ քննությամբ ձեռք բերված տեղեկությունների, սահմանային թեժ կետերից բերված Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները:
Պատասխան. Հարցը կրկնվում է:
Հարց. Շարունակելով հարցաքննությունը` առաջարկում եմ հայտնել, թե ինչ բջջային հեռախոսահամար եք օգտագործել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ:
Պատասխան. Ես մինչեւ 2018 թվականի ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբեւէ չեմ օգտագործել:
Հարց. 2008 թվականի դրությամբ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել այդ ժամանակվա ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ:
Պատասխան. Նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ:
Հարց. Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվե՞լ եք արդյոք 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին: Եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, ի՞նչ նպատակով եք հանդիպել եւ ի՞նչ զրույց եք ունեցել նրանց հետ:
Պատասխան. Անկեղծ ասած` ներկայումս չեմ հիշում, բայց չեմ բացառում, որ նրանք այդ օրերին կառավարության շենքում եղած լինեն:
Հարցաքննության 4 ժամը լրանալու կապակցությամբ հարցաքննությունը դադարեցվել է, եւ 2-րդ հարցաքննությունն իրականացվել է 2019 թվականի փետրվարի 6-ին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԻՍՏԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ԲԱՅՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՐԵԼ ԵՆ
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Շախմատային ֆեդերացիայի դեմ շախմատի` կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայցի քննությունը: Հիշեցնենք` 2017 թվականի դեկտեմբերին ֆեդերացիայի խորհուրդը փոխել էր հավաքականների կազմավորման ձեւաչափը, արդյունքում Լիլիթ Գալոյանը դուրս էր մնացել Հայաստանի հավաքականի կազմից: Ընդ որում, Գալոյանի դեմ որոշումները կայացվել են այն ժամանակ, երբ շախմատիստուհին հղի էր:
Դատավարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայցվոր Լիլիթ Գալոյանի փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
Պարոն Նորիկյանը նշեց, որ դատը լավ ընթացք է ունեցել: Նրա խոսքերով` կան կասկածներ, որ Շախմատի ֆեդերացիան որոշումը կայացրել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Մասնավորապես, ըստ դատարան ներկայացված փաստաթղթերի` հավաքականների կազմավորման կարգը կայացվել է ֆեդերացիայի խորհրդի 2017թ. դեկտեմբերի որոշման համաձայն: Սակայն այդ նիստի արձանագրությունը, որում ներկայացված է մասնակիցների անունները, կասկածելի է: Խորհրդի 21 հոգանոց անդամներից, ըստ փաստաթղթի, նիստին մասնակցել են 15-ը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սակայն կան կասկածներ, որ իրականում նիստին մասնակցած անձանց թիվն ավելի քիչ է եղել, եւ խորհրդի նիստի արձանագրության մեջ մատնանշված անձանց մի մասն ընդհանրապես ներկա չի գտնվել դրան: Ավելին, կասկածներ կան, որ նրանց մի մասն այդ ժամանակ ընդհանրապես չի եղել ՀՀ-ում: Փաստաբանի խոսքերով` այս փաստերը դեռ հաստատված չեն, ուստի իրենք միջնորդել են այդ անձանց որպես վկա դատակոչելու եւ դատարանում հարցաքննելու: Նաեւ փաստաբանը համապատասխան հարցում է ուղարկել ԱԱԾ այդ անձանց ՀՀ-ում գտնվել-չգտնվելու վերաբերյալ փաստաթղթեր ստանալու համար: «Այդ անձանց` ֆեդերացիայի նիստին ներկա գտնվելը կասկածի տակ է»,- ասաց Նորիկյանը: Նա նաեւ հավելեց, որ ամեն քայլ կձեռնարկվի, որ մյուս դատական նիստին այդ անձինք ներկա գտնվեն որպես վկա:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձեց կապ հաստատել Շախմատային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Ֆեդերացիայի քարտուղար Միքայել Անդրիասյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` ասելով, թե իրենք չունեն որեւէ մեկնաբանություն:
Ի դեպ, խնդրին երեկ անդրադարձել է նաեւ Լիլիթ Գալոյանը՝ նշելով, որ իր պայքարն անօրինական որոշման դեմ է. «Երբ տարիներ առաջ անօրինական կերպով ես դուրս մնացի հավաքականից, այն ժամանակ Հայաստանի առաջատար շախմատիստներից մեկը դիմել էր Ս. Սարգսյանին եւ ներկայացրել իրավիճակը, ստացել էր կարճ՝ «թեման փակ է» պատասխանը։ Անարդար ղեկավարը նարկոբարոնի պես մի բան է, ոչ միայն ինքն է պարբերաբար օրենքներ խախտում, այլ նաեւ վարակում է իր ենթականերին»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ