Լուսանկարն արվել է Երեւանում
Նստարանի ոտքը կոտրվել է, եւ քանի որ Երեւանի քաղաքապետարանը չի կատարել իր պարտականությունները, քաղաքացիները խնդրին յուրովի լուծում են տվել` նստարանի ոտքի տակ հարմար քարեր տեղադրելով:
ՀԱՐՑ. Այս տարի ո՞ր օրն է նշվելու Սուրբ Հարության տոնը:
Տաթեւ Հարությունյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշվում է ապրիլի 21-ին: Տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում` «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
ՀԱՐՑ. Ի՞նչ նպատակով է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությունը: Ինչպե՞ս է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ տարածքային մարմին:
Ջուլիետա Սահակյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է անձին հաշմանդամ ճանաչելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ եւ հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու եւ հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացման թույլտվություն տալու նպատակով:
Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձին հաշմանդամության խումբ կարող են սահմանել միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները եւ տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ-ները: