ՄԱՐԴԿԱՆՑ ՍՊԱՆԵԼ Է ՌԵԺԻՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, օրեր առաջ պարոն Սեֆիլյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ապստամբներին ազատելու ժամանակը անցել է: Ո՞րն է այդ ժամանակը:
-Եթե հեղափոխություն է եղել, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հեղափոխության առաջամարտիկներ են եւ պետք է առնվազն ազատության մեջ լինեն: Մենք առաջինն ենք ասել, որ ջատագովն ենք անցումային արդարադատության, եւ պահանջում ենք, որ այդ անցումային արդարադատությունը նաեւ մեզ վերաբերի: Մենք եւս պատրաստ ենք, որ անցումային արդարադատության գործերից մեկը լինի «Սասնա ծռերի» ապստամբության գործը եւ դա քննվի իրավունքի սկզբունքների համատեքստում` ինքնապաշտպանության իրավունքի, դրանից բխող ապստամբության, դիմադրության իրավունքի համատեքստում, եւ բնականաբար, հաշտվելով մարդասիրական իրավունքի հետ, որովհետեւ զինված ապստամբությամբ հարուցված գործընթացները արդեն ռազմական գործողություններ են, եւ այդտեղ չափանիշները պետք է ընտրել` ըստ մարդասիրական իրավունքի: Եթե չկա մարդասիրական իրավունքի խախտում, օրինակ` գերիների հետ վատ վարվել, այլ անմարդկային վերաբերմունք` գերիների սպանություն, անզեն մարդկանց նկատմամբ զենքի կիրառում, ապա հակամարտության որեւէ կողմը, որը չի կատարել նման գործողություններ, անպարտ է օրենքի առաջ:
-Չմոռանանք, որ այդ գործողությունների ընթացքում մարդիկ են սպանվել:
-Պետք է իրավունքի տիրույթում լինենք: Նախ` այդ մարդկանց սպանել է ռեժիմը: Ես արդեն չգիտեմ զարմանքից բացի ուրիշ ինչ վերաբերմունք արտահայտել: Ես դեռ չեմ խոսում Գագիկ Մկրտչյանի դեպքի մասով, որը ամեն ողջամիտ մարդու համար պետք է ակնհայտ լինի, այնուամենայնիվ, կարող են լինել ուրիշ կարծիքներ, առնվազն Յուրա Տեպանոսյանի մասով ակնհայտ է, որ ինչպես մարտի մեկի ժամանակ սպանեցին Տիգրան Աբգարյանին, որպեսզի մեղքը գցեն բողոքող, ըմբոստացող ժողովրդի վրա, եւ արտակարգ դրություն մտցնեն, հետո նրան գնդակահարեն, նույն ձեռագրով, նույն մարդիկ եւ նույն ոճրագործ, ցեղասպան համակարգը կիրառեց այդ մեթոդը, որպեսզի հնարավոր լինի իր գործը առաջ տանել եւ ավելի ծանր մեղքեր բարդել ապստամբների վրա: «Այնուամենայնիվ, մարդ է մահացել» տրամաբանության մեջ մենք կարող ենք ասել, որ, այնուամենայնիվ, հայրենքից էինք զրկվում, այնուամենայնիվ, 100-ից ավելի երիտասարդներ ենք կորցրել պայմանավորված պատերազմի հետեւանքով, այնուամենայնիվ, 10 քաղաքացիների են գնդակահարել Երեւանի փողոցներում, այնուամենայնիվ, Հայաստանի ինքնիշխանությունը եւ Արցախը հանձնում էին Ռուսաստանին եւ Ադրբեջանին, այնուամենայնիվ, ցեղասպանություն էին կատարում եւ, այնուամենայնիվ, ցեղասպանություն կատարողների նկատմամբ հարկավոր է զենք վերցնել: Իսկ եթե զենք վերցնելու ընթացքում անմեղ մարդկանց, այդ թվում` շարքային ոստիկաններին, նույն ռեժիմը գնդակահարում է իր քաղաքական կեղտոտ, ստոր, հակամարդկային նպատակների համար, ապա պետք է, ըստ այդմ՝ քննություն կատարվի, եւ այդ մարդասպանները պետք է բացահայտվեն: Կեղծվել են եզրակացություններ փորձագիտական, կեղծվել են ապացույցներ, եւ, ընդհանրապես, կոնտեքստից դուրս քննություն է կատարվել. կարծես մի ակվարիումի հետ է այդ ամենը տեղի ունեցել: Ինչ-որ մարդիկ առավոտյան արթնացել են, զենք են վերցրել, գնացել են ինչ-որ շենք են գրավել, եւ չգիտենք` ինչու են դա արել. երեւի այդպիսի հակումներ ունեին: Ու հիմա հարկավոր է նրանց ուղղակի պատասխանատվության ենթարկել, որովհետեւ նման բան են արել: Մենք պետք է այս պարզունակ ընկալումների դաշտից դուրս գանք: Քաղաքական ազգ դառնալու հրամայականի առաջ ենք կանգնած: Հակառակ պարագայում մեզ հայրենազրկում եւ ցեղասպանություն է սպառնում:
-Դուք ասում էիք, որ Արցախում պետք է հեղափոխություն լինի, իշխանափոխություն: Նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020-ին չի դնելու իր թեկնածությունը: Այս դեպքում ե՞ւս հեղափոխության անհրաժեշտություն եք տեսնում:
-Հարցը Բակո Սահակյանը չէ: Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ, երբ Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը սխալ էր, Նիկոլը ճիշտ, դրանից հետո մեզ փորձում էին հրամցնել այն պարզունակ միտքը, որ` ի՞նչ եք ուզում, Սերժ Սարգսյանը գնացել է, հանգստացե՛ք եւ հաշտվե՛ք Կարեն Կարապետյանի հետ: Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը դրանք մարդիկ չեն, դրանք տեսակ են, երեւույթ, համակարգի բնույթը եւ էությունը արտացոլող երեւույթներ են: Քանի դեռ այդ տեսակը ղեկին է, նույն բանն է լինելու:
-Ընտրություններով հնարավոր չէ՞ ինչ-որ բան փոխել:
-Ոչ: Ինչպես որ Հայաստանում հնարավոր չէր, եւ մենք 2009 թվականից ասում էինք, գրեթե բոլորը մերժում էին այդ մոտեցումը եւ փորձում էին ընտրությունների միջոցով փոփոխության հասնել, չնայած որ իրենց աչքի առաջ մարտի 1 էր տեղի ունեցել, բայց էլի շարունակում էինք նույն պատմությունը: Բացի այդ, այսպիսի համակարգերում, երբ ռեժիմները զավթում են պետությունը, նրանք այն աստիճան են ամեն ինչ իրենցով անում, որ ամեն ինչ լինում է հսկողության տակ: Վկան 2017 թկավանի ապրիլի ընտրություններն էին, երբ շատ հեզասահ ամեն ինչ անցավ: Եվ եթե այդ տպավորությամբ ասենք, ապա ամբողջ ժողովուրդը քվեարկեց ՀՀԿ-ին, բայց նույն ժողովուրդը ուղղակի ոտնատակ արեց նրանց ընդամենը մեկ տարի հետո: Հիմա նույն բանը պետք է թույլ չտալ, որ Արցախում տեղի ունենա: Եթե մնա իրենց, ապա իրենք իրենց մեթոդներով այնպես կանեն, որ ունենան քվեների մեծամասնությունը, բայց դա քաղաքացիների կամքին ամենեւին չի համապատասխանելու: Ուստի թագավորը եւ չարչին վերհիշելու կարիքը կա, եւ այդ տրամաբանությունն է, որ պետք է ստի, կեղծիքի, հանցավորության ռեժիմից նախ ազատվել ժողովրդի կամքի պարտադրմամբ, ինչպես այստեղ եղավ: Այնտեղ ավելի հեշտ է դա անել: Մի քանի հազար մարդ եթե փողոց դուրս գա, դա կստացվի:
-Դուք նման գործընթաց եք սկսելո՞ւ:
-Բնականաբար: Բայց մենք չենք մտածում, որ միայն մենք ենք դա անելու: Արցախում կան առողջ ուժեր, առողջ մարդիկ, որոնք մտածում են, որ որոշակի սցենարային, մարտավարական տարբերություններով այս մեթոդով պետք է հեռացնել ռեժիմին:
-Ե՞րբ է լինելու նման բան:
-Այդ գործընթացը, ըստ էության, սկսված է: Անշուշտ, ակտիվ փուլում չէ: Երբ որոշումը կա, եւ որոշման մասին հայտարարում ես, արդեն կարող ենք նկատի ունենալ, որ սկսված է:
Իսկ եթե դա տեղի չունենա մինչեւ 2020 թվականը, ապա 2020 թվականի ընտրությունները պետք է օգտագործել այդ նպատակի համար:
-Բոյկոտելո՞ւ եք:
-Ոչ: Մասնակցել ընտրություններին` օգտագործելով դրա ընթացքը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը եղել է Ազգային Ժողովում։ Ըստ մեր հավաստի աղբյուրների` վերջինս գործադիրում պաշտոն է ստանալու։ Նշենք, որ Միրիջանյանը մասնագիտությամբ բժիշկ է, եղել է Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոս, ամբիոնի վարիչ, աշխատակազմի ղեկավար: 2015թ. նա նշանակվել էր առողջապահության փոխնախարար, մեկ տարի անց հեռացել: Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով Միրիջանյանը նշանակվել էր մարզպետ, սակայն հոկտեմբերի 2-ին` ԱԺ կանոնակարգ օրենքի աղմկահարույց փոփոխություններից հետո, երբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին ՀՀԿ նախաձեռնությանը, Փաշինյանը հայտարարեց կառավարությունից ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին հեռացնելու մասին, Միրիջանյանը եւս հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միրիջանյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է Ազգային ժողովում իր պատգամավոր ընկերներին տեսնելու համար, իսկ պաշտոն ստանալու մասով ասաց, որ նման առաջարկ դեռ չունի։ Հետաքրքրվեցինք` սպասում է արդյոք առաջարկի։
«Ցանկացած մարդ ցանկացած պահի ցանկացած բան կարող է սպասել, չէ՞։ Ճիշտն ասած` նման բան չեմ լսել։ Իմ անձի շուրջ շատ ասեկոսեներ կան, բայց պաշտոնի մասով հերքում եմ»,-ասաց նա։
Հարցրինք` պաշտոն ստանալու մասով հետաքրքրություններ ունի արդյոք։
«Ինձ համար պաշտոնը միշտ եղել է ոչ թե հետաքրքրություն, այլ պատասխանատվություն։ Պաշտոնը սեփականություն չէ։ Ես էլ միշտ ինչ պաշտոն զբաղեցրել եմ, ի շահ հանրության եմ ծառայել. կարծում եմ` անցած ուղին դա փաստում է»,-մեզ հետ զրույցում ասաց Միրիջանյանը:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԻՆԺԵՆԵՐԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ի անվտանգության գծով ինժեներ Արման Ավագյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ավագյանը, 2008թ. հուլիսի 18-ից մինչեւ 2009թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ի անվտանգության գծով ինժեների, իսկ 2009թ. ապրիլի 1-ից մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում` նույն ընկերության գլխավոր ինժեների պաշտոնները, «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ աշխղեկ Սամվել Եղոյանի կողմից կազմակերպված խմբի կազմում ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու համար է մեղադրվում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ այս գործով մաս կա անջատված, եւ գործով նախաքննություն է ընթանում, ուստի չի բացառվում, որ քաղաքապետարանի նախկին, միգուցե նաեւ ներկա այլ աշխատակիցներ եւս հայտնվեն ամբաստանյալի աթոռին:

 

 

ԳՆԱՑՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այս տարվա հունվար-փետրվարին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանից մեկնել եւ չի վերադարձել 6 հազար 538 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներից: Մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել էր 4466 ուղեւոր: Նշենք, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում: Բայց եւ փաստ է, որ նախորդ տարվա ընթացքում վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ ՀՀ ներգաղթ է արձանագրվել:

 

 

ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՎ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները վարկառուների ցուցակ են ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը, որն, ի դեպ, համակարգում է այս աշխատանքները: Այս թեմայի շուրջ ՀԿ ղեկավարը նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ աշխատողները խնդրում են միջամտել, որպեսզի ժամանակավոր կասեցվեն իրենց վարկային պարտավորությունները: Օլեգ Դուլգարյանը նշեց նաեւ, որ իրենց կազմակերպությանն այս պահի դրությամբ դիմել է 128 քաղաքացի: Նրա խոսքերով` դիմող քաղաքացիների թիվը դեռ շարունակում է աճել, քանի որ գործարանի մոտ 630 աշխատող վարկային պարտավորություններ ունի: «Մենք ակնկալում ենք ժամանակավոր կասեցնել տոկոսադրույքերի վճարները, եթե չզիջեն կամ չմիջամտնեն, մենք խնդիրը կհանրայնացնենք»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ «Թեղուտի» հանքավայրի աշխատողների վարկային պարտավորությունների կասեցման հարցով զբաղվում է «Թեղուտի վերաբացման նախաձեռնությունը», որին արդեն դիմել է 20 աշխատող:




Լրահոս