ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ 11 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ հայտնվել են ՀՀ արդարադատության նախարարի թիրախում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի, Ռուզաննա Հակոբյանի, Գոռ Հակոբյանի, Նախշուն Տավարացյանի, Վարդան Ավանեսյանի Ստեփան Միքայելյանի Տիգրան Պետրոսյանի, Սուրեն Անտոնյանի, Մամիկոն Դրմեյանի, Արտակ Բարսեղյանի նկատմամբ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին դիմում ներկայացրել, որ իր քաղաքացիական գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես այն, որ համատիրության կողմից տրված թերթիկը կեղծ է եղել, եւ դա պաշտոնապես պարզել են իրավապահները: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է քաղաքացու դիմումին ընթացք տային եւ ստուգեին, թե արդյոք նրա բերած դիմումը ճիշտ է, սակայն առանց քննության են թողել այն: Ու հիմա բանը հասել է դիվան բաշուն. կատարվածի մասին տեղյակ են պահել ՀՀ արդարադատության նախարարին, որն էլ կարգապահական վարույթ է հարուցել 11 դատավորների նկատմամբ:
Եթե ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնավորի, որ դատավորները թույլ են տվել խախտում, ապա պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ դատավորներին պատասխանատվության կանչելու համար:
Ու մինչ նախարարությունը դեռեւս քննում է դատավորների հարցը, մեզ հասած լուրերի համաձայն` կատարվածը նաեւ թեժ քննարկման առիթ է տվել դատավորների շրջանում, եւ կատարվածի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում: Մասնավորապես, վերջիններս սկսել են խոսել այն մասին, որ թող այն դատավորը կրի պատասխանատվությունը, որը զեկուցել է այս գործը: Մեզ հասած լուրերի համաձայն` զեկուցողը եղել է դատավոր Ստեփան Միքայելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նախ տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից մեզ փոխանցեցին նախարար Արտակ Զեյնալյանի պատասխանը. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Հետեւապես, որեւէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած կամ չհարուցած լինելու մասին բարձրաձայնումը հանդիսանում է օրենքի խախտում, այդ իսկ պատճառով թո՛ւյլ տվեք հարցն անպատասխան թողնել:
Այս հարցի շրջանակում մեկ կարեւոր շեշտադրում եմ ցանկանում կատարել. երբ օրենքն ամրագրում է որեւէ գործընթացի գաղտնիության ապահովման պահանջ, դա նշանակում է, որ գաղտնիությունը բխում է հասարակության շահերից: Գաղտնիքի վաղաժամ բացահայտումը անբարենպաստ հետեւանքներ է առաջացնում ինքնին հասարակության համար, որը դրսեւորվում է, օրինակ, արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, դատարանի եւ դատավորի նկատմամբ վստահության եւ հարգանքի նվազմամբ եւ այլն:
Գաղտնիքի վաղաժամ բացահայտման վերոնշյալ անբարենպաստ հետեւանքները կարող են առաջանալ նաեւ այն լրագրողի գործողությունների արդյունքում, որը գաղտնիության ապահովման օրենսդրական պահանջից շեղում է թույլ տալիս եւ օբյեկտիվորեն ոչ ամբողջական, երբեմն ասեկոսեների վրա հիմնված տեղեկություն է տրամադրում հանրությանը`այդպիսով խախտելով վերջինիս պատկանող գաղտնիքի իրավունքը, հատկապես որ որոշակի գործընթաց անցնելուց հետո տվյալ պահին գաղտնիք համարվող տեղեկությունը հանրայնացվելու է լիազոր պետական մարմնի կողմից»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ դատավոր Ստեփան Միքայելյանին, որն էլ ասաց. «Վարույթ չի հարուցվել. քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենք տվել: Ոչ մի իրավունք էլ չի խախտվել: Ինչ որ ասում են, դրանք կեղծիքներ են. ի՞նչ վախենալու խնդիր կա, ինչը ճիշտ է, դա էլ եղել է: խնդիրը կայանում է հետեւյալում. դատական ակտեր են եղել, դատական ակտերի արդյունքում այդ բողոքը ով դիմել է նախարարին, իր պահանջը մերժվել է, որից հետո սա քրեական գործով հասել է նրան, որ ապացուցվել է, թե ժամանակին այդ քաղաքացիական գործերով եղած ապացույցների մի հատը դիտվել է ոչ օրինական, ինչ-որ տեղեկանք եղել է ոչ օրինական, հիմա սա ասում է` գիտեք ինչ, քանի որ այդ տեղեկանքը կեղծ է եղել, նշանակում ա էդ պետք է դիտվի որպես նոր երեւան եկած հանգամանք նորից գործը վերսկսելու համար` մոռանալով մի բան, որ ժամանակին այդ ակտը կայացվել է, ոչ թե կայացվել է զուտ այդ տեղեկանքի հիման վրա, այլ եղել են նաեւ այլ ծանրակշիռ ապացույցներ, որոնք էլ հենց դրվել են դատական ակտերի հիմքում, որոնք իրենց իրավական ուժը պահպանում են»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼ Է
Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը մերժվել է: Նման որոշում հրապարակել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը: Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռ. Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո` Վերաքննիչ դատարան: Որոշման հրապարակումից հետո, Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի խոսքով, դատարանի այս որոշումը կբողոքակեն Վճռաբեկ դատարան:

 

ԱԼԵՀԱՎԱՔՆԵՐԸ ԿՄԱՔՐԵՆ
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով` այս փուլում ընտրվել է Ազատության հրապարակից դեպի աղեղնաձեւ հատված ընկած տարածքը. «Միակ չափանիշը, որն ընտրվել է այս փուլում` սրճարանների ապամոնտաժումը, կամ կանաչ տարածքի վերականգնման գործընթացը, դա Ազատության հրապարակից մինչեւ հաջորդ արահետը` աղեղնաձեւ տարածքը վերադարձնելն է: Նախատեսվում է թարմացնել Օպերայի շենքի գիշերային գեղարվեստական լուսավորությունը, նախատեսվում է նաեւ Օպերայի տանիքի վրայից մաքրել ալեհավաքները»:

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Գազավորված ըմպելիքներ արտադրողները երեկ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության դիմաց: Նրանք պայքարում են Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների դեմ: Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս եւ ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ, այսինքն` այդ հարկը ներառվելու է ըմպելիքի գնի մեջ: Սա նոր հարկատեսակ է, եւ այն ներմուծվում է շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով: Ակցիայի մասնակիցները մոտեցել են վարչապետի օգնական Նաիրի Սահակյանին եւ առաջարկել, որպեսզի վաղը տարբեր ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

 

 

ԲԱԽՎԵԼ ԵՆ
Երեկ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են եղել: Վթարի հետեւանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Խցանված է եղել նաեւ Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը: Վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2018թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ N զորամասից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Հարուցվել է քրեական գործ: Իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով` կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն: Այնուհետեւ, հանցագործության դեպքի մասին գիտակցաբար տրամադրելով կեղծ տեղեկատվություն` ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ինչից հետո մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով իրեն կցված դիպուկահար հրացանից 12 կրակոց է արձակել հակառակորդի ուղղությամբ` վատնելով իրեն տրամադրված ռազմամթերք հանդիսացող թվով 12 փամփուշտ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ 2 ԱՆՁԻ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարյան փողոցում` խաղասրահի մոտ, տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ովքեր եղբայրներ են, որոնցից մեկը` անչափահաս: Նախնական քննության տվյալներով` 2019թ. մարտի 13-ին Երեւանի Սարյան փողոցում` խաղասրահի մոտ, մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, վիճաբանել են խաղասրահի մոտով անցնող թվով 5 երիտասարդների հետ, որի ընթացքում որպես զենք գործադրվող մետաղական խողովակներով ծեծի են ենթարկել վերջիններիս` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող. նույն օրը ձերբակալվել է երկու անձ:

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Նախօրեին Բուռնազյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկել Պետրոս Հ.-ն: Երեւանի բնակիչ 35-ամյա Պետրոսը հունվարի 25-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժին հնչել էր հիվանդանոցային երկու ահազանգ: Ժամը 22?00-ի սահմաններում բժշկական կենտրոնից հայտնել էին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երեւանում ապրող 35-ամյա մի տղամարդ: Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս