«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Արդեն 2 օր է` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պաշտոնական հաղորդագրություններ (http://www.ccc.am/hy/1428493746/3/6039, http://www.ccc.am/hy/1428493746/3/6038) է հրապարակում՝ հիշատակելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը: Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած է, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է: Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»: «Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա է: Եւ ցանկացած սկսնակ իրավաբան հասկանում է, որ ՀՔԾ-ի իրավաբանական թիրախը ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, ով կամ ովքեր փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին, այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Ի դեպ, այդ հարապարակումը նրանք կարող էին անել այլ եղանակով՝ ընդհուպ թռուցիկներով կամ համացանցում տարածելով: Եւ այս դեպքում առնվազն տարակուսելի է ՀՔԾ-ի ուղղորդվածությունը հենց «Ժողովուրդ» օրաթերթի անունը հրապարակայնացնելու մասով: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը: «1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: 2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»: Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը գործով կողմ չէ, հետեւաբար ազատ է իր գործողություններում` հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ԶԼՄ մասին օրենքը: Ի՞նչ է արել «Ժողովուրդ» օրաթերթը. սո՞ւտ է հրապարակել, Ո՛Չ, զրպարտե՞լ է, Ո՛Չ, արատավորե՞լ է որեւէ մեկի բարի համբավը, Ո՛Չ: Ընդամենը հրապարակել է Մարտի 1-ի գերաղմկահարույց գործով ցուցմունքներ այն ժամանակահատվածում, երբ նախաքննության մարմինը՝ ՀՔԾ-ն, գործի նախքննությունն ավարտել է (http://www.ccc.am/hy/1428493746/3/5979) եւ այն ուղարկել է կողմերին՝ ծանոթանալու: Եւ այս դեպքում եթե առարկություն լինի, դա կարող է ունենալ միայն այն անձը, որի ցուցմունքները հրապարակվել են: Բայց այստեղ էլ ՀՔԾ-ին պետք է հիասթափեցնենք, որ նույնիսկ նրանք չեն կարող որեւէ բան առարկել, քանի որ հանրային գործիչներ են, նախկին առանցքային պաշտոնյաներ, եւ «Ժողովուրդ» օրաթերթն էլ սպասարկում է հանրային շահ՝ կարեւորագույն քրգործի մանրամասները հանրությանը հայտնելով: Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթե քրգործի հարուցման նկարագրական մասում նշվում է ֆիզիկական անձի (այդտեղ տեղավորվում է նաեւ իրավաբանական անձ ձեւակերպումը) գործողությունները, դրանով արդեն իսկ խախտվում է անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը: Այնպես որ, այժմ քննարկում ենք, թե երբ ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկենք դատարանում, քանի որ տարածված երկու հաղորդագրություններով խախտվել է անմեղության կանխավարկածը եւ արատավորվել օրաթերթի բարի համբավը: Հիմա դառնանք նախաքննական «գաղտնիք» կամ «տվյալ» ասվածին ընդհանրապես՝ արձանագրելով, որ հայաստանյան օրենսդրության որեւէ դրույթ չկա, որը սահմանում է, թե որն է նախաքննական գաղտնիքը կամ տվյալը: Եւ քանի որ չկա, հետեւաբար չենք կարող նաեւ պնդել, թե լղոզված իրավական այս հորձանուտում ինչն է թուլատրելի հրապարակել, ինչը՝ ոչ: Եւ ՀՔԾ հայտարարությունը, որտեղ գրեթե սպառնալիք կա, թե քրեական օրենսգրքի 342 հոդվածով նախատեսված՝ «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով», ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ Եվրոպայի` Մարդու իրավունքների դատարանը սահմանել է մի կարեւոր դրույթ, որ նախաքննական մարմինները կամայական չպետք է մեկնաբանեն նախաքննական գաղտնիք ասվածը: Ու եթե կամայական պիտի մեկնաբանենք, ապա մեղադրյալի անուն-ազգանունն էլ կարող է համարվել նախաքննական գաղտնիք, ինչը նշանակում է, որ նախաքննական գաղտնիքը մարտի 1-ի գործով բացահայտել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին` գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ, երբ բարձրաձայնեց նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:
Հ.Գ. ՀՔԾ-ն, մեր մասին հաղորդում տարածելով, ներքեւում հատված է մեջբերել.
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սակայն հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե ով է մեղադրյալը կամ կասկածյալը. գուցե արդեն ՀՔԾ-ն մեզ համար նախատեսել է մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճա՞կ»:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
88 ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔ` 88-Ի ԱՂԵՏԻՑ
88թ. աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ վթարային շենքեր կան: Դրանց թիվը հասնում է 88-ի: 100-ավոր ընտանիքներ ապրում են` վախը սրտերում: Հաճախակի փլուզումներն էլ դարձել են սովորական երեւույթ:
Գյումրու Անտառավան թաղամասի թիվ 26 շենքում վերջին երեք օրում փլուզման մի քանի դեպք է գրանցվել: Շենքում ապրող 10-ը ընտանիքներին զգուշացվել է, որ շենք մտնելը գոնե սկզբնական օրերին վտանգավոր է, բայց բնակիչները գնալու տեղ չունեն, ստիպված փլուզումից ժամեր անց մտել են բնակարաններ ու շարունակել ապրել: Շենքի շքամուտքային հատվածները, պատշգամբները ամբողջությամբ փուլ են եկել: Քարաթափումները հատկապես վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել:
«30 տարի վախով ենք ապրում: Ամեն անձրեւին ու քամուն արդեն գիտենք, որ հիմա մի քար կընկնի: Երեխաներին դուրս չենք թողնում, որ փորձանք չլինի: Բայց մինչեւ ե՞րբ: Այս շենքերից ոչինչ չի մնացել: Երկրաշարժ տեսած շենքեր են: 2-3 բալ երկրաշարժ լինի, շենքը հողին կհավասարվի»,-ասում է Գյումրու թիվ 26 շենքի բնակիչներից մեկը:
Անտառավան թաղամասի շենքը կառուցվել են 1976 թվականին: Տասնամյակներ առաջ իրենց ամրությամբ շենքերը Գյումրիում առաջին տեղում էին: Բայց ոչ հետեւողականության հետեւանքով շենքերը տարիների ընթացքում քայքայվեցին ու բնակության համար դարձան ոչ պիտանի:
Գյումրու վթարային շենքերի խնդիրը նոր չէ: Բնակիչները ամեն փլուզման ժամանակ դժգոհում են, պահանջում խնդրին լուծում տալ, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Դա է պատճառը, որ այդ շենքերը վթարայնության 3-րդ աստիճանից հասել են 4-րդ աստիճանի:
Վթարային շենքերի բնակիչները Շիրակի մարզետարանում պահանջել են խնդրին հրատապ լուծում տալ: Շիրակի մարզպետարանի Բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը բնակիչներին հորդորել է մարզպետարան ներկայացնել բոլոր փաստաթղթերը: Կիրակի օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զրուցել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Վերջինիս հրահանգով` հատուկ մասնագետներ են եկել ու ուսումնասիրել բնակարանը: Միայն 3 օր հետո պարզ կլինի` շենքը տեխնիկական ինչպիսի վիճակում է: Մենք նույն բանը ասացինք բնակիչներին, հանգստացրինք ու տուն ուղարկեցինք, հիմա սպասում ենք եզրակացության արդյունքներին»,- ասաց Շիրակի մարզպետարանի բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:
Բնակիչներն այժմ սպասում են մասնագետների եզրակացությանը: Եթե պարզվի, որ թիվ 26 շենքը այլեւս վտանգավոր է բնակության համար, 10-ը ընտանիք կտարհանվեն, ուսումնասիրությունների արդյունքների փաթեթն էլ կուղարկվի կառավարություն: Բայց առկախ կմնան մյուս վթարային շենքերի ճակատագրերը, որտեղ եւս ժամանակ առ ժամանակ փլուզումներ են տեղի ունենում:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Տեւական ժամանակ է, ինչ Հարկային նոր օրենսգրքի շրջանառության դրված փոփոխությունները քննադատվում են բիզնես շրջանակում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
-Վերջին շրջանում հատկապես գործարարների կողմից քննարկվում են Հարկային նոր օրենսգրքի փոփոխությունները: Շատերը դժգոհում են: Արդյոք տեղի՞ն են նրանց դժգոհությունները, թե՞ ոչ:
-Շատ դեպքերում տեղին են: Ես կարծում եմ, որ զուտ մասնագիտական առումով թերություններ կան, որովհետեւ, նախ, ամբողջական պատկեր չկա, թե ինչպիսի հարկային քաղաքականության բնագավառում ինչ քայլեր է կատարելու կառավարությունը: Եւ զգացվում է, որ բոլոր վերջնական բացատրությունները կամ հիմնավորումները, որոնք ներկայացվում են, բավարար չեն, որովհետեւ դրանց հիմնական նպատակը ունի ֆիսկալ, այսինքն` բյուջեի եկամուտներ ապահովելու բնույթ: Իսկ ես կարծում եմ, որ առաջնային պետք է լիներ տնտեսության զարգացում ապահովելը: Բայց քանի որ, չգիտես ինչու, այդպես է լինում, գործադիր մարմնում բոլորի համար կարեւոր խնդիր է լինում այդ պահին գումար ունենալ, աշխատավարձ, թոշակ, նպաստներ վճարելը: Ես այդ սկզբունքին դեմ եմ, որովհետեւ այդ պահին եթե այդ խնդիրը լուծում են, վաղը կամ հաջորդ օրը ուղղակի կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են: Այսինքն` այդ նույն արտադրողները վաղը կփակվեն, հարկերը չեն հավաքվի: Այդ դժգոհությունները հենց դրանով են պայմանավորված: Վերջնական հաշվարկ, ցավոք, չի կատարվել:
-Գազավորված ըմպելիք արտադրողներն արդեն բողոքի ակցիաներ են անում: Իսկ իրենց բողոքը ե՞ւս համարում եք տեղին:
-Լիարժեք: Ես լսել եմ իրենց հիմնավորումները, որ Ֆինանսների նախարարության կամ կառավարության կառույցի պատասխանատուների ներկայացրած հիմնավորումները ամբողջական չեն եւ նույնիսկ ինչ-որ առումով սխալ են ու ոչ հավաստի: Արդյունքում, այդ օրենքի կիրառման դեպքում շուկան կմենաշնորհացնենք, որովհետեւ այդ փոքրերը դուրս կգան, եւ կմնան երկու գլխավոր խաղացող` «Պեպսի Կոլա» եւ «Կոկա Կոլա», որոնք օգտագործում են շաքար:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ