Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը տեւեց ավելի քան 4 ժամ: Հնչած հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը: Հատկապես այս հարցում Փաշինյանը բավական պատրաստված էր ներկայացել ասուլիսին. անդրադառնալով Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու թեմային եւ այն դիտարկումներին, որ դա դիտվում է որպես բանակցային ձեւաչափի փոփոխություն` նա տարեթվերով եւ ամսաթվերով մատնացույց արեց բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն` Արցախը միշտ էլ եղել է բանակցային կողմ, եւ հիմա ոչ թե ձեւաչափ է փոխում, այլ վերականգնում: Նա նույնիսկ լրագրողներին ցուցադրեց դրանք:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախը ներգրավելու` Հայաստանի առաջ քաշած օրակարգը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ Ադրբեջանի համար»,- նշեց վարչապետը` իր խոսքում ընդգծելով, թե բոլորն էլ գիտեն` ով է Արցախը դուրս մղել բանակցային գործընթացից:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետից հետաքրքրվեց Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների նիստում իր հնչեցրած մի մտքի հետ կապված: Մասնավորապես, նա նշել էր, որ առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ինչպես է դա պատկերացում, եւ այժմ այս ձեւով սկզբունքները ընդունելի են, թե ոչ:
«Մենք ունենք տեքստ եւ ունենք տեքստի տասնյակ մեկնաբանություններ: Եվ, ընդ որում, այդ մեկնաբանություններն արվում են պետական մակարդակով: Ես իմ տեքստում ասեցի, որ շատ կարեւոր է` հասկանանք` ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում: Էն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը հայտարարված սկզբունքների վերաբերյալ, մեզ համար անընդունելի են: Մենք, իհարկե, կարող ենք մեր մեկնաբանությունն ասել, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, որովհետեւ մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ: Մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի ներկայացուցիչները, Հայաստանի ներկայացուցիչները, Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանանք` այդ սկզբունքները ինչ են նշանակում, եւ ինչ կարող են նշանակել գործնականում», – մեր հարցին ի պատասխան` նշեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը. 2011թ. հունվարի 14-ին հանդես գալով մամուլի ասուլիսում` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ գոյություն ունի կարգավորման երեք սկզբունք:
– ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում;
– ինքնորոշման իրավունք;
– տարածքային ամբողջականություն:
Նալբանդյանը նշել էր նաեւ վեց տարր, որոնք առաջարկվել են կողմերին միջնորդ երկրների կողմից.
1. Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;
2. մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;
3. պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը;
4. բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձը անվտանգության միջազգային երաշխիքների ապահովումից հետո;
5. անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, այդ թվում` միջազգային խաղաղապահների ներկայություն;
6. տարածքների վերադարձ:
Նալբանդյանը նշել էր, որ վերջին տարրը չի հստակեցնում, թե ինչ տարածքների մասին է խոսքը:
Հակամարտության կարգավորման այս սկզբունքների եւ տարրերի մասին բազմիցս խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների նախագահներն իրենց հայտարարություններում: Բավական է հիշել Լ՛Աքվիլլայի, Հանթսվիլի հայտարարությունները:
Եվ հետաքրքիր է, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, թե այս ուղղությամբ տեղեկատվություն ստանալու առումով շատերի հետ է զրուցում եւ զրուցել, վարչապետ դառնալուց հետո հանդիպել էր հենց Էդվարդ Նալբանդյանին: «Ես նոր մարդ եմ բանակցություններում, ես ուզում եմ հասկանալ` ով է ճիշտ, ով սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո արտաքին գործերի նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մենք խնդրել ենք, որ նա գա եւ որոշակի տեղեկություններ հաղորդի, եւ այս գործընթացը շարունակվում է: Ես` որպես նոր մարդ բանակցություններում, ունեմ բազմաթիվ հարցեր բոլորին եւ նույնիսկ երկրների ղեկավարների հետ այդպիսի հարցեր եմ քննարկում: Այն, ինչի մասին խոսում ենք, ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն», – ընդգծել էր վարչապետը:
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը դժվարացավ ասել, թե երբ տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը, սակայն հստակ հայտարարեց, որ ինքն այդ բանակցություններում ներկայացնելու է միայն Հայաստանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԾՐԱԳՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում հերթով քննարկվելու է կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքի մասին զեկույցը: Խոսքը դեռեւս 2018 թվականի հունիսին ընդունված կառավարության ծրագրի մասին է: Եվ քանի որ սա պարզապես զեկույց է, ապա այն ԱԺ-ում քվեարկության չի դրվելու, այլ ընդունվելու է որպես ի գիտություն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` զեկույցը խորհրդարանում ներկայացնելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ պատգամավորները հնարավորություն են ունենալու նաեւ նրան հարցեր ուղղել: Եվ չնայած զեկույցը կազմվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, մենք տեղեկացանք, որ անձամբ վարչապետն է ցանկացել ներկայացնել զեկույցն ու լսել դիտարկումները:
ՉԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ
Նախորդ գումարման խորհրդարանը 2018 թվականի փետրվարի 9-ին 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը եւ հարակից ներկայացված այլ նախագծեր: Ըստ փոփոխության՝ փաստաբանները, դատախազները, քննիչները, դատավարության մասնակիցները եթե վիրավորեն դատարանին, ապա դատարանն իրավունք ունի կիրառել պատիժ՝ մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանք:
Օրենսդրական փաթեթը` փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու վերաբերյալ, ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով այս փաստին, հայտնեց. «Փաստաբանների պալատը դեռեւս 2018թ. մայիսի 23-ին պաշտոնապես դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին` խնդրելով օժանդակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում: 2019թ. փետրվարի 12-ին Փաստաբանների պալատը դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ պատգամավորներին, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Դավթյանին: Պատգամավոր Արթուր Դավթյանը հանդես է եկել փաստաբանների նկատմամբ դատական տուգանքները վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն: Հուսով ենք, որ ՀՀ Ազգային ժողովը կվերացնի փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ սահմանող նորմերը»: Իսկ, ահա, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով գործընթացին, ասաց. «Առաջին հայացքից լավ է, բայց իրականում դա փաստաբանների նկատմամբ պալատի ճնշման լծակների պահպանումն է, քանի որ փաստաբանին կարող է տուգանել նաեւ պալատը, ես, ամեն դեպքում, կողմ եմ, որ դատական տուգանքը վերանա»։
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՀԵՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլեւս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով երկրի անվտանգության խորհրդի նախագահի եւ իշխող՝ «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի եւ զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաեւի անգերագնահատելի դերակատարումը եւ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը: Փաշինյանը հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաեւին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում վերհանված թերությունների եւ խախտումների մասին ամփոփ վերլուծությունը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում եւ ներկայացվել նախարարություն:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ես կարծում եմ, որ ավելի շատ մեր տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան Սահմանադրական փոփոխությունների. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին` իշխող քաղաքական ուժն արդյոք առաջիկայում նախատեսում է սահմանադրական բարեփոխումներ, Փաշինյանը պատասխանել է. «Այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, այդ շրջանակի վերաբերյալ, այո, որոշակի քննարկումներ կան: Մասնավորապես, մեր Սահմանադրության մեջ այսօր Սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանափակումներ կան, եւ մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները մանավանդ այսօր մեր համազգային օրակարգի համատեքստում պատեհ չեն, եւ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ կան անելու»: Ըստ նրա` այժմ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա: Ճշտող հարցին` ունե՞ք նախանշված որոշակի փոփոխություններ, որոնք պատրաստվում եք իրականացնել Սահմանադրական փոփոխություններով, Փաշինյանը պատասխանել է. «Հնարավոր է` լինեն դրույթներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել իրենց նախընտրական ծրագրի այնպիսի կետերի իրականացման համար, որոնք շատ կարեւոր են, եւ որոնք ժողովրդի հավանությանն են արժանացել: Եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, կաշխատենք»:
ՄԱՐՏԻ ՍԿԶԲԻՑ
Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Բարենպաստ եղանակով պայմանավորված` այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես շատրվան, ժամը 20:00-ից երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով: