Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկեցավ, որ ընկերություններին դեռ չեն վճարվել կատարած աշխատանքների դիմաց անհրաժեշտ գումարները:
Դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում պետք է հիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները լուսավորվեն խնայողական լամպերով: Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցվեց: Բանն այն է` թավշյա հեղափոխությունից հետո մարզային նոր իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին: Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող խումբը փոփոխվեց, եւ այն սկսեց ղեկավարել արդեն նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած սրան, մոտ 7 ամիս է, ինչ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցված է, իսկ աշխատանքային խումբը արդեն երրորդ անգամ է փոփոխվել: Պարզվում է` շինարարական ընկերությունների կողմից իրականացված բազալտե եզրաքարերի տեղադրումը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին: Այսինքն` ԳՕՍՏ-ին չի համապատասխանել: Նկատենք, որ, ըստ մասնագետների, ԳՕՍՏ-ի այդ ստանդարտները խորհրդային տարիներից են եւ Հայաստանի անկախացումից ի վեր դրանք չեն փոփոխվել, չեն նորացվել: Եթե այդ ստանդարտներին հետեւենք, ապա Հայաստանում բազմաթիվ փողոցների բազալտե եզրաքարեր պետք է փոխվեն:
Արդյունքում այն ընկերությունները, որոնք շահել են փողոցների բարեկարգման, բազալտե եզրաքարերի շարման վերաբերյալ մրցույթները, այսօր խիստ մտահոգված են. չեն ստացել կատարված աշխատանքի դիմաց վճարները: Ունեն վարկային մեծ պարտավորություններ, որոնք պետք է մարեն, այդ աշխատանքներում ներգրավված աշխատողներին աշխատավարձեր չեն կարողանում տալ: Բայց, չգիտես ինչու, այս գործընթացը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է ե՛ւ մարզային, ե՛ւ քաղաքային իշխանությունների կողմից:
Օրինակ` «Սիսիան ԲՈՒԱՏ»-ի աշխատակիցը, որը խնդրեց չնշել իր անունը, «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ դեռ չեն վճարել կատարած աշխատանքների դիմաց: Նրա խոսքերով` լաբորատոր հետազոտության արդյունքները եկել են, ամեն բան նորմալ է եղել, ուղղակի ԳՕՍՏ-ի ստանդարտները պետք է փոխվեն: «Ամբողջ Սայաթ-Նովայի փողոցի, Բաղրամյան, Իսակովի պողոտաների եզրաքարերը մեր ընկերությունն է շարել, ինչ-որ նոր մարդիկ են եկել ու իրենց են ցույց տալիս: Այն ժամանակ անորակ չէր, հիմա անորա՞կ է: Նման բան չկա: Ստիպված գնում, վարկ են վերցնում ընկերությունների սեփականատերերը ու բերում իրենց պարտքերը մարում: Օրինակ` «Մերձմոսկովյան» ընկերությունը իր մասով սահմանված ամբողջ ճանապարհի վերակառուցումը վերջացրել է, բայց դեռ գումար չի ստացել: Ընկերությունները վնասներ են կրում, կոպիտ ասած` տոկոսների տակ ճռում են»,- վրդովվեց «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության աշխատակիցը: Մյուս ընկերությունների աշխատողների խոսքերով` ստեղծված իրավիճակը եթե մեկ օր առաջ լուծում չստանա, ապա նրանք կարող են ֆինանսական խնդիրների պատճառով բռնել սնանկացման ճանապարհը, ինչ է թե` մի քանի պետական գործչի սրտով չի եղել խորհրդային տարիներից ժառանգած ԳՕՍՏ ստանդարտները:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է ընկերություններին աշխատանքների դիմաց վճարման ձգձգման պատճառը: Հարցին ի պատասխան` Պետրոսյանն ասաց. «Շիրակի մարզպետարանն այդ գործառույթի հետ որեւէ կապ չունի: Այսինքն` ծրագրի իրականացման հանձնաժողով է եղել, որում ժամանակին նաեւ նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանն է ներգրավված եղել, այդ փուլում իրենք խնդիրներ են տեսել` շինարարության որոշակի կոմպոնենտների հետ կապված: Բայց դա չի նշանակում, որ մարզպետարանը ձգձգում է աշխատանքները: Այդ հարցով դիմե՛ք Գյումրու քաղաքապետարան, դա ուղղակիորեն իրենց տիրույթում է, մենք այս փուլում չենք մասնակցում այդ գործընթացներին»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` որպես մարզպետ արդյոք տեղյակ է, որ ընկերությունները դեռ չեն ստացել իրենց կատարած աշխատանքների դիմաց գումարները, կամ ծանոթ է լաբորատոր հետազոտության արդյունքներին, մարզպետն ասաց. «Այս հարցին պատասխան տվողը Գյումրու քաղաքապետարանն է: Ես չեմ ստացել այդ արդյունքները, չեմ տիրապետում ինֆորմացիային: Այս փուլում համագործակցության բովանդակային նոր քննարկում, նոր ձեւաչափ չունենք»:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի պատասխանները ստանալ նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից: «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել: Չեն ավարտել աշխատանքները, եթե ավարտում են դրանք, ապա կատարողական են ներկայացնում»,- արձագանքեց Բալասանյանը:
Մենք քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ բազալտե եզրաքարերի լաբորատոր փորձաքննության արդյունքներից, որը անցած տարվանից է տրվել: «Ես, ճիշտն ասած, դա իմ խնդիրը չէ, այլ քաղաքաշինական կոմիտեի, տրանսպորտի նախարարության… ընդհանուր կառավարության խնդիրն է: Ընդհանուր համակարգի խնդիր է, թե ինչ ԳՕՍՏ-ով պետք է աշխատեն` բազալտի եզրաքարերի հետ կապված»,- արձագանքեց Գյումրու քաղաքապետը:
Ի դեպ, վարչապետը, իր երեկվա մամուլի ասուլիսին անդրադառնալով Գյումրու փողոցների անբարեկարգ վիճակին, հայտարարեց, որ այդ հարցով կզանգի Գյումրու քաղաքապետին: «Ժողովուրդ» օրաթերթը Բալասանյանից հետաքրքրվեց` արդյոք զանգ ստացել է վարչապետի կողմից. «Կզանգի, դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որեւէ խնդիր չկա: Այնպես որ մենք էլ ոչ էլ կախարդական փայտիկ ունենք, որ միանգամից կառուցենք: 3 տարվա ծրագիր է, կսարքենք, կվերջացնենք, Դուք էլ կգաք, գեղեցիկ քաղաքը կտեսնեք: Վարչապետն էլ ասեց` փողը կա, նախագծերը կան, շինարարները կան, ինչի՞ մասին է խոսքը, այ մարդ: Կան այնտեղ որոշ հանգամանքներ, որոնք վերջնական պարզաբանման կարիք ունեն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: Թե չէ` կախարդական փայտիկ որեւէ մեկը չունի այս երկրում, որ խփի ու ասի` փողոցները ասֆալտապատվեցին, աշխատատեղերը ստեղծվեց, գումարները եկան, գնացքները գնացին: Այդպես չէ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ
Հայաստանում ռեգբիի ֆեդերացիայի գործունեությունը սառեցված է, սական ֆեդերացիայի նախագահ Յուրի Բեգլարյանի պնդմամբ` այս մարզաձեւը ՀՀ-ում ունի զարգացման նախադրյալներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրի Բեգլարյանը նշեց, որ մեծ հույսեր կան նոր կառավարությունից, իսկ ռեգբին իրոք Հայաստանում ունի աճելու նախադրյալներ:
Պարոն Բեգլարյանի խոսքերով` ռեգբին թեեւ Հայաստանում հիմա սառեցված վիճակում է, եւ այնպիսի տպավորություն է, որ այս սպորտաձեւը հայերին հարկավոր չէ, սակայն, ըստ նրա, իրականում այդպես չէ: Ֆեդերացիայի նախագահն ասաց, որ այժմ ամեն ինչ կախված է Օլիմպիական կոմիտեի եւ պետության մոտեցումներից: Ըստ նրա` Հայաստանում կան նախադրյալներ ռեգբիի զարգացման, սակայն չկան պայմաններ. «Եթե պետության կողմից լինի աջակցություն, ապա մենք ամենաշատը 1 տարվա ընթացքում կկարողանանք հավաքել լավ թիմ»:
Բեգլարյանը նաեւ նշեց, որ ունենք լավ մարզիկներ, որոնք կարող են ընդգրկվել ռեգբիի հավաքականում. «Մեր հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, եւ մենք ունենք ուժեղ ռեգբիիստներ: Փորձեք հիմա թերթում հայտարարություն տարածել, որ հարկավոր են ռեգբիիստներ, եւ տեսեք, թե ինչ թիմ կհավաքվի» (կատակում է-Է.Մ. ):
Ամեն դեպքում, պարոն Բեգլարյանի խոսքերով` այս սպորտաձեւը ապագա ունի Հայաստանում, սակայն չկան պայմաններ, կա մարզադաշտերի հետ խնդիր, որոնք հանգեցրին սառեցմանը: Նա նաեւ հավելեց, որ թավշյա հեղափոխությունից ու նոր կառավարության ձեւավորումից հետո կան հույսեր, որ պետությունը ուշադրություն կդարձնի ռեգբիի վրա եւ ամեն ինչ կանի, որ սպորտաձեւը վերելք ապրի. «Հիմա սպասողական վիճակ է, հույս ունենք, որ պետությունից արձագանք կլինի, եւ դրանից հետո արդեն պատրաստ եմ պատասխանել բոլոր մյուս հարցերին հիմա»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ