ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում

Հավանաբար կատուն նույնպես շտապում է աշխատանքի. առավոտյան նա նստել է կայարանի նստարանին եւ սպասում է գնացքի ժամանելուն:

 

 

 

ՀԱՐՑ. Եռամսյակային հրատապ օգնություն ո՞ւմ է տրամադրվում: Ուզում եմ իմանալ, թե ով է նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:

Ռիմա Ջիլավյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար: Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.
1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ; 2) երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ; 3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչ տուգանք է սահմանված վարձու աշխատողների, նրանց` վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին տեղեկությունը չներկայացնելու դեպքում, եթե գործատուն սոցվճարներ չի կատարում:

Օնիկ Գրիգորյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Գրիգորյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով` եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց` վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին:
Հայտնում ենք, որ այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տարեկան արդյունքներով հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը անհատ ձեռնարկատիրոջ (ձեռներեցի) կողմից ներկայացվում է մինչեւ օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը:




Լրահոս