ԱՊՕՐԻՆԻ ՀՈՂԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ՆԱԵՎ ԲՌՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ունեն ապօրինի սեփականաշնորհված հողեր կամ այլ գույք, եւ կոչ արեց այն վերադարձնել պետությանը: «Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ եւ Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարածք չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, եւ պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։ Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լինել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը»,- նշել էր վարչապետը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ ապօրինի հողատարածքներին: Դուք` որպես հանձնաժողովի նախագահ, տեղյա՞կ եք` արդյոք շատ են նման տարածքները:
-Չեմ կարող հստակ թիվ ասել, բայց իսկապես կարծում եմ, որ նման դեպքերը շատ են: Բայց չեմ կարող ասել, թե հստակ ինչ թվերի մասին է խոսքը, քանի որ մանրամասների չեմ տիրապետում: Դա ավելի շատ քննչական մարմինների աշխատանքն է, բայց, կարծում եմ, նման դեպքերն իսկապես շատ են:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանք պետք է լինի, եթե վարչապետի կոչին հետեւողներ չլինեն:
-Շատ լավ կլինի, եթե հետեւեն եւ ինքնակամ հրաժարվեն, բերեն, հանձնեն գույքը պետությանը: Իսկ եթե ոչ, չլինեն, ապա կարծում եմ, որ քննչական մարմինները պետք է դա դարձնեն իրենց հիմնական գործառույթը: Եվ երեկ վարչապետը կրկին խոսեց անցումային արդարադատության մասին, եւ այդ կոչը վարչապետի, որը վերաբերում էր ապօրինի հարստացած միջոցներին եւ դրանք վերադարձնելուն, նաեւ անցումային արդարադատության տրամաբանության շրջանակներում է:
Բայց եթե կամավոր գործընթաց տեղի չունենա, ապա պետք է արդեն իրավապահ համակարգը ամբողջությամբ այս ուղղությամբ աշխատի, որովհետեւ քաղաքական կամքը երկրին վերադարձնել ժողովրդից ապօրինի վերցված միջոցները, քաղաքական ղեկավարության մոտ առկա է:
-Հիմնականում հայտնի է, որ այդպիսի սեփականաշնորհված հողեր ունեցել են բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին ղեկավարները: Նույն Մեղրիի անցակետի դեպքում շրջանառվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը:
Այսինքն` կարծում եք` այդպիսի մարդիկ ինքնակամ պատրաստ կլինե՞ն վերադարձնել դրանք:
-Եթե մի քանի օրինակ ունենանք ինքնակամ վերադարձնելու կամ ոչ ինքնակամ վերադարձնելու, կարծում եմ, որ գործընթացը կգնա, եւ մարդիկ կհասկանան, որ ինքնակամ չվերադարձնելու դեպքում բռնի վերադարձի տարբերակները կքննարկվեն:
Այսինքն` կարծում եմ, որ, այո, եթե մենք ունենանք օրինակներ, մենք դրանից հետո ինքնակամ վերադարձի դեպքեր շատ կունենանք:
-Նախկինում այդ դեպքերը կատարվել են ղեկավարության հովանու ներքո, հիմա հանրությունը կարո՞ղ է հանգիստ լինել, որ ապօրինի դեպքեր չեն լինի:
-Չեն հանդուրժելու նորերը, դա միանշանակ, եւ նախկինում նման ձեւով սեփականություն կուտակած մարդկանց եւս: Այսինքն` հիմա թույլ չեն տա նոր դեպքեր եւ չեն հանդուրժելու նախկին դեպքերը թաքցնելը:
-Դուք` որպես հանձնաժողովի նախագահ, այդպիսի դեպքեր, անձանց ունե՞ք Ձեր առջեւ, թե՞ ոչ:
-Ես հիմա չեմ կարող հիշել նման դեպքեր: Դրանք շատ հենց իրենց անուններով գրանցված չեն լինում, այլ իրենց մերձավորների անուններով: Դրա համար այդ ավելի շատ քննչական մարմինների խնդիրն է:
Դա համատարած պրոցես է, սեփականաշնորհման գործընթաց է եղել կապիտալի նախասկզբնային փուլում: Խորհրդային միության փլուզումից հետո այդ մեծ արտադրական հզորությունները դեռ այն ժամանակ քաղաքական վերնախավի կողմից սեփականաշնորհվեցին, եւ այդ գործընթացը տեղի ունեցավ աղաղակող պրոբլեմներով:
Եվ մինչեւ այդ գործընթաց պետք է հետ գնալ եւ հասկանալ, թե ինչպես ենք վերականգնում ժողովրդից գողացածը եւ վերադարձնում պետությանը:
-Այսինքն` այդքան հետ պետք է գնա՞լ:
-Այո, ավելի մեծ ժամանակ եւ մեծ շրջանակ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՂԹԵՑ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Ինչպես հայտնի է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա, վարույթ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էթիկայի հանձնաժողովը եզրակացություն է տվել առ այն, որ Սանասարյանը խախտել է էթիկայի կանոնները:

Հիշեցնենք` 2019 թվականի հունվարի 17-ին այս հարցով հանձնաժողով դիմում է ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որով հանձնաժողովին խնդրել էր ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ: Ըստ Արամ Սիմոնյանի` Երեւանի պետական համալսարանում Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2018 թվականի հուլիսի 30-ից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցնում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների:
Խոսքը Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունների մասին էր, թե «Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում եւս: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց, նախնական տվյալներով, երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ»: Այս խոսքերից հետո ԵՊՀ ղեկավարությունը Դավիթ Սանասարյանից պահանջեց հրապարակել փաստաթղթեր կամ չզբաղվել մոլորեցնելով, սակայն դրանից հետո որեւէ բան չհրապարակվեց ՊՎԾ-ի կողմից:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էթիկայի հանձնաժողովն ավարտել է այս գործով վարույթն ու ընդդեմ Սանասարյանի որոշում կայացրել: «ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ին ՀՕ_172-Ն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է` իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»,- ասված է հայտարարությունում:
Դավիթ Սանասարյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չպատասխանեց մեր զանգերին ու հաղորդագրություններին: Իսկ ՊՎԾ խոսնակ Զ. Մեջլումյանը խոստացավ որոշմանն առաջիկայում ծանոթանալուց հետո հանդես գալ պարզաբանմամբ:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՐԺԵԼ Է
ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանն արդեն մի քանի օր է` ոստիկանների ուղեկցությամբ է դպրոց մտնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ այս խնդրի շուրջ քննարկում է տեղի ունեցել, բայց ուսուցիչները վրդովված են դուրս եկել, քանի որ մարզպետը հրաժարվել է կատարել նրանց` նոր տնօրենին հեռացնելու վերաբերյալ պահանջը: Տեղեկացնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ դպրոցում դասադուլ է. դպրոցի սաները ծնողների եւ ուսուցիչների հետ միասին պահանջում են տնօրենի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դասադուլը իրականացվում է` ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Ռեգինա Սիմոնյանի, ում նոր տնօրենը հորդորել է ազատման դիմում գրել: Ըստ որոշ տեղեկությունների` դպրոցի նոր տնօրենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց կապ հաստատել նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ: Փոխարենը նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ իր նշանակումը ուղղորդված չէ, ապա իր դեմ իրականացվող ակցիաների մեջ մեղադրել է փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանին եւ ուսուցիչներից Կարինե Փամբուկյանին:

 

 

ԼՈՒԾԱՐՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստին կլուծարի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ լիազորությունների իրականացումը կվերապահվի Գյուղատնտեսության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնարկի` աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոններում: Հակառակ դեպքում կպահպանվի նրանց վարձատրությունը:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կիրակի օրը օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հերթական անգամ ֆուտբոլ կխաղան, սակայն այս անգամ այն տարբերվելու է, քանի որ եթե նախկինում մրցում էին գործադիր մարմնի անդամների հետ, ապա այս անգամ պատգամավորների մրցակիցները կլինեն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Տեղեկացանք, որ պատգամավորական թիմում ընդգրկված են լինելու Մխիթար Հայրապետյանը, Ռուստամ Բաքոյանը, Երջանիկ Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ այլք: Հավելենք, որ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆուտբոլ կխաղան նաեւ գործադիրի ներկայացուցիչների հետ:




Լրահոս