ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՉ «ԷՆԵՐԳԻՉՆԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարարությունների օպտիմալացումից եւ դրանց թվի կրճատումից հետո մի քանի նախարարություն կա, որոնք առայժմ գործում են պաշտոնակատարների ղեկավարմամբ: Դրանցից մեկն էլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն է, որի առաջին տեղակալը Գարեգին Բաղրամյանն է:

Նա հետհեղափոխական կառավարությունում որպես նախարար պաշտոնավարում է անցյալ տարվա հոկտեմբերից: Երբ կառավարությունը հրաժարական տվեց, եւ նախարարները ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ձեռք բերեցին, մամուլը գրեց, թե Բաղրամյանն իրեն կոմֆորտ չի զգում զբաղեցրած պաշտոնում եւ թախանձում է «իր հագով» մեկ այլ պաշտոնի կարգվել: Ինքը` Բաղրամյանը, սակայն, հերքեց իր մասին ստեղծված տպավորությունը եւ հակառակը պնդեց. իրեն շատ էլ հարմարավետ է զգում, ունի բազմաթիվ ծրագրեր եւ աշխատում է առանց սպասողական վիճակի: Բայցեւայնպես չար լեզուները պնդում են, որ առաջիկայում կառավարության այս հաղթանդամ ու մռայլադեմ ներկայացուցիչը «դարձ ի շրջանս յուր» կկատարի` վերադառնալով Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով կառույցի նախագահի կարգավիճակում, որը երկար տարիներ զբաղեցնում էր անփոխարինելի Ռոբերտ Նազարյանը: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռ անցյալ տարվա հուլիսին, սակայն թափուր մնացած այս պաշտոնում այս ընթացքում նշանակում չի եղել: Մինչեւ հեղափոխությունը, նշենք, Բաղրամյանը Նազարյանի հանձնաժողովում մոտ 7 տարի սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, հայտնի է, որ միաձուլման ձեւով կվերակազմակերպվեն` դառնալով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Նոր փաթեթավորմամբ այս սուպերնախարարությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ղեկավարել հեղափոխության մունետիկներից մեկը` Սուրեն Պապիկյանը:
Երկու բաջանաղ, երկուսն էլ` մի բոյի
Գ. Բաղրամյանն, ինչպես հայտնի է, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է` բանաջաղը: Երկուսն էլ, ի դեպ, Երեւանի նույն վարչական շրջանում են ապրում` Արաբկիրում: Եւ երբ Բաղրամյանը հեղափոխությունից հետո «կարերիննի ռոստ» արձանագրեց` հանձնաժողովականից դառնալով նախարարի տեղակալ, հետո էլ` նախարար, շատերը եզրակացրեցին` բաջանաղի շնորհքն է, նրա միջնորդությամբ է նշանակումը եղել: Բաղրամյանն էլ, որն իրեն պատահական մարդ չի համարում էներգետիկայի բնագավառում, վիրավորված ինքնասիրությամբ արձագանքեց. «Այո, Վանեցյանն իմ բաջանաղն է, իրար ճանաչում ենք շուրջ 14 տարի, բայց ես 20 տարի է` էներգետիկ համակարգում եմ աշխատում: Չեմ կարծում, որ Վանեցյանի բաջանաղը լինելն է նպաստել, որ նշանակվել եմ այս պաշտոնում»: Կառավարությունում խոսում են, թե Բաղրամյանի հովանավորը իրականում ոչ այնքան Վանեցյանն է, որքան փոխվարչապետ Տ. Ավինյանը, որն իր կուրացիայի տակ է պահում էներգետիկ ոլորտում կադրային նշանակումները: Ասում են, թե նրա առաջարկով են նշանակվել Բաղրամյանի տեղակալ Տիգրան Արզումանյանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը…. Ի դեպ, Արզումանյանը նույնպես արաբկիրցի է, երկուսն էլ նույն թաղի տղա են, Ավետիսյան փողոցում են ապրում: Նշենք նաեւ, որ Բաղրամյանը, որը ՖԲ-ում կարծեք նախարար դառնալուց հետո է գրանցվել, արտահերթ ընտրությունների ժամանակ ժեստ էր արել ու Ավինյանի քարոզչական պաստառով էր կիսվել իր ՖԲ էջում:
Փարիզյան այցը հարամ եղավ
Բաղրամյանի անունը նախարարական պորտֆելը ստանալուց հետո շրջանառվեց կոռուպցիոն մի պատմության մեջ, որը մեծ ռեզոնանս ունեցավ: Փաստերի ստուգման հարթակը գրեց, թե նա` որպես ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ, ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: Ըստ այդմ` «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը եւ գործառնական տնօրենը որպես կաշառք ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ. օգոստոսին գնել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ ավիատոմսեր եւ հոգացել վերջիններիս` Փարիզում բնակվելու ծախսերը, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով` 180 դրամից դառնալով 191 դրամ: «Անհեթեթություն է փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը:.. Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը, կարող եք ուսումնասիրել օրենքները, եւ պարզ կլինի` սակագնի ձեւավորման հարցում մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,- եղավ Բաղրամյանի զուսպ արձագանքը: Չուշացավ նաեւ նախարարության պաշտոնական կոշտ հորդորը նյութի հեղինակին զերծ մնալու «իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող եւ պետության ապագայով ոչ պակաս մտահոգ մասնագետների բարի համբավը եւ արժանապատվությունը ոտնահարող որակումներից»:
Շարունակելի

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ` ԱՂԲ
Տավուշի մարզի բնակավայրերում փակցված են 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների թեկնածուների պաստառները: Դրանց մեծ մասը խունացած է, մի մասը` պատռված: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում նման պաստառներն ավելի շատ են, քանի որ 2019թ. փետրվարի 17-ին կայացել են Իջեւան համայնքի ավագանու ընտրություններ: Օրերս Իջեւանի համայնքապետարանը աղբահանության եւ սանիտարական մաքրության վերաբերյալ բաց խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցեցին Իջեւանի համայնքապետարանի, համայնքի ավագանու, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվեց շենքերի պատերին փակցված նախընտրական քարոզչական պաստառները հանելու խնդիրը: Խորհրդակցությունում որոշվեց պաստառները փակցնողներին պարտավորեցնել կարճ ժամկետում վերացնել դրանց հետքերը:

 

 

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Մարտի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Դիլիջանի քոլեջի 2 դասախոսների դատավարության առաջին նիստը: Լիլիթ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Դիլիջան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոս, պարտավոր լինելով դասամատյանում կատարել հաճախումների եւ առաջադիմության ընթացիկ հաշվառում` 2017-2018 ուսումնական տարում ուսանողներ Ա. Վարդիկյանի, Ա. Նազարյանի` ՀՀ-ից բացակայելու պարագայում նույն քոլեջի դասախոս Սոնիկ Դավթյանի խնդրանքով, նրանց բացակաները սահմանված կարգով չի հաշվառել, այլ նրանց կողմից ուսման շարունակելն ապահովելու նպատակով վերջիններիս անվան դիմաց նշանակել է թվով 7 դրական գնահատական: Սակայն նա, հետագայում իմանալով, որ վերոհիշյալ ուսանողները բացակայում են ՀՀ-ից, սպիտակեցնող նյութով ջնջել է նշված գնահատականները եւ դրանց վրա կատարել «բացակա» գրառում: Մարիամ Թամամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով նշված պետական քոլեջի դասախոս, 2017-2018 ուսումնական տարում ուսանողներ Ա. Վարդիկյանի, Ա. Նազարյանի` 2017թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 2017թ. հոկտեմբերի 29-ը ՀՀ-ից բացակայելու պարագայում նույն ժամանակահատվածներում նրանց բացականները սահմանված կարգով չի հաշվառել, այլ նրանց կողմից ուսման շարունակելն ապահովելու նպատակով վերջիններիս անվան դիմաց նշանակել է թվով 3 դրական գնահատական: Լ. Մկրտչյանին եւ Մ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը, կամ օգտագործելը»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո չուշացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել է Գյումրու փողոցների անմխիթար վիճակին, նաեւ ասել, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կզրուցի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Քաղաքապետը երեկ անկեղծացել է՝ ասելով, որ առավոտյան հեռախոսազանգ է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, զրուցել են, ինքն էլ տեղեկացրել է, որ հրավիրել է մամուլի ասուլիս, լրագրողների հարցերին պատասխանելու է, մանրամասներ է ներկայացնելու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, համայնքի բյուջեի միջոցներով կատարվող փողոցաշինության ընթացքի եւ ծրագրերի մասին: «Հստակ ժամանակացույց կա, նախագծերը կան, ամեն ինչ կա: Ակտիվ աշխատում են, ամեն մի փողոցում կա պատասխանատու: Եթե որեւէ շինարար չի կատարում իր պարտականությունը, ամեն մի օր տույժ ու տուգանքի տակ է, այսպիսին են միջազգային պայմանագրերը: Մտահոգվելու կարիք չկա: Միանգամից հնարավոր չէ վերանորոգել ամբողջը, եւ բնակիչներին հորդորեց ներողամիտ լինել: Չի կարելի ասել` վատ էր, հիմա ավելի վատ է, հետո ավելի վատ կլինի, փողոցները քանդել ենք, պարզ է, որ այդ քանդման ընթացքում եղել է տարբեր տեսակի անհանգստություն մեր ժողովրդի մոտ՝ կապված ցեխի, փոսերի եւ այլնի հետ, բայց շինարարությունը, որը պիտի կատարվի, բնականաբար, այդ ընթացքում կլինի թոզ, ցեխ»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Գյումրիում ձնհալի հետ բոլոր խնդիրները ջրի երես են դուրս եկել: Բոլոր ճանապարհները պարզապես քարուքանդ են, մեղմ ասած: Խնդիրն առկա է ոչ միայն գլխավոր, այլեւ երկրորդական փողոցներում: Առավել բողոքում են վարորդները, որոնք մեքենաների հետ կապված լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյումրիում վերջին օրերին էլ նոր ակցիա է սկզբնավորվել՝ «Չկա ճանապարհ` չկա գույքահարկ» խորագրով: Գյումրեցի վարորդները հրաժարվում են գույքահարկ վճարել, քանի դեռ ճանապարհները բարեկարգ վիճակի չեն հասցվի: Բանն այն է, որ մասնակի փոսալցումներն էլ այլեւս իրավիճակը չեն փոխում: Նախորդ տարի քանդված փողոցներում գործ անելը գրեթե անհնար է: «Միանգամից հնարավոր չէ կառուցել, կախարդական փայտիկով, ասենք, փողոց չի սարքվի: Փողոցը սարքելու համար անհրաժեշտ է նվազագույնը 1 տարի ժամանակ, ծրագիրը նախատեսված է փողոցների վերակառուցում 3 տարում»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է դեռ նախորդ տարվանից: Ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 3 ամսից` հունիսին, երկրորդ փուլը սկսվելու է օգոստոսին, ավարտվելու է հաջորդ տարի հունիսին, այնուհետ մեկնարկելու է ծրագրի վերջին փուլը, որի ընթացքում լուծվելու է նաեւ քաղաքի արտաքին լուսավորության հարցը: Գյումրիում 220 փողոց կա վերակառուցման ենթակա, իսկ եղած ծրագրերն ու ֆինանսական միջոցները կբավարարեն միայն աշխատանքների 60 տոկոսի իրականացմանը: Ծրագրով նախատեսված է 40կմ երկարությամբ ճանապարհի նորոգում:
Սամվել Բալսանյանը կոչ արեց բնակչությանը համբերել, քանի որ որոշ ժամանակ անց Գյումրին կունենա բարեկարգ ճանապարհներ:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս