ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2017 թվականը եւ 2018-ի 9 ամիսների գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում: Արդյունքում բացահայտվել են մի շարք թերություններ: Նշենք, որ 2017-ին սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը, մի պաշտոնյա, որ կառավարությունից հեռացավ թավշյա հեղափոխությունից հետո միայն` այդպես էլ պատասխան չտալով իր ղեկավարման օրոք բացահայտված չարաշահումների համար: Իսկ այդ նախարարությունում Ասատրյանի օրոք բացահայտումների պակաս չկար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՍՓ գործակալությունը իր մասնագիտական որոշ հանձնաժողովների գործունեությունն իրականացրել է հանրապետության տարբեր մարզերում վարձակալած տարածքներում, սակայն պարզվել է, որ մի շարք դեպքերում վարձակալված տարածքների գները էապես տարբերվել են տվյալ տարածքի շուկայական միջին գներից: Օրինակ, եթե Երեւանում վարձակալված տարածքի 1 քմ-ի ամսական արժեքը կազմել է 933 դրամ, ապա Ալավերդիում վարձակալված տարածքի 1 քմ-ի արժեքը կազմել է 2036 դրամ: Իսկ Գյումրիում երկու հանձնաժողովների համար վարձակալված տարածքների 1 քմ-ի արժեքը մի դեպքում կազմել է ամսական 1977 դրամ, մյուսում` 1529 դրամ:
ՀՊ-ն նաեւ բացահայտել է, որ շատ դեպքերում զբաղվածության պետական ծրագրերը չեն կատարվել: Նշենք, որ 2017-ի զբաղվածության 16 պետական ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 981 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 23 տոկոս, իսկ անցած տարի 14 պետական ծրագրերի իրականացման համար` 1 մլրդ 732 մլն դրամ, կատարողականը`12.2 տոկոս: Մեզ հայտնի դարձավ, որ 2017-ին ծրագրերի մեծ մասի չկատարելը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ: Հաստատված 16 ծրագրերից ֆինանսավորվել են չորսը: Ընդ որում, այդ չորս ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները տարվա ընթացքում նվազեցվել են, արդյունքում այդ ծրագրերն իրականացվել են ոչ ամբողջությամբ: Իսկ, ահա, 2018-ին ծրագրերի չկատարման հիմնական պատճառը կառավարության կողմից դրանց նախահաշիվների` սահմանված ժամկետում չհաստատելն է, ինչի հետեւանքով դրանք նախատեսված ժամկետներում չեն կատարվել:
Պարզվում է` նախարարության ենթակա կազմակերպությունների կարիքների համար 2017-ի սննդամթերքի եւ հանդերձանքի, իսկ 2018-ին տնտեսական եւ սանիտարահիգիենիկ միջոցների, ծխախոտի, վառելիքի եւ դեղորայքի գնման գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված կարգով, բայց ստացվում է, որ այդ կազմակերպությունների կարիքների համար կենտրոնացված կարգով գնումների գործընթացի կազմակերպումը թերի է: Ըստ պալատի` գնահատող հանձնաժողովի կազմում կազմակերպություններն ապահովել են ֆորմալ ներկայություն, չեն ունեցել որոշիչ ձայնի իրավունք: Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացում սահմանափակվել է մասնակցությունը, քանի որ այս դեպքում չափաբաժինների խմբավորման արդյունքում չափաբաժնի արժեքը դրամային արտահայտությամբ բարձրանում է: Այս ամենի հետեւանքով անհնարին է դարձնում փոքր, միջին կամ նոր ձեւավորվող ընկերությունների մասնակցությունը: Մի շարք գնման առարկաների տեխնիկական բնութագրերը հստակ չեն սահմանվել:
Մասնավորապես, տավարի, խոզի եւ հավի մսի խտացրած կաթի ու կարագի տեխնիկական բնութագրերում բացակայել են այդ ապրանքատեսակների համար սահմանված ԳՕՍՏ-երի վրա կատարված հղումները, ինչի հետեւանքով 2017-ին «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում «Դեագա» ընկերության կողմից մատակարարված տավարի միսը չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին. միսը եղել է անորակ, չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը, եւ բացակայել են անասնաբուժական փաստաթղթերը: Ըստ ՀՊ-ի` կենտրոնացված կարգով եւ նախարարության կարիքների համար կազմակերպված գնումների գործընթացի փաստաշրջանառությունը գտնվել է ոչ պատշաճ վիճակում եւ չի համապատասխանել օրենսդրության պահանջներին: Հաճախ բացակայել են փաստաթղթերի բնօրինակները եւ թղթային տարբերակները, մի շարք դեպքերում` ստորագրությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ներից մեկում հումանիտար օգնության կարգով ստացված 130 կգ ձուկը բաժանվել է աշխատակիցներին` Ամանորի կապակցությամբ: Իսկ, ահա, Խարբերդի մասնագիտացված մանկատանը չորս բժիշկներ եւ ՊՈԱԿ-ի տնօրենը (0.5 դրույք) ծառայություններ են մատուցել առանց աշխատանքային պայմանագրերի, գերազանցվել է ամենօրյա աշխատաժամանակի թույլատրելի տեւողությունը: Օրինակ, մեկ հաստիքային միավոր զբաղեցնող տնտեսուհին նաեւ 0.5 դրույքով կատարել է ոչ հերթափոխային բուժքույրի պարտականություններ, մեկ հաստիքային դրույք զբաղեցնող էլեկտրիկը 0.5 դրույքով հնոցպան է աշխատել, մեկ հաստիքային տնտեսագետը 0.5 դրույքով հաշվապահի ծառայություններ է մատուցել: Իսկ, ահա, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալին ամենամյա արձակուրդների ընթացքում փոխարինել է պարետը, որը միաժամանակ աշխատել է որպես կոշկակար, մինչդեռ պարետի պաշտոնի անձնագրով նման պարտականություն չի նախատեսվել:
Պալատից տեղեկացանք, որ Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկում խնամք ստացող երեխաներին 01.09-01.10.2018 ժամանակահատվածում օրական մեկ անգամյա սնունդ չի տրամադրվել, չի կատարվել նաեւ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ