«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 23-ից կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր ձեւավորվելիք վարչության անդամության թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Վարչությունը կընտրվի հունիսի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարում, բայց մինչ այդ թեկնածուները պետք է քննություն հանձնեն ընտրողներին՝ ՔՊ-ականներին։
Առաջադրված 65 թեկնածուներից 3-ն ինքնաբացարկ են ներկայացրել, մյուսները մայիսի 23-ից սկսած՝ խումբ-խումբ կներկայացնեն իրենց ծրագրերը, ելույթներ կունենան, կուսակցական գործունեության մասին իրենց տեսլականները կներկայացնեն։ Օրական 6-8 թեկնածու կմասնակցի «քասթինգին», յուրաքանչյուրին հատկացվելու է 20 րոպե, նրանց ելույթները տեսագրվելու են եւ ուղարկվեն բոլոր 500 պատվիրակներին, ովքեր հնարավորություն չեն ունենա մասնակցել կուսակցության գրասենյակում անցկացվող քննությանը։
Պլանավորել են քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին՝ աշխատանքների ավարտից հետո, որ դրանց մասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Չի բացառվում, որ մինչեւ քարոզարշավի մեկնարկը ինքնաբացարկի դիմումներ լինեն։ Համագումարը կկայանա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Իսկ քվեարկությունը ռեյտինգային կարգով է լինելու՝ ամենից շատ ձայներն ստացած 21 հոգին կդառնան վարչության անդամ»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում