«168 ժամ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան հունիսի 9-ին: Աբովյանում իրավիճակն օր օրի ավելի է լարվում, կրքերը թեժանում։ Իշխանությունները, այդ թվում՝ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի նկատմամբ։ ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են տիրող իրավիճակին եւ իրավապահ մարմինների կողմից Աբովյան համայնքում անցկացվող լայնածավալ ստուգումների մասին։ Այս կապակցությամբ մենք հարց ենք ուղղել Վահագն Գեւորգյանին։
Պրն Գեւորգյան, մենք տեղեկություններ ունենք, որ արդեն մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգումներ են իրականացնում Աբովյան համայնքում, նույնիսկ կան հարուցված քրեական գործեր։ Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ իրավախախտումների մասին է խոսքը։
Այո, իսկապես, արդեն մի քանի ամիս է, ինչ իրավապահ տարբեր մարմիններ՝ Դատախազությունը, ոստիկանությունը, քննչական մարմիններն ինչ-որ հաղորդումների հիման վրա, որոնք հստակորեն ուղղորդվում են մի կենտրոնից, լայնածավալ միջոցառումներ են իրականացնում համայնքապետարանում։
Ստուգում են ամեն ինչ, քրքրում են մանրակրկիտ կերպով, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ են ման գալիս։ Ստուգել են ավելի քան 6 մլրդ բյուջեն, սոցիալական ծրագրերը, մեր մարզի «հարգարժան» մարզպետի հաղորդումների հիման վրա տակնուվրա են արել աճուրդների հետ կապված փաստաթղթերը, իրավական եւ մասնագիտական հսկողության անվան տակ մարզպետարանից գործուղված ռեւիզորների կազմած փաթեթները։ Թող փնտրեն, ինչքան ցանկանում են, ես մի բան կարող եմ միայն ասել՝ իմ խիղճը հանգիստ է, ձեռքերս մաքուր են, հավատս՝ անսպառ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում