«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նա տեղեկացրել է, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ:
«Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, եւ վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամութունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է:
Եւ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման եւ հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, եւ, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նախարարը:
Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից:
Եվ ահա, ՀՀ գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացվել հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող 646 զինծառայողների վերաբերյալ անցկացված բժշկասոցիալական փորձաքննությունների արդյունքում նրանց նկատմամբ որոշումների կայացման, ինչպես նաև դրանց վերստուգման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ստացվել և ուսումնասիրվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում։
Արձանագրված փաստերը քննության առարկա դարձնելու, անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու հետագա ընթացքը լուծելու համար ստացված փաստաթղթերն ուղարկել ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: