Նախագահները դատարանում են. ինչ որոշում կկայացվի Քոչարյանի մասով. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորրորդ օրն է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված իրավաբանական վեճ է հասունացել Հայաստանում: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով անձնական երաշխավորության միջնորդություն են ներկայացրել Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը:

Իսկ որքանո՞վ է իրավիճակը բարդ: Մի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, եւ այստեղ կապ չունի, թե ում համար է ներկայացված միջնորդությունը (եթե տրվում է երաշխավորություն, առաջին հերթին առաջնորդվում ենք այն վարկածով, թե ով է երաշխավորության միջնորդություն ներկայացրած անձը, այլ ոչ թե ում համար է ներկայացվել):

Ինչո՞ւ, որովհետեւ երաշխավորի ինստիտուտը հենց այդ պայմանն է պարտադիր համարում: Ու հիմա ստացվում է, որ մերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին, հետեւաբար՝ Արցախի ժողովրդին: Դրա հետ մեկտեղ, այդպես վտանգի տակ է դրվում երաշխավորի ինստիտուտն ընդհանրապես: Այսինքն՝ եթե ընտրված նախագահը վստահություն չունի դատարանի մոտ, ապա էլ ով պետք է որեւէ մեկի համար երբեւէ միջնորդի երաշխավոր կանգնել՝ ազատ արձակելու համար: Այդ ինստիտուտը՝ ոչնչացավ:

Բայց մյուս կողմից դատական համակարգում այլ քննարկումներ են: ArmLur.am-ի տեղեկություններով, դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ, իրավաբանները ուսումնասիրելով իրավիճակը, եկել են այն մասնագիտական եզրակացության, որ նախագահների միջնորդությունը հանգիստ կարող է մերժվել նախադեպի բացակայության հիմքով:

Ինչու, որովհետեւ դատաքննության նախապատրաստման փուլում որեւէ գործով կալանավորված անձի խափանման միջոց երբեք չի փոխվել: Այսինքն՝ նման պրակտիկա Հայաստանում չի եղել, ուստի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը չպետք է փոխվի: Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջնորդությունները կմերժվեն: Բայց այս վարկածն էլ է խնդրահարույց, քանի որ օրենքի պահանջը չի ենթադրում, որ պետք է առաջնորդվել նախադեպերով: Այլ պետք է դիտարկել հարցը՝ օրենքը ինչ պահանջներ ունի եւ կիրառել դրանք: Քանի որ եթե ղեկավարվենք այն տրամաբանությամբ, որ չկա նախադեպ, ուրեմն չպետք է կիրառվի օրենքը, դա իրավագիտության մեջ համարվում է նոնսենս, որովհետև նախադեպերը պետք է կիրառվեն օրենքի կիրառությունից, ոչ թե չկիրառելուց։ Այսինքն, նախադեպը օրենքի կիրառման կրկնակիությունն է, ոչ թե օրենքը չկիրառելը։ Հուսանք, որ եթե դատարանը մերժի միջնորդությունը, նման աբսուրդ հիմնավորմամբ չի անի դա։

Այսպիսով, թե առաջ քաշված երկու վերլուծությունների արդյունքում որ տարբերակը կհաղթի, դժվար է ասել: Բայց դատելով իրավիճակից` թերեւս կյանքի կկոչվի երկրորդ՝ նախադեպ բացակայության տարբերակը:

Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, որոնք թեեւ բարդ, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր են:

Տաթև Հարությունյան




Լրահոս