Ո՞ւր է կորել Վրեժ Կիրակոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ «X Factor» հեռուստաշոուի հաղթող Վրեժ Կիրակոսյանը չի երեւում էկրաններին, չի թողարկում տեսահոլովակ: Երկրպագուները եւ դասական երգարվեստի սիրահարները հարցնում են՝ որտեղ է Վրեժը եւ ինչով է այժմ զբաղված: Մենք պարզեցինք, որ երգիչը պատրաստվում է աշնանը հանդես գալ մենահամերգով: Նա խոստանում է, որ համերգի շրջանակում կլինեն անակնկալներ, դուետներ. «Արտերկրից հյուրեր կլինեն, դրսում վերջին տարիների ընթացքում շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել: Տա Աստված, որ այն, ինչ նախատեսում եմ, իրականանա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Վրեժը:

Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրենին հարցրինք՝ արդյոք քոլեջի հետ կապված աշխատանքը չի խոչընդոտի երգչի անհատական կարիերային. «Ոչ, դա անհնար է, ես շարունակում եմ ծավալել երգչի կարիերա: Նոր երգեր եմ ձայնագրում, համագործակցում եմ, օրինակ, Գիսանե Պալյանի հետ, պատրաստվում ենք Բելառուսի վաստակավոր արտիստուհի Սվետլանա Ստացենկոյի հետ դուետ ներկայացնել, հիմա գործիքավորման վրա ենք աշխատում: Երգը ռուսերեն է: Այնպես որ, չենք դադարում աշխատել»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ երգիչը տեղեկացրեց, որ մայիսի 28-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կկայանա ամենամյա միջազգային մրցույթ, որի շրջանակում ինքը կլինի ժյուրիի անդամ, իսկ նրա ղեկավարած քոլեջի սանն էլ կներկայացնի Հայաստանը: Արդեն հունիսին մեր զրուցակիցը կմասնակցի միջազգային մրցույթի Իտալիայում, որտեղ կլինի ժյուրիի կազմում, կներկայանա որպես հատուկ հյուր, քոլեջն էլ կրկին կունենա մասնակից: Վրեժ Կիրակոսյանն այս տարի ընդգրկված է նաեւ «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում:

Ինչ վերաբերում է անձնականին, Վրեժն արդեն երկու զավակ ունի, երկուսն էլ՝ որդի, եւ աշխատանքային բուռն գրաֆիկին զուգահեռ կարողանում է ժամանակ տրամադրել նաեւ փոքրիկներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս