Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մայիսի 16-ին մեկնարկեց ՀՀ պաշտպանության նախարարության` Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Մ․ Կ.-ի դատավարությունը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը որպես դիտորդ ծառայության նշանակված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված կրակային դիրքում, 2018թ․ դեկտեմբերի 16-ին` ժամը 07․30-ի սահմաններում, մարտական դիրքի կացարանում իր կողքի քնապարկում քնած սերժանտի անօգնական վիճակն օգտագործելով` նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել վերջինիս հետ:
Մ. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում` 4-10 տարի ժամկետով:
Մ. Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: