Դեռեւս մայիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն էր ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` նշելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն իր ելույթներում նշել է, որ բիզնեսմեն է, ինչն արգելվում ՀՀ Սահմանադրությամբ:
Ա. Միրզոյանը նշել էր. «Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը. ինձ ուղղվել է առաջարկ` Ազգային ժողովում ձեւավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով»։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե արդյոք խմբակցությունում որոշում կա` հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի քննարկման հետ կապված:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր խմբակցությունում ինչպե՞ս են վերաբերվում խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրեն առաջարկել են էթիկայի հանձնաժողով ստեղծել պատգամավորների վարքը, գործունեությունը քննելու համար:
-Իմ կարծիքով` ԱԺ էթիկայի հանձնաժողովը, անկախ որեւէ հանգամանքից, խորհրդարանում պետք է լինի: Ձեւաչափի հետ կապված` կոնկրետ այս դրությամբ ես ինքս չեմ կարող կոնկրետ թիրախային մատնանշել, քանի որ լայն քննարկում այդ հարցով դեռեւս չենք ունեցել: Բայց, իմ կարծիքով, էթիկայի հանձնաժողովը շատ կարեւորում եմ ու կարծում եմ, որ անպայմանորեն էթիկայի հանձնաժողով պետք է լինի, ու այդ հանձնաժողովում պետք է զանազան հարցեր քննարկվեն` նաեւ պատգամավորների վարքի հետ կապված:
-Բայց, ընդդիմության կարծիքով, էթիկայի հանձնաժողովը սուբյեկտիվ դիրքորոշում կարող է ներկայացնել, քանի որ այնտեղ մշտապես մեծամասնությունը իշխանությունների ներկայացուցիչներն են լինում: Դուք կիսո՞ւմ եք նրանց այդ տեսակետը:
-Դրա համար ես նշեցի, որ էթիկայի հանձնաժողովի գաղափարին եւ գործիքակազմին ես կողմնակից եմ, բայց իսկապես պետք է հասկանանք ձեւաչափը, որն իսկապես շատ կարեւոր է: Այսինքն` էթիկայի հանձնաժողով ասված կառույցի մեջ ինչքան ներգրավվածություն պետք է լինեն ֆրակցիաներից, եւ, ընդհանրապես, պետք է հասկանանք հարցերի կարեւորությունը, թե ինչ հարցեր կարող են այնտեղ քննարկվել:
-ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը առաջակվում է քննարկել էթիկայի հանձնաժողովում: Ձեր խմբակցությունը որոշե՞լ է` արդյոք պետք է հանձնաժողովում քննարկել այդ հարցը. ի՞նչ որոշում կայացվեց` այդ հարցի հետ կապված:
-Ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը ստեղծելուց մենք պետք է որդեգրենք մի սկզբունք, որպեսզի այդ սկզբունքին համապատասխան գործունեություն իրականացնենք: Չեմ կարծում, որ դա պետք է լինի պատժիչ հանձնաժողով, ու, ընդհանրապես, այդ ձեւակերպմանը համաձայն չեմ, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ պետք չէ մտահոգվել այդ հարցի հետ կապված: Հանձնաժողովը եթե ստեղծվի, իր լիազորություններն այլ են լինելու: Ավելի կարեւոր է օբյեկտիվ գործիքակազմը քննարկել այդ հանձնաժողովում: Կոնկրետ քննարկում` էթիկայի հանձնաժողովի հետ կապված, լայնածավալ քննարկում դեռեւս տեղի չի ունեցել, բայց եթե նման քննարկում լինի, անպայման կներկայացնեմ նաեւ իմ դիրքորոշումը, տեսակետները:
-Այսինքն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված հարցը ֆրակցիայում չի՞ քննարկել, որոշում չունե՞ք:
-Ազգային Ժողովի նախագահը սպառիչ կերպով պատասխանել է այդ հարցին` նամակով դիմելով Գագիկ Ծառուկյանին: Դա լիովին արտահայտում է այն դիրքորոշումը, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը: Ես չեմ ուզենա` անձնավորվի այդ հանձնաժողովի հետ կապված աշխատանքները. դա սխալ է: Իմ պատկերացմամբ` էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի լայնածավալ հարցեր, եւ ոչ թե մեկ անձի, մեկ ֆրակցիայի հետ կապված, պետք չէ անձնավորել առհասարակ: Մենք ունենք տեսակետ, որն արտահայտել է Ազգային ժողովի նախագահը, այդքանով այդ հարցի պատասխանն արդեն տրված է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ