Շշմելու զգացողություններ ունեմ, երազանքս կատարվեց. Գնել Սարգսյանը՝ դստեր ծնունդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միշտ երազել եմ ունենալ Նռանե անունով աղջիկ, եւ, ահա, երազանքս իրականացավ: Նայում եմ նրան ու չեմ հավատում: Շշմելու զգացողություններ ունեմ: 40 տարեկանում` այսքան հասուն տարիքում երկրորդ անգամ հայր դառնալն էլ հետաքրքիր էմոցիաներ պարգեւեց»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր զգացողությունների մասին պատմեց դերասան Գնել Սարգսյանը: Նրա դուստրը լույս աշխարհ է եկել մայիսի 7-ին:

Գնելն ունի նաեւ 7 տարեկան որդի: Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ անում է, որ որդին հանկարծ երկրորդ պլանում չհայտնվի. «Դստերս ծնունդից ամիսներ առաջ իր հետ զրուցել եմ, նախապատրաստել եմ, եւ նա մեծ երջանկությամբ է ընդունել քույրիկին: Ի դեպ, երբ ծնվեց որդիս, ես էլի հասուն տարիքում էի, 33 տարեկան էի, եւ այլ կերպ էի վերաբերվում երեխայի ծնունդին, հայր դառնալուն, հիմա՝ առավել եւս: Դուստրս զարմացրեց նաեւ իր՝ ժամանակից շուտ լույս աշխարհ գալով: Նրա ծնունդը նախատեսված էր մայիսի վերջին, բայց փոքրիկս առաջ ընկավ»,-ծիծաղելով նշեց դերասանը:

Մենք մի փոքր էլ գործնական կյանքից խոսեցինք: Վերջին հեռուստանախագիծը, որի շրջանակում նկարահանվել է Գնելը, «Շահմարի առեղծվածը» բազմասերիանոց ֆիլմն է: Դրանից հետո նա առաջարկներ չի ստացել. «Ինքս էլ դռներ թակելու, մարդկանց դիմելու սովորություն չունեմ, կկանչեն՝ թող կանչեն, ոչ՝ ուրեմն ոչ: Բայց մի հանգամանք էլ կա, որ նպաստում է ինձ չկանչելուն. շատերին թվում է, թե դեռ արտերկրում եմ ապրում, այնինչ արդեն ավելի քան երեք տարի է՝ վերադարձել եմ հայրենիք»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա խոստովանեց, որ մոնոներկայացմամբ հանդես գալու մտադրություն ուներ, սակայն արդեն երկրորդ երեխայի ծնունդով պայմանավորված՝ դրա ժամանակը պարզապես չկա:

Գնելը հավելեց, որ, բացի դերասանական կարիերայից, զբաղվում է նաեւ անհատական բիզնեսով. շուտով մայրաքաղաքում՝ կենտրոնական փողոցներից մեկում, տեղի կունենա իր փաբի բացումը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս