Իրանցիները Վրաստան են մեկնում ուկրաինուհիների համար. ինչու Հայաստանը չի գրավում նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին մեր հայրենակիցների մեծամասնությունը գերադասում է իր ամառային հանգիստն անցկացնել Վրաստանում: Ամռանը Վրաստանի ծովափնյա շրջանները լցվում են հայ զբոսաշրջիկներով:

Անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ,այսինքն` մոտ 15 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Պարզվում է` նախորդ տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Վրաստան են ժամանել Ադրբեջանից` 1,4 մլն մարդ, ինչը, 2017-ի համեմատ, 9,5 տոկոսով ավելի է: Երկրորդ տեղում ռուսներն են` գրեթե 1,4 մլն մարդ, ինչը, 2017-ի համեմատ, ավելի է 23,8 տոկոսով:

Երրորդ տեղում Հայաստանն է, որտեղից Վրաստան է ժամանել 1,3 մլն մարդ: Այս ցուցանիշը գրեթե հավասար է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվին: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ: Իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 494 հազար 779 հոգի: Այսինքն` մեր հարեւան Վրաստան մի քանի անգամ ավելի շատ է զբոսաշրջիկ այցելում, քան Հայաստան,մի ցուցանիշ, որ պետք է մտահոգի իշխանություններին:

Իսկ մինչ այդ նկատենք, որ նաեւ իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայասատնում: Պաշտոնական տվյալներով` անցած տարվա ընթացքում, 2017 թվականի համեմատ, 44.3 տոկոսով պակասել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ, հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ Վրաստանում հանգիստն անցկացնելն ավելի մատչելի է, քան մեզ մոտ: Բացի այդ, խոստովանենք, ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների կողմից նրանց դեպքում թանկ սակագնային տարբերակ կիրառելը:

Մասնագետները, սակայն, պնդում են հակառակը. Հայաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան Վրաստանում: Զբոսաշրջության հարցերով փորձագետ, գիտությունների թեկնածու, «First Travel» զբոսաշրջային ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ իրանցիները նախընտրում են գնալ Վրաստան:

Նշենք, որ 2011 թվականին Իրանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` երկու երկրների քաղաքացիները հնարավորություն ունեին երթեւեկել առանց վիզային ռեժիմի,բայց Վրաստանի կառավարությունը 2013-ի հուլիսի 1-ից չեղյալ հայտարարեց Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու որոշումը:

«Ի սկզբանե, երբ Վրաստանի ճանապարհը բացվեց Իրանի համար, առանց վիզայի իրենք մտան Վրաստան, հյուրանոցներ գնեցին, «Հավլաբար» հայկական թաղամասում բավականին լուրջ բիզնեսներ են դրել, ինչից հետո վրացական իշխանությունները վիզայի խնդիրը դրեցին, բայց իրենք նախընտրում են գնալ Վրաստան»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով պատճառներին` նա նշեց, որ դրանցից մեկն էլ սեքս-տուրիզմն է: «Ուկրաինայից Սարփիի տարածքով ամռանը գալիս են այդ աղջիկները, այդ մասով իրանցիները եւս հետաքրքրված են: Հաճույք է մեքենան քշել գնալ Թբիլիսի, երբ Լարսի ճանապարհի 19 կմ հատվածը մաքրվեց: Բայց գնացեք, տեսեք` Հաղպատի մոտ ինչ է կատարվում. ամեն օր գիդերը լաց են լինում, վարորդները կանգնում են Հաղպատ բարձրանալու համար եւ ժամերով սպասում են, որ էքսկավատորով մաքրեն ճանապարհը, որպեսզի Հաղպատ բարձրանան ու իջնեն: Գնացեք, Գորիսի, Ալավերդիի ճանապարհները նայեք»,- վրդովվեց Կարեն Անդրեասյանը:

Հայաստանի նախկին իշխանությունները մշտապես կարեւոր տեղ են տվել զբոսաշրջության զարգացմանը, սակայն միայն հայտարարությունների մակարդակով: Այդպես էլ Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Ավելին` չեն վերանում խնդիրները` ճանապարհների ոչ բարվոք վիճակը, հանրային զուգարանների բացակայությունը, հյուրանոցային ծառայությունների եւ, ընդհանրապես, Հայաստանում տիրող բարձր սակագները եւ այլն:

Ինչպես հայտնի է, Հայաստանում զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ճյուղ, սակայն մինչ օրս այդ գերակայությունը որեւէ կերպ չի նկատվում, եւ մեր երկրում զբոսաշրջությունը չի զարգանում: Ոլորտի զարգացման համար նախկին կառավարության ձեռնարկած ամենամեծ քայլը, թերեւս, գերթանկարժեք բիոզուգարանների ներկրումն էր, որոնք, ինչպես հայտնի է, այդպես էլ չաշխատեցին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս