«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գործունեությանը: Հիշեցնենք, որ Բաթոյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարի 19-ից: Մինչ այդ Բաթոյանը նույն նախարարության նախարարի տեղակալն էր:
Եւ, ահա, Զարուհի Բաթոյանը, ինչպես եւ կառավարության մնացած անդամները, երբեմն քարոզչական արշավների թիրախ է դառնում, իբր, սեռական ոչ ավանդական կողմոնորոշում ունեցողների շահերը պաշտպանող «սորոսական գրանտակերների» շրջապատից է, սոցցանցերում էլ երբեմն լուսանկարներ են հրապարակվում, որոնցում Բաթոյանն է՝ ենթադրյալ այդպիսի անձանց շրջապատում։
Վերջերս էլ մեծ աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքի՝ «Բուկինիստում» տեղի ունենալիք շնորհանդեսի խափանումից հետո, երբ Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջով դատապարտեց տեղի ունեցածը, նրա դեմ ֆեսբուքյան անողոք արշավ սկսվեց։ Նախարարի վերոհիշյալ գրառմանը ոմանք ամենակոպիտ բառապաշարով արձագանքեցին՝ կառավարության անդամին տալով գռեհիկ պիտակումներ, ոմանք էլ անցան թույլատրելիության բոլոր սահմանները՝ շահարկելով վերջինիս հաշմանդամ լինելը։ Հենց այս թեմայի համատեքստում սկսվեց ակտիվ շրջանառվել Զարուհի Բաթոյանի՝ տարիներ առաջ «Քան» ակադեմիայի հետ արված հարցազրույցը:
Դրանում Բաթոյանը, խոսելով իր փորձառությունից, փորձում է կոտել այն կարծրատիպը, ըստ որի՝ հաշանդամություն ունեցող անձինք ցանկալի չեն, զուգընկեր չունեն եւ սեքսով չեն զբաղվում։ Ֆեյսբուքյան որոշ ազդեցիկ օգտատերեր եւ նրանց հետեւորդները, բացի այն, որ ամոթանք տվեցին իր ինտիմ կյանքի մասին բացեիբաց խոսող եւ «հայ կնոջ ամոթխած կերպարին հակասող» նախարարին, այլեւ շտապեցին իրենց գրառումներում կարծիք ձեւավորել, թե գործող կառավարությունը անգործության է մատնված եւ խոսում է նրանից, ինչն իրեն հոգեհարազատ է՝ «սեքս եւ մարիխունայի օրինականացում»։ Բանը հասավ նաեւ որոշ օգտատերերի կողմից Բաթոյանի հրաժարականը պահանջելուն։
Ընտանիք եւ անձնական հատկանիշներ
Բաթոյանը մինչեւ 5 տարեկանը ապրել է Ջավախքում, այնուհետ՝ ՌԴ-ում, ապավերադարձել Հայաստան, հասցրել է հաղորդակից լինել 88-ի շարժման մթնոլորտին, այնուհետ՝ ՀՀ անկախության հռչակմանը։ Բնակվում է Երեւանի Քանաքեռ-Զեյքուն վարչական շրջանում, այս տարվա սեպտեմբերի 29-ին կլրանա նրա 40-ամյակը։ Երկու քույր ունի, 10 տարեկանում կորցրել է հորը, ամուսնացած չէ։ Նախարարը քայլում է, սակայն դժվարությամբ, հազիվ 5-10 քայլ, եւ միշտ չէ, որ մոտորասայլակով է տեղաշարժվել։ Երկու անգամ ոտքը կոտրելուց հետո բժիշկների խորհրդով անցել է տեղաշարժվելու ավելի հարմարավետ ու ապահով տարբերակի՝ նոր կոտրվածքների ռիսկից խուսափելու համար։ Ի դեպ, մոտորասայլակը նա նվեր է ստացել ԱՄՆ-ում։
Բաթոյանին իր շրջապատի մարդիկ բնութագրում են որպես զուսպ, լրջմիտ, նրբանկատ, պատասխանատու, կարծիքներ լսելու համար բաց պաշտոնյա, նաեւ՝ ամբիցիոզ, որը կաբինետային չինովնիկ է, վարչարարության «գերի», երբեմն կարող է նաեւ խիստ ու կոպիտ լինել, բայց առանց կոռեկտության սահմանները հատելու։ Իր հարցազրույցներից մեկում նա անկեղծացել էր, թե ամենազարմանալի բացահայտումը, որ արել է նախարարություն ոտք դնելուց հետո, եղել է աշխատակիցների՝ նախարարից միայն հրաման ակնկալելը։ «Երբ մարդկանց ասում եմ՝ խնդրում եմ, մտածում են՝ ես չպիտի խնդրեմ, դա ուղղակի հրաման պետք է լինի»։ Ասում են նաեւ, որ նախարարության որոշ աշխատակիցներ հեղափոխությունից հետո սկսել են մատների արանքով վերաբերվել իրենց պարտականություններին, քանի որ գիտեն, որ նախկին նախախար Ասատրյանի օրոք «նեդրված» աշխատաոճը եւ այսպես կոչված «խաղի կանոնները» այլեւս չեն գործում։ Աշխատաոճ, որը շատերի կարծիքով արատավոր էր:
Հ.Գ. Ի դեպ, նախօրեին Զարուհի Բաթոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ ուշագրավ փաստեր են բացահայտվել` զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ: «Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, եւ վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամութունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եւ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման եւ հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, եւ, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նախարարը:
Եւ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնեցին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացվել հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող 646 զինծառայողների վերաբերյալ անցկացված բժշկասոցիալական փորձաքննությունների արդյունքում նրանց նկատմամբ որոշումների կայացման, ինչպես նաեւ դրանց վերստուգման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ փաստաթղթեր: Արձանագրված փաստերը քննության առարկա դարձնելու, անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասի չափը եւ մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու հետագա ընթացքը լուծելու համար ստացված փաստաթղթերն ուղարկել ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Սա` իմիջիայլոց:
Հեղինե Մանուկյան