Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը ապրիլի 27-ին հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:
ArmLur.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը, խոսելով այս հարցի մասին, ասաց, որ արդարությունը հաղթեց: Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, ինչպես երևում է, ստեղծված իրավիճակին չի համակերպվել: Բայց հետաքրքիրն այն է, որ փոխմարզպետը այս մասին գրառումներ չի անում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը այս հարցի մասին ակտիվորեն խոսում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինի Պողոսյանը:
ArmLur.am-ը հարց ուղղեց Տոնոյանին, թե վերջինս ինչ քայլերի է պատրաստվում դիմել:
«Երկուշաբթի օրը կհայտատարենք, թե որն է լինելու հաջորդ քայլը»,-ասաց փոխմարզպետը: Հարցրինք` փաստորեն դեռ որոշում չունի: Տոնոյանն ասաց, որ ունի, բայց դրա մասին ավելի ուշ է պատրաստվում խոսել:
Հարցին, թե ինչու է այս թեմայով խոսում միայն Քրիստինե Պողոսյանը, փոխմարզպետն ասաց.
«Այսինքն` ես ոնց պատասխանեմ այդ հարցին, ինչ եք ակնկալում, որ ասեմ: Ես էլ կխոսեմ այդ մասին: Ժամանակի հարց է»: