Ժամկետանց պարտքերի վճարման դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաև անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը: «Պետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման և մթերման համար խոչընդոտներ չլինեն, և գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով»,- ասել է Գ․ Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի, հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսական տեխնիկայի՝ առկա և անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ:

Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ. Մարտիրոսյանը բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է նախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների և բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին՝ սահմանված ժամկետում ուսումնասիրել հացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը և առաջարկություններ ներկայացնել մթերման գների վերաբերյալ:

Գ. Մարտիրոսյանը «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին հանձնարարել է, որ մթերում և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ բանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես ժամկետների ուշացումներ չլինեն:

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել կարևոր հայտարարությամ. «Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ և որոնց վրա կա հաշվարկված տույժեր և տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից»:

Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներում հսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման և այլ հարցերի շուրջ։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս