ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի մանկապարտեզում որեւէ մեկին աշխատանքի ընդունելը անցկացվում է հատուկ արարողակարգով: Պարզվում է` եթե մանկապարտեզն ունի դայակի կամ մաքրուհու թափուր աշխատատեղ, ապա այս տեղերը լրացնելու համար ստեղծվում է «հատուկ» հանձնաժողով: Բայց վերջում, միեւնույն է, հաղթող են ճանաչվում գյուղապետի բարեկամները:
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Մրգաշենի 39-ամյա բնակչուհի Արմինե Սահակյանը, որը դայակի թափուր աշխատատեղի համար դիմել է, սակայն մերժվել է: Մեզ դիմած քաղաքացին նշեց, որ չի աշխատում, ունի երկու անչափահաս երեխա:
«Իմ մայրը նախկինում մանկապարտեզում է աշխատել, բայց երբ Վահան Պողոսյանը (Մրգաշենի ներկայիս գյուղապետը) նշանակվեց գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար, նրան ազատեց աշխատանքից: Եկավ մեր տուն եւ բացատրեց, որ Կոտայքի մարզպետարանից է եկել այդ հրահանգը, ապա խոստացավ, որ ինձ առաջիկայում կտեղավորի մանկապարտեզում աշխատանքի: Ասաց. «Երրորդ խումբ ենք բացելու, կաշխատես»: Ես էլ համաձայնեցի: Չեմ աշխատում, ծնողներս էին օգնում ինձ, բայց նրանք հիմա հաշմանդամներ են եւ այլեւս ի վիճակի չեն աջակցել»,- ներկայացրեց Արմինեն: Ապա պատմեց, որ գյուղապետի` իրենց տուն կատարած այցից որոշ ժամանակ հետո տեղեկանում է, որ մանկապարտեզում դայակ աշխատելու համար կարող է հայտ ներկայացնել: Պարզվում է, որ, բացի Արմինեից, դայակի աշխատանքի համար հայտ է ներկայացնում եւս 6 հոգի:
Բայց ուշագրավն այն է, որ գյուղապետ Վահան Պողոսյանն է որոշել «ղեկավարել» մանկապարտեզում դայակ ընդունելու գործընթացը, մինչդեռ դայակին մանկապարտեզի տնօրենն է աշխատանքի ընդունում: Բայց, չգիտես ինչու, Մրգաշենում հակառակն է. գյուղապետը որոշել է միջամտել այս նշանակմանը, հանձնաժողով է ստեղծել, որում ներգրավվել են ավագանու անդամներ, մանկապարտեզի նախկին եւ ներկայիս տնօրեններ: Բնականաբար, չի մոռացել իրեն եւ իր տեղակալ Աննա Մուրադյանին:
Նշենք, որ այս «խորհրդավոր հանձնաժողովի նիստը» տեղի է ունեցել մարտի 11-ին: Արդյունքում հանձնաժողովի անդամները դայակի աշխատանքի համար ընտրել են Մրգաշենի բնակչուհի Նախշուն Հովհաննիսյանին, որը, ի դեպ, գյուղապետի տեղակալ Աննա Մուրադյանի տեգրակինն է: Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ գյուղապետի տեղակալ Աննա Մուրադյանը եւս հանձնաժողովի կազմում եղել է: Եւ չի բացառվում, որ նա ազդեցություն է ունեցել հանձնաժողովի մյուս անդամների վրա իր տեգրակնոջը դայակ ընտրելու հարցում:
Արմինե Սահակյանի պատմելով` այդ նիստին մարզպետարանից որեւէ մեկը ներկա չի գտնվել: «Ես չգիտեմ` ինչ է եղել: Նստել, ժողով են արել ու որոշել են, որ պետք է դայակ աշխատի Նախշունը: Տնավարի ընտրություն են արել: Մենք ուղղակի հայտ էինք ներկայացրել աշխատելու համար, իրենք նստել են, քննարկել մեր հայտերը, ժողով արել ու ընտրել մեկին: Ամբողջ խնդիրը դրանում է` ինչու հենց 7 հոգուց ընտրվեց Նախշունը, գյուղապետի տեղակալի տեգրակինը: «Ինչո՞ւ հենց ինքը»-, հարցրի գյուղապետից, ասաց` ինքը մասնագիտական կրթություն ունի, բայց Նախշունը վարսավիրի դիպլոմ ունի: Բայց ես հայտ ներկայացնելու հետ միաժամանակ իրենց տեղեկացրել եմ, որ ես 2.5 տարի ընտանեկան դայակ եմ աշխատել, այսինքն` փորձ ունեմ երեխաների հետ աշխատելու»,- նկատեց Արմինեն:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Նախշուն Հովհաննիսյանը դայակի թափուր աշխատատեղի համար հայտ ներկայացնելու ժամանակ աշխատանք է ունեցել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Մրգաշենի գյուղապետ Վահան Պողոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է ինքը «ղեկավարել» մանկապարտեզում դայակ ընդունելու գործընթացը: «Նախ` հանձնաժողով ձեւավորելը իմ նախաձեռնությունն է եղել` իմ համապատասխան կարգադրությունով: Ում նախատեսված է եղել ընդգրկել հանձնաժողովի կազմում, ներկա են գտնվել: Դե ես միանձնյա պետք է որոշեի, նայեի գործերը ու ընդունեի, բայց մտածեցի` թող հանձնաժողովը որոշի` ով ընտրվի: Այդպես ավելի թափանցիկ է, հետո` այդ ամբողջ «ծանրությունը» չի մնա իմ վրա»,- արդարացավ գյուղապետը:
Հարցին` ինչու է հենց դայակի աշխատանքի համար ընտրությունը կանգ առել իր տեղակալ Աննա Մուրադյանի տեգրակնոջ վրա, պատասխանեց. «Հանձնաժողովի անդամներով որոշել ենք, որ ինքը ընտրվի: Դիմողների մեջ հաշվի ենք առել, որ բացի միջնակարգից ունենա ինչ-որ կրթություն, իսկ Նախշուն Հովհաննիսյանն ունի թերի բարձրագույն կրթություն, չեմ կարող հիշել այս պահին, թե ինչ մասնագիտություն ունի, բայց տեխնոլոգիաներ է ուսումնասիրել: Դե ինքը երեխաներին տեխնոլոգիական հարցերում կօգնի, ինչ-որ բաներ կսովորեն պատրաստել: Երեք տարի սովորել է, կարմիր դիպլոմով էլ ավարտել է»:
Ահա թե ինչպես են Մրգաշենում աշխատանքի ընդունվում: Հուսանք` «Ժողովուրդ» օրաթերթի այս հրապարկմանը կարձագանքի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ