«ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿ ՉՓՈԽՎԵՐ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ՉԷԻ ԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` մարտի 23-ին, Հայաստանի հավաքականը կսկսի պայքարը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում: Մեր առաջին մրցակիցը Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականն է: ԵՎՐՈ 2020-ի, բոսնիացիների դեմ հանդիպման եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է բացառիկ հարցազրույց վարել Հայաստանի հավաքականի կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում:
-Միանշանակ, խմբից դուրս գալու շանսեր ունենք: Դեռ հանդիպում չենք անցկացրել, եւ այս պահին հավասար եմ գնահատում բոլորի շանսերը: Կարծում եմ եւ հույս ունեմ, որ շատ լավ հանդես կգանք, կարեւոր է նաեւ բախտի գործոնը, պետք է բախտներս էլ բերի:
-Ինչպիսի՞ն է այս պահին մթնոլորտն ու տրամադրվածությունը հավաքականում:
-Հոյակապ: Հիանալի է ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ տրամադրվածությունը: Բոլորն էլ լավ տրամադրությամբ են եկել Հայաստան: Ամեն ինչ շատ լավ է:
-Բոսնիա եւ Հերցեգովինայի գլխավոր մարզիչը թերագնահատել է մեր հնարավորությունները: Ի՞նչ պատասխան կտաք նրան:
-Նա ավելի լավ է` մտածի իր թիմի հնարավորությունների մասին, ոչ թե խոսի մեր հավաքականի մասին: Հույս ունեմ, որ նրա պատասխանը կտանք հենց խաղադաշտում: Չեմ ցանկանում հարցազրույցի ժամանակ ինչ-որ բան ասել, դաշտում կհանդիպենք:
-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ եք տեսնում Հայաստանի հավաքականում:
-Փոփոխությունները շատ մեծ են, կարող եք նույնիսկ Ակադեմիայի աշխատակիցներին հարցնել: Փոփոխությունը նաեւ այն է, որ Դուք հիմա գտնվում եք այս շենքում. առաջ այսպիսի բան հնարավոր չէր տեսնել: Իմ այստեղ լինելն էլ ցույց է տալիս այդ փոփոխությունը, եթե իրավիճակ չփոխվեր, ես այստեղ չէի լինի:
-Հիմա Դուք հանդիսանում եք ազատ գործակալ, եւ մամուլում շատ են շրջանառվում խոսակցություններ, որ շուտով համալրելու եք Արարատ-Արմենիայի շարքերը: Ինչքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
-Ես ազատ գործակալ չեմ հանդիսանում, մինչեւ դեկտեմբերի վերջ պայմանագիր ունեմ կնքած MLS-ը ներկայացնող իմ ակումբի հետ եւ չգիտեմ իրոք, թե որտեղից են իմ ազատ գործակալ լինելու խոսակցությունները: Հայկական ակումբ տեղափոխվելու մասին կան խոսակցություններ, եւ ես միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել հայկական ակումբում, ինչպես նաեւ երազել եմ, որ իմ երեխաները ապրեն Հայաստանում, եւ մեծ հույսեր ունեմ, որ այդ ամենը շուտով կդառնա իրականություն:
-Ուրիշ ակումբներից առաջարկներ կա՞ն:
-Այո, առաջարկներ եղել են, սակայն նրանց չհաջողվեց համաձայնության գալ իմ ներկա ակումբի հետ: Կային առաջարկներ նաեւ եվրոպական ակումբներից, չեմ ցանկանա նշել այդ թիմերի անունները, ամեն դեպքում, վերջնական պայմանագիրը չկնքվեց:
-Շաբաթներ առաջ հանդիպում եք ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ քննարկել, մշակել սպորտի նոր նախագիծ: Կներկայացնե՞ք, թե ինչ նախագծի մասին է խոսքը, եւ որոշ չափով կբացե՞ք չակերտները:
-Շատ բան ասել չեմ կարող: Ես մեծ ցանկություն ունեմ ներդրումներ կատարելու, որը ոչ միայն կնպաստի ֆուտբոլի զարգացմանը, այլ ընդհանուր սպորտի: Արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, եւ հուսանք` վերջը լավ կլինի:
-Ո՞րն է հավաքականում ամենահիշարժան հանդիպումը:
-Իրականում դժվար հարց եք տալիս, որովհետեւ հավաքականում իմ ամեն մի հանդիպումն էլ հիշարժան է: Կհիշեմ մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը` 4:1, որտեղ 3 գոլային փոխանցման հեղինակ դարձա, Իտալիայի դեմ խաղը մրցակցի դաշտում: Ամենահիշարժանը երեւի հենց մակեդոնացիների դեմ խաղն էր, անմոռանալի հանդիպում էր:
-Ո՞րն է ձեր կարիերայի լավագույն գոլը:
-Կարծում եմ, այդ հարցին պատասխան չկա: Նույնն է, որ հարցնեք, թե որ երեխայիս եմ ավելի շատ սիրում (ծիծաղում է-Է.Մ.): Չեմ կարող առանձնացնել, այդ հարցին պատասխան չունեմ:
-Ինչպիսի՞ն եք Դուք խաղադաշտից դուրս եւ ինչո՞վ եք նախընտրում զբաղվել ազատ ժամանակ:
-Խաղադաշտից դուրս հանգիստ եմ եւ ընտանիքիս հետ: Ազատ ժամանակս ամբողջությամբ նվիրում եմ ընտանիքիս, երեխաներիս, տեսնում եմ նրանց մեծանալը: Այդ ամենը հիանալի է, ամբողջ օրս ցանկանում եմ նվիրել ընտանիքիս:
-Քանի որ մարտի 20-ին երջանկության միջազգային օրն էր, այդ պատճառով կցանկանայի հարցնել` որն է Ձեր իրական երջանկությունը:
-Իմ երեխաները, իմ ընտանիքը: Նրանցից այն կողմ ուրիշ ոչինչ լինել չի կարող: Իմ երջանկությունը իմ ընտանիքն է եւ իմ սիրած մարդիկ:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

«ԿԻՆԸ ՍԵՔՍՈՒԱԼ Է, ԵՐԲ ՆԵՐՔՈՒՍՏ ԳԻՏԻ ԱՅԴ ՄԱՍԻՆ»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է կանանց միամսյակի առթիվ զրույցներ վարել հայտնի կանանց հետ: Այս անգամ մեր «թիրախում» հայտնվել է դերասանուհի Զառա Սահակյանը:

-Զառա՛, շարունակե՛ք միտքը. «Կանանց միամսյակը հորինել են, որպեսզի…»:
-Ճիշտ կլինի՝ հորինողին հարցնեք (ծիծաղում է):
-Կինը ուժեղ է, երբ…
-Ուզում է ուժեղ լինել: Ինձ ինչ-որ առումով ուժեղ կին համարում եմ, ինչ-որ առումով՝ ոչ, բայց հիմնականում կարող ենք ասել, որ ուժեղ եմ:
-Ո՞րն է եղել ամենացնցող նվերը, որ ստացել եք սիրելի տղամարդուց:
-Տղաս: Ինձ մոտ մինչ ամուսնությունն էլ մայրական բնազդը կար, իսկ որդուս ծնվելուց հետո այն հարյուրապատկվեց: Իրականում այդ բնազդը ամեն կնոջ մոտ յուրովի է արտահայտվում, զգացողությունը շատ անհատական է:
-Ինչպիսի՞ մայրիկ եք:
-Հանգիստ: Շատ մայրեր իրենց զավակների ամեն քայլի համար դողում են, ես՝ ոչ. թողնում եմ, որ ինքնուրույն դառնա:
-Սեքսուալ լինելու համար կինը պետք է…
-Օժտված լինի ներքին աներեւույթ էներգիայով: Շատ կանայք իրենց արտաքինով չեն համապատասխանում գեղեցկության չափանիշներին, բայց կարողանում են տղամարդկանց իրենց շուրջը հավաքել, գրավել: Այդ դեպքում գործում է հենց ներքին էներգիան, որին ինքը՝ կինը, հավատում է եւ կարողանում է հավատացնել կողքիններին. նա ինքը գիտի, որ սեքսուալ է: Սա է ամենակարեւորը:
-Կանանց պե՞տք է միամսյակ, թե՞ ոչ:
-Կանանց հավերժ միամսյակ է պետք, այսպես ասած՝ «ամենամսյակ» (ծիծաղում է): Պետք չէ ֆիքսել միամսյակի վրա, ամեն օր էլ պետք է հոգիդ ուրախ պահես:
-Ձեր ամուսինը միշտ ասում է, որ Դուք…
-Միշտ մնում եմ իմ կարծիքին, եւ ինձ դժվար է որեւէ բան համոզել: Դա նա համարում է ե՛ւ առավելություն, ե՛ւ թերություն:
-Կնոջ տեսակ, որը հիացնում է Ձեզ:
-Մայր Թերեզան: Ժամանակներն ու չափանիշները փոխվում են, բայց նրա արած գործի համամարդկային մեծ նշանակությունը՝ ոչ:
-Եվ վերջում՝ Ձեզ երջանիկ կին համարո՞ւմ եք:
-Այո: Ամեն կին պետք է ինքը կերտի իր երջանկությունը: Այս տարիքին ես եկել եմ այդ գիտակցության: Չպետք է ակնկալես ուրիշներից ստանալ երջանկություն, դու ինքդ պետք է ստեղծես երջանիկ լինելու առիթներ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ: Հայաստանի դեմ կարեւորագույն հանդիպումից առաջ լուրջ կորուստ ունի Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականը: Խաղին չի մասնակցի բոսնիացիների պաշտպան Սեադ Կոլաշինացը: Վնասվածքի պատճառով հանդիպմանը կարող է չմասնակցել նաեւ բոսնիացիների առաջատարներից Միրալեմ Պյանիչը, որը բաց է թողել հավաքականի մարզումը: Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան խաղը կսպասարկի դանիական մրցավարական անձնակազմը: Հանդիպման գլխավոր մրցավարն է Յակոբ Կելտեն, իսկ նրա օգնականներն են Լարս Հումելգարդը եւ Հեյնե Սորենսենը:

 

 

31-ՐԴՆ Է
ՀԱՕԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը: Նա չկարողացավ վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք:

 

 

 

ՄՐՑԱԿԻՑԸ ԻՏԱԼԻԱՆ Է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեր մրցակիցը լինելու է Իտալիայի հավաքականը: Իտալացիները Հայաստանի հավաքականին կընդունեն Նովարայում հունիսի 18-ին եւ 19-ին:

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ՉՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի որակազրկվի եւ կմասնակցի Չեմպիոնների Լիգայի Զ եզրափակչի «Այաքսի» դեմ հանդիպմանը: ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց պորտուգալացուն տուգանել 20.000 եվրոյով այնպես, ինչպես պատժել էր Դիեգո Սիմեոնեին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում եւ իր թիմին դուրս բերել Չեմպիոնների Լիգայի մյուս փուլ, ինչից հետո Կրիշտիանուն հաղթանակը նշել էր անպարկեշտ ժեստով, որը ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն չհամարեց սադրիչ քայլ եւ պորտուգալացուն չորակազրկեց:

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՄՈԴՐԻՉՆ Է
Սպորտային լրագրության միջազգային ասոցիացիան (AIPS) ընտրել է անցյալ տարվա լավագույն մարզիկներին: 2018 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Մոդրիչը ստացել է 419 ձայն եւ շրջանցել է թենիսիստներ Նովակ Ջոկովիչին (337) ու Ռոջեր Ֆեդերերին (290):

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս