ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՏԽՈՒՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բողոքի եւս մեկ ալիք է հասունանում. առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման: Երեկ ԱԺ-ում ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մինչեւ հիմա օգտվել է անցումային ժամանակահատվածի հնարավորություններից, մինչդեռ 2020թ. այդ ժամկետն ավարտվում է: ՈՒ թեեւ ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բայց հնարավոր է՝ զիջումներ չլինեն: «Հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հետո արտահանվում է ԵՏՄ անդամ-երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, եւ սա բոլորը գիտեն: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո, տարվելով ԵՏՄ շուկաներ, կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետեւաբար այդ երկրներին «զրկում» բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից. այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա»,- ասել է նա` հավելելով,- «Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:
Բնականաբար, տեղի ունեցողը հասարակության որոշակի հատվածի մոտ դժգոհության ալիք կբարձրացնի, եւ քանի որ մարդիկ ակնկալիքներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հենց նրան էլ դիմելու են խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն, քանի որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ իրավասությունների շրջանակներում չէ, այլ կախված է ԵԱՏՄ անդամ պետություններից: ՈՒ, ընդհանրապես, այս ամենը հետեւանք է Սերժ Սարգսյանի իշխանության կայացրած որոշումների: Ավելին` պետք է նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախկին իշխանություններից սարսափելի ծանր ժառանգություն է ստացել, պարզապես այդ ժառանգության հետեւանքները հիմա են իրենց զգացնել տալիս:

 

 

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր: Տեւական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա նրանց բողոքը լռեցնելու համար Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի երկու թափուր տեղ են բացելու եւ դատավորներին ներքին կարգով համոզում են գնալ այնտեղ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց դատավոր Կարինե Պետրոսյանին: Հարցին՝ պատրաստվում է արդյոք ընդունել այդ առաջարկն ու դադարեցնել ԲԴԽ նախագահի դեմ պայքարը, Պետրոսյանն ասել է. «Միանշանակ ոչ: Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետեւ լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար: Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ»:

 

 

 

Հարկային հավաքագրման տեմպերը որոշակի դանդաղել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հաշվետվությունից տեղեկացավ, որ եթե այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 94.4 մլրդ դրամ, ապա փետրվարին այդ ցուցանիշը դարձել է 88.1 մլրդ դրամ: Սակայն մինչ ոմանք կփորձեն գուժել տնտեսության վատ վիճակի մասին, հիասթափեցնենք. այս տարի հավաքագրված հարկային եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էապես աճել են: 2018թ. հունվարին հավաքագրվել էր 89.6 մլրդ դրամի, փետրվարին՝ 84 մլրդ դրամի հարկային եկամուտ: Ընդհանուր կտրվածքով, այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հավաքագրվել է 182.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 173.6 մլրդ դրամի դիմաց:

 

 

 

ՀՀ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու այդքան երկար քննարկված դարակազմիկ ծրագրի իրականացումը հարցականի տակ է: Եթե նախկինում ներդրողը վիզա չունենալու պատճառով չէր կարողանում գալ Հայաստան, հետո իշխանությունները տեւական ժամանակ փորձում էին պարզել՝ կոկորդիլոսը կենդանի է, թե թռչուն, որպեսզի իմանան՝ մաքսային ինչ ռեժիմով մաքսազերծեն, հիմա խնդիրներ կան` կապված ենթակառուցվածքների հետ, եւ այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է մոտ 3 մլն դոլար: Պարզվում է` ընկերությունը անգամ հողը չի վարձակալել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ, որն էլ ասաց, թե իրենք նախագծեր պատրաստելու փուլում են. «Նախկինում առաջացած հարցերը` կառավարության հետ կապված, լուծված են: Այժմ փորձում ենք լուծել կապի, կոյուղու, ջրի, էլեկտրաէներգիայի հարցերը: Ոչ մի ներդրող չի ասում` ես կգամ, 20 կմ ջրագիծ կքաշեմ, մենք պարտավոր ենք այդ ենթակառուցվածքների հարցերը կարգավորել, ճանապարհները պատրաստել»:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը, որում նա ծանր մեղադրանքներ էր ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մեծ իրարանցում է առաջացրել քաղաքական դաշտում: ՀՀ գլխավոր դատախազը Շիրխանյանի նամակն ուղարկել է ԱԱԾ եւ ՀՔԾ դրանում նշված փաստերը ստուգելու համար:
Նամակում մատնանշված փաստերից մեկը վերաբերում է 1999թ. հոկտեմբերի 27-ի գործին, նաեւ պնդում կա՝ հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղել: Երեկ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը, այլ միայն ասել, որ հոկտեմբերի 27-ի գործով նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն կվերաբացվի, կամ նոր գործ կհարուցվի:
Շիրխանյանի նամակի երկրորդ հատվածը վերաբերում է 1998թ. նախագահական ընտրությունները կեղծելուն, երբ ասել էր, թե Քոչարյանն իրականում 27 տոկոս է ստացել, բայց 59 տոկոսով հռչակել իրեն նախագահ:
Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում 1998թ. նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:
Լավ է, որ իրավապահ համակարգն այսպես արագ է արձագանքել Շիրխանյանի նամակին, սակայն, նկատենք, այդ կեղծիքներն արվել են 20 տարի առաջ, եւ կեղծվել են ոչ միայն 1998թ., այլեւ 2003թ., 2008թ., 2013թ. նախագահական բոլոր ընտրությունները, ու կեղծվել են ամենաաղաղակող ձեւերով: Այդ ամենը եղել է բոլորիս աչքի առաջ: Վազգեն Մանուկյանն ու իր շրջապատը պնդում են՝ կեղծիքներ եղել են ավելի վաղ` 1996թ. ընտրություններին: Որեւէ կասկած չկա` 1998թ. ընտրությունների մասով քրեական գործ հարուցվելու դեպքում որոշ շրջանակներ կսկսեն աղմկել, թե այդ դեպքում պետք է ՀՔԾ-ն ուսումնասիրությունները սկսի 1996թ. նախագահական ընտրություններից:
Իհարկե, կա անցյալին ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը: Քաղաքական գնահատականը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի իր ուղերձով: Իրավական գնահատական տրվել է միայն մարտի 1-ի իրադարձություններին, երբ քրեական գործ հարուցվեց սահմանադրական կարգը տապալելու եւ զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում օգտագործելու վերաբերյալ: Սակայն նախագահական ընտրությունները կեղծելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը հազիվ թե արդյունավետ լինի: Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ 20 տարի առաջ տեղի ունեցածի ոչ բոլոր մասնակիցներն են այսօր ողջ. հազիվ թե հնարավոր լինի ամբողջությամբ բացահայտել ճշմարտությունը:
Բացի այդ, կեղծված ընտրությունների մասով ամենակարեւոր գնահատականը կարող է ՍԴ-ն տալ, մանավանդ որ 98թ.-ին թեկնածուներից Ռ. Քոչարյանի՝ ՀՀ քաղաքացիության խնդրի սահմանադրականությունը վիճարկելի է առ այսօր:




Լրահոս