ՀԻՄԱ ԷԼ ԱԺ ՄԱՔՐՈՒՀԻՆԵՐՆ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարության գործողությունները դժգոհությունների տեղիք են տվել: «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ աշխատակազմից ոչ բոլորին է խրախուսական պարգեւավճար տրվել, եւ մարդիկ բողոքում են խտրական վերաբերմունքից: Ղեկավարությունը չէր բացատրել, թե ինչպես են ընտրվել պարգեւներ ստացածները: Բացի այդ, նրանք խստացրել են աշխատանքի կարգը, եւ աշխատավարձից կարող են պահումներ կատարվել անգամ հինգ րոպե ուշացման կամ շուտ աշխատանքից գնալու պարագայում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը սահմանափակել է նաեւ ԱԺ տարածք մեքենաների ելումուտը, ընդ որում` սահմանափակումները վերաբերում են նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամներին, քանի որ այդ կառույցի մի մասը տեղակայված է ԱԺ բակի հետնամասի շենքում: Եւ բացի ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանից, պալատի մյուս անդամների մեքենայի մուտքը արգելված է:
Երեկ էլ Ազգային ժողովի մաքրուհիներն էին բողոքի ակցիա կազմակերպել` դժգոհելով իրենց առաջակվող նոր աշխատանքային պայմաններից: Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, թե 40 հազար աշխատավարձ են ստանալու, այնինչ պայմանագրով նախատեսված է 105 հազար դրամ: Բանն այն է, որ շենքի մաքրության ապահովումն իրականացնելու է մասնավոր «Քլիներս» ընկերությունը, որը հաղթող էր դարձել դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում հայտարարված մրցույթի ժամանակ եւ ապրիլի 1-ից պետք է անցնի պայմանագրային իր պարտավորությունների կատարմանը: Մինչ այդ մաքրուհիները համարվում էին ԱԺ աշխատակիցներ, սակայն տնտեսումների նպատակով որոշում կայացվեց մասնավոր ընկերության հետ պայմանագիր կնքել` հստակ աշխատանքային պայմաններով: Այսինքն, նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն, ըստ պայմանագրի, կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան ստանում էին մաքրուհիները:
Աշխատանքային նոր պայմաններից դժգոհ մաքրուհիներին երեկ իր աշխատասենյակում ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, ինչպես նշեցին մաքրուհիները, նա պարզապես լսել է իրենց խնդիրները, բայց իրավասու չէ օգնել։
Իրավիճակը հասկանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի հետ: Նշենք, որ այսօր մաքրությունն իրականացնող ընկերության տնօրենը հանդիպել է ԱԺ աշխատակազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ 60 մաքրուհիներից 40-ը աշխատում են 2 ժամ, եւ ընկերությունը հրաժարվում է նրանց էլ վճարել այնքան, որքան վճարում են 8 ժամ աշխատողներին, սակայն Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե պայմանագրով նախատեսված չէ ժամավճար, եւ հետեւաբար պայմանագրային պարտավորությունները խախտվում են:
Սամվել Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում նշեց. «Պայմանագրում նշված բոլոր կետերը կատարվում են: Իրենք պայմանագրի մեջ չեն նշել, որ պետք է տան 105 հազար դրամ աշխատավարձ 2 ժամվա համար: Եթե աշխատող ես, աշխատավարձ ես ստանում մեկ դրույքի համար: Սակայն եթե աշխատող ես եւ աշխատում ես երկու ժամ, չես կարող ստանալ ամբողջ օրվա աշխատավարձ: 60 հոգուց 40-ը աշխատում են 2 ժամ եւ մինչեւ այս ստացել են ամբողջ դրույք, սակայն ընկերությունը, որն իրականացնում է մաքրությունը, չեն պատրաստվում ե՛ւ 2 ժամ աշխատողին, ե՛ւ 8 ժամ աշխատողին նույն աշխատավարձը ստանան», – նշեց Մելիքսեթյանը:
Սակայն Արսեն Բաբայանն այլ ձեւ է մեկնաբանում իրավիճակը. «Պայմանագրի համաձայն` այդ ընկերությունը պետք է 60 հոգու ընդունի աշխատանքի եւ, պայմանագրի համաձայն, պարտավոր է տա 105 հազար դրամ աշխատավարձ: Դա է եղել մեր պայմանագրի հիմնական պայմանը, որի հիման վրա էլ կնքվել է պայմանագիր: Եթե իրենք ասում են` 40 հազար դրամ են մեզ տալիս, դա նշանակում է, որ պայմանագիր է խախտվում, հետեւաբար աշխատակազմի ղեկավարությունը պետք է կիրառի հետեւանքներ` կա՛մ լուծի պայմանագիրը, կա՛մ ասի` չէ, չհամաձայնի: Բայց, ամեն դեպքում, պետք է աշխատակազմը պահպանի աշխատողների իրավունքները: Իրենք ժամավճարով չեն աշխատում, իրենք աշխատում են դրույքով: Իրենք պարտավորություն ունեն, պայմանագրի համաձայն, աշխատել մեկ դրույքաչափ: Իրենք կարող են առաջարկել` աշխատի՛ր ավելի քիչ, եւ մենք քիչ վճարենք, հակառակ դեպքում պետք է կատարի պարտավորությունը: Եթե կազմակերպությունը փորձում է պայմանագրից ճողոպրել, պետք է լուծարվի պայմանագիրը»:
Սակայն Մելիքսեթյանն էլ համաձայն չէ, որ պայմանագիրը խախտվում է. «Իհարկե չենք տեսնում: Բա եթե պայմանագրի խախտում լիներ, մենք կշարունակեի՞նք այն: Հարցն այն է, որ մարդիկ ուզում են աշխատել երկու ժամ եւ ստանալ ամբողջ դրույք: Պայմանագիրը նախկին իշխանությունների ժամանակ է եղել, եւ մենք իրավաբաններով քննարկել ենք եւ եկել այն եզրակացության, որ պայմանագիրը չի խախտվում», – նշեց Մելիքսեթյանը` ասելով, որ երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ընկերության տնօրենը մաքրուհիներին առաջարկել է այլ տեղ էլ աշխատել, որպեսզի աշխատավարձն ավելանա, սակայն վերջիններս հրաժարվել են:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել պայմանագիրը, որում նշված է. «Մաքրման ծառայություններն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին, բացի կիրակի օրվանից, եւ տարբեր հերթափոխերով: Տվյալ տարածքի մաքրությունը պետք է իրականացվի ԱԺ-ի սպասարկումն իրականացնող առնվազն 60 աշխատակիցների միջոցով: Ընկերությունը պարտավոր է նրանց ընդունել աշխատանքի` սահմանելով 105 հազար դրամ աշխատավարձ: Ծառայության մատուցման ժամերը` 06:00-ից 18:00 ընկած ժամանակահատվածում»:
Եվ չնայած տարածքի մաքրությունն իրականացնում է մասնավոր ընկերություն, եւ ԱԺ աշխատակազմն այստեղ իրավասություն չունի, սակայն նշենք, որ վերջիններիս աշխատելաոճը հենց առաջին օրվանից հանգեցրել է դժգոհության աշխատակիցների շրջանում:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոստացել է երկուշաբթի օրն ընդունել դժգոհող մաքրուհիներին, իսկ վերջիններս էլ խնդրի չլուծման պարագայում պատրաստ են նստացույց անել:
Հավելենք, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, սակայն հաղթող է դարձել հենց «Քլիներս» ՍՊԸ-ն, որը, ըստ պետռեգիստրի, գրանցված է Պապիկյան Գարուշի եւ Սաֆարյան Խաչատուրի անուններով: Նշենք, որ այս ընկերությունն անցյալ տարվանից մաքրման ծառայություններ է մատուցում նաեւ ՊԵԿ-ում եւ, ըստ պայմանագրի, ունի 180 հավաքարար` 80 հազար դրամ աշխատավարձով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԼԱՐՎԱԾ ՇԱԲԱԹ
Մարտի 26-ին կգումարվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, իսկ դրանից մեկ օր առաջ տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կհաստատվի օրակարգը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստում միայն օրակարգը չէ, որ հաստատվելու է, այլ նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը եւ բարեկամական խմբերի կազմերը: Այդ կազմերի հաստատումը հաճախ վեճերի առիթ է հանդիսանում, քանի որ ընդդիմության փոքրաթիվ լինելու հանգամանքից ելնելով` նրանք քիչ ներգրավվածություն են ունենում: Ինչեւէ, տեղեկացանք նաեւ, որ արդեն քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված են թե՛ կառավարության, թե՛ պատգամավորների կողմից ներկայացված նախագծեր: Դրանց թվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Գովազդի մասին», «Կրթության մասին» օրենքները եւ այլն: Հավելենք նաեւ, որ քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաեւ կառավարության ծրագրի կատարողականը, որն արդեն մեկ շաբաթ է` բուռն քննարկումների արժանացավ համապատասխան հանձնաժողովներում: Իսկ քառօրյայում այն ԱԺ ամբիոնից կներկայացնի անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

ԹՈՒՂԹ ԷԼ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում գրենական պիտույքների դեֆիցիտ է: Դատավորները թուղթ, գրիչ, անգամ համակարգչի տպիչ չունեն, որ կարողանան նորմալ իրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը։ Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ վերաքննիչ դատարանում դատավորները իրենց միջոցներով գումար են հավաքել, որ հասարակ գրիչներ գնեն։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դատավորներից մեկը, որ խնդրեց անունը չհրապարակել, նշեց, թե Բարձրագույն դատական խորհուրդը, որ ստեղծվել է դատական համակարգի նորմալ աշխատանքային ընթացքը կարգավորելու համար, առավոտվանից մինչեւ երեկո զբաղված է դատավորներին կարգապահական պատասխանատվության կանչելով կամ նրանց նկատողություն անելով: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ. «Ես առաջարկում եմ հենց հիմա` այս պահին, գաք դատական դեպարտամենտի համակարգի պահեստը եւ ինքներդ արձանագրեք եւ Ձեր եզրակացությունը հայտնեք։ Չունեմ որեւէ ահազանգ, համակարգում ունենք ամեն ինչ` թուղթ, գրիչ, եւ չկա որեւէ դատարան, որ նման խնդիր ունենա. տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»: Մեր այն հարցին` եթե, ինչպես Դուք եք վստահեցնում, կա, ապա ինչպե՞ս կբացատրեք դատավորների բողոքը, քանի որ ոչ թե մի հոգի է այդ մասին ահազանգել, այլ տասնյակ դատավորներ, Փոլադյանն ասաց. «Հարցրե՛ք այդ մարդկանց, չեմ ուզում ավելին ասել, հարցրե՛ք այդ մարդկանց, պարզապես եթե շարունակեմ, ասեմ, մի փոքր ավելի կոպիտ կասեմ. այդ մարդիկ փորձում են համակարգը ներսից քանդել»:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը եւ այլ պաշտոնատար անձինք: Հայ-ֆրանսիական փոխգործակցության առանցքում նախարարն անկյունաքարային է համարել Ֆրանսիայի եւ Հայաստանի վարչատարածքային միավորների միջեւ ապակենտրոնացված սերտ համագործակցությունը եւ հավելել, որ հայկական կողմը հավատարիմ է այս գործընթացում շփումների նոր եզրեր գտնելու իր հանձնառությանը: Դեսպանը հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը` Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ, կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները եւ ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով:

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
«Արցախի անկախության ճանաչման հարցն, իհարկե, օրակարգում է եւ դրված է բանակցային սեղանին: Առանց դրա գոնե մենք որեւէ գործընթաց չենք անում»,- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում կառավարության` նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: «Այլ բան, որ ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ բոլոր կողմերը երկակի մոտեցում են ցուցաբերում: Դա պետք է ընկալվի միանշանակ, ինչը, ավելի քան վստահ եմ, բանակցությունները կհեշտացնի»,-հավելեց փոխարտգործնախարարը:

 

 

ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան մարտի 26-28-ին: Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ԱԳՆ ղեկավարի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը տեղի կունենա խորհրդարանում մարտի 27-ին:




Լրահոս