Այդ անձը մի քանի անգամ հանդիպել է ինձ, հետո հասկացանք` պաշտոն է ուզում. Կոտայքի մարզպետը` եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան համայնքի ղեկավարի եւ Կոտայքի մարզպետի միջեւ պայքարն այն աստիճան է թեժացել, որ առիթը բաց չեն թողնում ցանկացած առիթով դիմել իրավապահներին: Պատճառն այն է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ իրավիճակն օր-օրի ավելի է լարվում:Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արդեն իսկ ունի իր թեկնածուն. սա գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ լարվածության պատճառ է դարձել` վերածվելով «հեռակա ձեռնամարտի»: Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 14-ին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի` պահանջելով ապրիլի 4-ի որոշումը վերացնել:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոտայքի մարզպետին:

-Պարո՛ն Պողոսյան, Աբովյանի քաղաքապետը Ձեր դեմ հայց է ներկայացրել դատարան պահանջելով ապրիլի 4-ի որոշումը ճանաչել անվավեր: Ի՞նչ որոշման մասին է խոսքը:

-Հողերի գործընթացի հետ կապված ստուգում է եղել, եւ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում են տվել: Քանի որ փաստը արձանագրված է, իրավական գնահատականից բացի նաեւ կա վարչական պատասխանատվության ինստիտուտ, եւ այդ առումով ես իմլիզորություններն իրականացրել եմ եւ վարչական պատասխանատվության եմ ենթարկել 300 հազար դրամի չափով: Քաղաքապետը դա է վիճարկում դատարանում`պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել:

-Երեկ հրապարակվեց այն մասին, որ Ձեր եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին: Այս մասին ի՞նչ կասեք:

-Որքանով ինձ է հայտնի, ու եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս եւ շատ անհարգալից տոնով իմ եւ եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել:

Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, եւ ավելի ուշ հասկացանք` պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչը չէր կարող իրականություն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

-Այսինքն`Դուք ցանկանում եք ասել, որ սա Ձեր դեմ միտումնավոր սարքված ծեծկռտուք է եղել:

-Այո, այո, ես հակված եմ մտածելու, քանի որ ինքը եղբորս հետ ոչ մի կապ չի ունեցել, եղբայրս չի էլ ճանաչել նրան,բայց նա, ճանաչելով եղբորս, ակնհայտ սադրանք, քաղաքական սադրանք է արելիմ եւ իմ ընտանիքի նկատմամբ.կապում եմ առաջիկա քաղաքապետի ընտրությունների հետ:

-Գուցե մտածում եք, որ քաղաքապետն է սարքել:

-Չեմ կարծում: Բայց որ սա քաղաքական սադրանք է` ուղղված իմ գործունեությանը, ակնհայտ է:

-Փաստ է մեկ բան, որ եղել է ծեծկռտուք. Ձեր եբղբայրը հարցաքննվե՞լ է:

-Եղբայրս ներկայացել է ոստիկանություն, ցուցմունք է տվել, եւ երկուսին էլ դատաբժշկի ուղեգիր են տվել, երկուսն էլ դատաբժշկի մոտ են եղել:

Քնար Մանուկյան




Լրահոս