ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված իրավաբանական վեճ է հասունացել Հայաստանում: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով անձնական երաշխավորության միջնորդություն են ներկայացրել Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը:
Իսկ որքանո՞վ է իրավիճակը բարդ: Մի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, եւ այստեղ կապ չունի, թե ում համար է ներկայացված միջնորդությունը (եթե տրվում է երաշխավորություն, առաջին հերթին առաջնորդվում ենք այն վարկածով, թե ով է երաշխավորության միջնորդություն ներկայացրած անձը, այլ ոչ թե ում համար է ներկայացվել):
Ինչո՞ւ, որովհետեւ երաշխավորի ինստիտուտը հենց այդ պայմանն է պարտադիր համարում: Ու հիմա ստացվում է, որ մերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին, հետեւաբար՝ Արցախի ժողովրդին: Դրա հետ մեկտեղ, այդպես վտանգի տակ է դրվում երաշխավորի ինստիտուտն ընդհանրապես: Այսինքն՝ եթե ընտրված նախագահը վստահություն չունի դատարանի մոտ, ապա էլ ով պետք է որեւէ մեկի համար երբեւէ միջնորդի երաշխավոր կանգնել՝ ազատ արձակելու համար: Այդ ինստիտուտը՝ ոչնչացավ: Բայց մյուս կողմից դատական համակարգում այլ քննարկումներ են:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ, իրավաբանները ուսումնասիրելով իրավիճակը, եկել են այն մասնագիտական եզրակացության, որ նախագահների միջնորդությունը հանգիստ կարող է մերժվել նախադեպի բացակայության հիմքով: Ինչու, որովհետեւ դատաքննության նախապատրաստման փուլում որեւէ գործով կալանավորված անձի խափանման միջոց երբեք չի փոխվել: Այսինքն` չկա նախադեպ, ուրեմն չպետք է կիրառվի օրենքը:
Այս հարցերի հետ կապված ArmLur.am-ը զրուցել է Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան