«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում մայիսի 16-ին Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) փայլուն ելույթ ունեցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանի պատվիրակը Թել Ավիվի բեմում հանդես եկավ առաջինը՝ կատարելով «Walking out» երգը։
Իսկ ինչո՞ւ Հայաստանը արդեն երկրորդ տարին է՝ չի անցնում եզրափակիչ փուլ, ի՞նչ չափանիշներով ենք մենք ներկայանում Եվրոպային, եւ ի՞նչն է պակասում մեր ելույթներում. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 2008 թվականին Սիրուշոյի կատարմամբ հայաստանյան եվրատեսիլյան երգի՝ «Քելե-քելե»-ի երաժշտության հեղինակ, երգահան Դեր Հովայի հետ:
-Դուք դիտեցի՞ք «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ փուլը, ի՞նչ տպավորություններ ստացաք Սրբուկից, նրա ելույթից, մեր ներկայացրած երգից:
-Այո, դիտեցի: Սրբուկը շատ լավ կատարեց, բայց այնպես չէ, որ երգը հավանեցի, չեմ էլ կարող ասել, որ այն վատն էր: Գուցե դրա մեջ որոշակի ագրեսիա կար, որը դուր չեկավ թեթեւ երգերի սիրահար Եվրոպային: Արդյունքը բացասական էր նաեւ այն պատճառով, որ Սրբուկն առաջինը ելույթ ունեցավ: Պարզ է, որ երկու ժամ հետո քչերն են հիշում առաջին ելույթը:
Եվ հետո միայն Սրբուկով չի որոշվում ելույթը: Ամբողջ «փաթեթը» պետք է լավը լիներ, ինչպես, օրինակ, Իվետա Մուկուչյանի դեպքում: Ափսոս էր Սրբուկի խարիզման եւ ինքնատիպությունը: Մեզ պետք էր երգահանների, գործիքավորողների եւ այլ մասնագետների խումբ, ոչ թե ընդամենը մի քանի հոգի, որոնք կորոշեին ամեն բան՝ կապված երգի եւ ելույթի հետ:
Բայց, միեւնույն ժամանակ, պետք է գնահատենք այն ռեսուրսները, պրոֆեսիոնալիզմը, որ ունենք: Մեր հարեւան Ադրբեջանն, օրինակ, բացառիկ դեպքերում է երգ հեղինակել «Եվրատեսիլ»-ի համար. միշտ Շվեդիային է պատվիրել, որ իր համար երգ գրի:
-Հայաստանի համար կարեւո՞ր է մասնակցությունը այս մրցույթին, թե՞ պետք չէ դրան այսքան լուրջ վերաբերվել:
-Ես շատ կուզենայի, որ այսքան լուրջ չընդունեինք ամեն ինչ, բայց հիշում եմ՝ երբ նույնիսկ մասնակից չունեինք, միեւնույնն է, հետեւում էինք մրցույթին: Եթե մեծ գումարներ են ծախսվելու, բայց մենք արդյունքը չենք տեսնելու, ավելի լավ է՝ չմասնակցենք «Եվրատեսիլ»-ին: Այս մրցույթը պետք է որ դռներ բացեր արտիստների համար դեպի Եվրոպա, բայց ես չեմ հիշում, որ որեւէ հայ մասնակից օգտված լինի այդ հնարավորությունից:
-Սիրուշոյին, կարծում եմ, ինչ-որ չափով հաջողվել է դա անել:
-Այո, նաեւ այն պատճառով, որ նա լավ անգլերեն գիտի, բայց Սիրուշոն էլ այն մասշտաբայնությամբ չօգտագործեց ընձեռված հնարավորությունը, որքան ես կուզեի տեսնել:
-Այս տարի ո՞ր երկրների ներկայացրած երգերն են Ձեզ դուր եկել:
-Ես մի քիչ «փախած» ելույթներ եմ սիրում, այնպիսին, ինչպիսին Պորտուգալիայի մասնակցինն էր: Սերբերն են ամեն տարի հզոր երգեր ուղարկում մրցույթին, օգտագործում են իրենց ազգային նվագարանները, երաժշտությունը: Դե շվեդները աշխարհին հայտնի են իրենց փոփ երգահաններով, բայց պետք է խոստովանեմ, որ այս տարի շատ հզոր երգեր չկային:
-Ազգային նվագարանները օգտագործելու մասին խոսեցիք: Հայաստանն ինչպե՞ս պետք է դա անի, ի՞նչ մոտեցմամբ:
-Պետք է ժամանակակից գործիքավորում անել, ոչ թե գործիքավորման մեջ դուդուկ ներառել եւ մտածել, որ ազգային մոտեցում ցուցաբերեցին: Եվ հետո` ես կցանկանայի, որ մենք հայերեն երգեր ուղարկեինք Եվրոպա: Պետք չէ օտարամոլությամբ զբաղվել:
-Ինչպես այս տարի Ալբանիան արեց՝ իրենց լեզվով երգ` ինքնատիպ մատուցմամբ…
-Այո, իրոք, շատ հետաքրքիր էր: Նույնը վրացիներն են անում: Նրանց չի հետաքրքրում ՝ ով ինչ է երգում, իրենք համարյա միշտ իրենց լեզվով երգ են ներկայացնում: Այդ մենք ենք, որ ծանր ենք տանում ամեն բան…
Հիշեցնենք, որ «Walking out» երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։
Աննա Բաբաջանյան