Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է. «Սասնա Ծռերը» հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության՝ 1998-2008 թթ. պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն այդ հանցավոր համագործակցության բաղադրիչ դատարանի որոշմամբ այսօր ազատվեց կալանքից:
Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր և օրինաչափ:

2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին բացառիկ մանդատ տվեց, որը պահանջում էր առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ և կատարել հեղափոխական քայլեր:

Մինչդեռ նրանք սկզբից ևեթ հրաժարվեցին հեղափոխությունից ու առաջնորդվեցին հանցավոր ռեժիմից կառավարումն իրավահաջորդի կարգավիճակով ստանձնելու տրամաբանությամբ և մինչ օրս հետևողականորեն գործում են ռեժիմի կեղծ սահմանադրությամբ, անիրավ օրենքներով և ապազգային քաղաքական կոնսպեկտներով:

Մասնավորապես՝ հանցավոր համագործակցությունը, իր կամակատար իրավապահներով ու դատավորներով հանդերձ, պետք է կանգներ Անցումային արդարադատության ատյանի առաջ, այլ ոչ թե նրա կազմից ընդամենը մի քանիսը, դրանց թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, մասնակի մեղադրանքներով հանձնվեին իրենց իսկ նշանակած դատավորների հայեցողությանը:
Ընդ որում՝ գործընթացների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սխալ արտաքին քաղաքականության պատճառով Նիկոլ

Փաշինյանն ու նրա թիմն ըստ էության անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին և, արտակարգ քայլերով վիճակը փրկելու փոխարեն, փաստացի կուլ են գնում ապազգային ու հանցավոր համակարգին, ինչը հղի է ռևանշի և պետության կազմալուծման վտանգներով:

Ստեղծված բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցությունը դեռևս այլընտրանք չունի: Սակայն նա, իր հերթին, պարտավոր է շատ արագ սթափվել և, համախմբելով առողջ ուժերին, կտրուկ ու արմատական համարժեք քայլեր կատարել կործանարար ընթացքը կասեցնելու համար:

Բոլոր դեպքերում՝ ժողովուրդն է ազգային հեղափոխության պատվիրատուն, շահառուն և իրականացնողը, ուստի, վաղ թե ուշ, ի կատար է ածելու իր կամքը:

Մեր և մյուս առողջ ուժերի պարտականությունն է ապահովել ժողովրդի կամքի կատարումը:




Լրահոս