ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
ՀՅԴ Բյուրոյի տարիների ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունեցած Հրանտ Մարգարյանն ու իր մանկահասակ թոռներն այսօր Ազատության հրապարակում հարձակման են ենթարկվել խուռներամ ու կույր ամբոխի կողմից։
Ատելության, անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։
Հրանտ Մարգարյանին ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը ուղղորդվող վիրավորանք է դաշնակցության ողջ ընտանիքին։ Մենք սա չենք հանդուրժում և հայտարարում ենք, որ փողոցային խուժանն ու փողոցային արդարադատությունը խաթարում են մեր պետականության հիմքերն ու երկրի սահմանադրական կարգը։ Վարչապետ Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը։
Հորդորում ենք իշխանություններին և իրավապահ մարմիններին ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին։
Հանուն հասարակական համերաշխության մենք շատ բան ենք հանդուրժել,բայց սա չենք կարող: