Գագիկ Հարությունյանը խոստովանում է` դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց են օրակարգային խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը.

-Պարոն Հարությունյան, դուք չմասնակցեցիք ՀՀ Կառավա­րու­թյունում մայիսի 20-ին, ժամը 12.00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ի՞նչ կասեք քննարկումների արդ­յունք­ների մասին:

– Չմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:

Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում:

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրա­ժեշտ են իրականացնել սահմա­նադ­րական գործիքակազմի արդյու­նա­վետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարա­նա­կազմական քայլերի շնորհիվ:

-Սակայն այսօր խոսքը վիրահատական միջամտության մասին է:

-Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհան­գեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:

-Իսկ կարևոր չե՞ք համարում, թե ինչ ձևով ու եղանակներով պետք է դա իրականացվի:

-Բնականաբար, դա նույնպես շատ կարևոր է: Անհրաժեշտ չհամարելով առանձին թվար­կել Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բոլոր համարժեք հոդվածները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորու­թյուն­ները, պետք է արձա­նագրել, որ ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտան­գավոր նախադեպ՝ հղի բազ­մաթիվ բացա­սական, ընդհուպ՝ անշտկելի հե­տևանք­ներով:

-Իսկ կարո՞ղ եք առանձնացնել այն երեք առանցքային, ելակետային մոտեցումները հիմնախնդրի արդյունավետ լուծման առումով:

-Թերևս կառանձնացնեի հետևյալները.

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթ ու գերակա խնդիր պետք է համարել դատական իշխանության լիարժեք կայացման ու արդյունավետ գործու­նեու­թյան գործառութային, կառու­ցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ստեղծումը, երկրորդ՝ օբյեկտիվ խնդիրների լուծումները չեն կարող մղվել հետին պլան՝ գերապատ­վությունը տալով սուբյեկտիվ ու իրավիճակային մոտեցումներին, երրորդ՝ դատական իշխանության բարեփոխումներին միտված իրավական քայլերը չեն կարող իրա­կանացվել առանց հստակ մշակված հայեցակարգային մոտեցումների ու դրանց իրավական ապահովման, ինչի առնչու­թյամբ Խորհրդի և անձամբ իմ կողմից բազմիցս համալիր առաջարկու­թյուններ են ներկա­յացվել:




Լրահոս