ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիմա որ իրար հետ չունեն, պետք է Բաթոյանը նախկին նախարարի հրահանգը չկատարի՞». միջադեպ նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Հայթամյանը տեւական ժամանակ է` չի կարողանում ստանալ առողջարանային բուժման ուղեգիր եւ իրավաբանի անվճար խորհրդատվություն:

Անցած տարվա հուլիսի 31-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի (այս ժամանակահատվածում նախարարը Մանե Թանդիլյանն էր) ընդունելության ժամանակ քաղաքացի Արտակ Հայթամյանն ի թիվս այլ հարցերի բարձրացրել է նաեւ առողջարանային բուժման հնարավորության հարցը: Ապա Թանդիլյանից խնդրել է հնարավորության սահմաններում աջակցել իրեն առողջարանային ուղեգիր ստանալու հարցում:

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայթամյանի առողջարանային բուժումը առողջապահության նախարարությունը չի կարող կազմակերպել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության 2018 թվականի մայիսի 25-ի գրության Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների կողմից մինչեւ 2018 թվականի ավարտը դադարեցվել է առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրման գործընթացը:

Իսկ մինչ այդ հավելենք, որ Հայթամյանը ԲՍՓ հանձնաժողովի կողմից չի ճանաչվել զինհաշմանդամ, սակայն իր հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում: Ի պատասխան` Թանդիլյանը նշել է, որ իր կողմից բարձրացված խնդիրը նախարարության իրավասությունից դուրս է, ուստի վերջինիս հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով կարող է դիմել ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովին: Բացի այս, այդ հանդիպմանը արդեն նախկին նախարար Թանդիլյանը հայտնել է, որ կարող է աջակցել փաստաբանական ծառայությունից օգտվելու հարցում`պաշտպանության նախարարությունից համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով:

Բայց Հայթամյանն իր հերթին պնդել է, որ ՊՆ-ից ստացել է գրավոր պատասխան, որը չի համապատասխանում իրականությանը:

Շուտով կլրանա մեկ տարին, բայց այդպես էլ Հայթամյանի հարցը չի լուծվել. այսօրվա դրությամբ քաղաքացուն ոչ առողջարանային ուղեգիր է տրվել եւ ոչ էլ իրավաբանական անվճար խորհրդատվություն: Ավելին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ներկայիս նախարար Զարուհի Բաթոյանը եւս չի արձագանքում քաղաքացու բողոքին: Ըստ Հայթամյանի`Բաթոյանն այս հարցով իրեն ուղղորդում է դիմել նախկին նախարար Մանե Թանդիլյանին եւ նրանից պատասխան պահանջել:

Այս խնդրի շուրջ միջադեպ տեղի ունեցավ Արտակ Հայթամյանի եւ նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանի միջեւ, կառավարության 3 մասնաշենքի առաջին հարկում, մեկ պատուհանի մոտ: Ի դեպ, այս միջադեպին ներկա էր նաեւ ArmLur.am-ի թղթակիցը: «Նախարարը ձեր ներկայությամբ ասեց եկեք մի անգամ էլ փորձենք, եթե ստանանք բացասական պատասխան, դուք չբավարարվեք այդ պատասխանից, այդ դեպքում կհատկացնենք իրավաբան մեր կողմից եւ հարցով այդ կզբաղվի:

Ինձ իրավաբանի անվճար խորհրդատվություն հասնում է որպես երկրորդ կարգի հաշմանդամ: Հիմա հարց եմ ուղղում Ձեզ` մինչեւ այսօր ինչո՞ւ չեք կատարել նախարարի հանձնարարականը: Ես կես տարի է` գալիս եմ Բաթոյանին դուրսը բռնացնում եմ, ասում եմ` Դուք որ քաղաքական չունեք, պետք է ժողովուրդը տուժի: Հիմա որ իրար հետ չունեն, պետք է Բաթոյանը նախկին նախարարի հրահանգը չկատարի՞»:

Քաղաքացու դժգոհությանն ի պատասխան Գայանե Հովհաննիսյանն արձագանքեց. «Նախարարությունը քաղաքացու խնդրանքը կարող է բավարարել միայն այն դեպքում, երբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից կտրամադրվի մեզ հիվանդությունը զինծառայության ընթացքում ստացած լինելու մասին տեղեկանք:

Ես խնդրել եմ Հայթամյանից ոչ թե սոցապ նախարարից ընդունելություն պահանջի, այլ պաշտպանության նախարարից, քանի ռազմաբժշկական հանձնաժողովը ենթակա է ՊՆ-ին»:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս