Արտահերթ նիստ չի կայանա. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցած իրադարձություներից հետո Լուսավոր Հայաստան խորհրդարանական խմբակցությունը ստորագրահավաք նախաձեռնեց` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը:

Այսօր էլ արդեն պատգամավորը հայտարարեց, որ արտահերթ նիստ է գումարվելու.

«Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։
Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»,- տեղեկացրեց Մարուքյանը:

Սակայն ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ նիստը, այնուամենայնիվ, տեղի չի ունենալու:

ArmLur.am-ը այս հարցի մասին խոսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչոթյան անդամ Հովիկ Աղազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները:

«Վաղը արտահերթ նիստ չի լինելու: Եթե չեմ սխալվում փաստաթղթերի մեջ թերություններ կան. լիարժեք չեն: Օրենքը սահմանում է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն նախաձեռնողները: Եթե չեմ սխալվում որոշման նախագծի հետ կապված ինչ-որ խնդիր կա, թե ինչ հարց պետք է քննարկվի: Կարծեմ, այդ փաստաթուղթն է պակասում, եւ հետեւաբար` պետք է թերությունը վերացնեն, նոր ներկայացնեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Լուսինե Մինասյան




Լրահոս