Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի հետ կապված հրավիրած խորհրդակցությանը հայտարարել էր.
«Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը, այն է` տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ «բաժանի՛ր, որ տիրես» տրամաբանությամբ` նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը` Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար:
Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով` դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ, որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:
Ուշագրավ է նաեւ Ն. Փաշինյանի հայտարարությունը. «Հասունացել է ժամանակը` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հայտարարության շուրջ զրուցել է ԱԺ ԼՂՀ «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ:
-Պարո՛ն Բաղունց, ի՞նչ դիրքորոշում ունեք` Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված: Վերջինս նշել է, որ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը` Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար:
-Նախ ասեմ, որ ես զարմանում եմ, թե ինչու են շրջանառում Արցախի եւ Հայաստանի ժողովուրդ հասկացությունները. ո՞վ է ուզում տարանջատի Արցախի բնակչությանը ու ՀՀ-ի բնակչությանը: Ես չեմ հասկանում. կա ընդհանուր մի հայկական ժողովուրդ, ես ոչ մի պարագայում, ոչ մի տեսանկյունից չեմ ընդունում, որ տարանջատում են Արցախի եւ Հայաստանի ժողովրդին:
Իսկ ինչ վերաբերում է, որ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը, ապա ես կարծում եմ, որ նման համակարգերում պետք է պատերազմ գնա, որովհետեւ նման մոտեցումների պարագայում մենք չենք կարող նորմալ, արդար պետություն կառուցենք:
-Ովքե՞ր են, ըստ Ձեզ, Հայաստան-Արցախ ժողովրդի «բաժանման» հեղինակները, ինչո՞ւ է հրահրվում նման իրավիճակ երկու կողմերում:
-Ոչ հայամետ քաղաքացիներն են նման տեղեկություններ տարածողները, ոչ հայամետ ուժեր, որոնք ոչ մի դեպքում չեն ուզում, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները կայանան ու ստեղծեն մի ընդհանուր հայոց աշխարհ: Ես պատերազմով անցած մարդ եմ, շատ դժվարություններ եմ տեսել մեր երկու պետականության ստեղծման պարագայում, ու անգամ պատերազմի ժամանակ դավաճանություն բառը շատ զգուշավոր ենք օգտագործել, բայց, այնուամենայնիվ, երկու պետությունների կառուցման հարցում պետք է շատ զգույշ լինել. մի կողմից` ծայրահեղ քայլեր չկատարենք, իսկ, մյուս կողմից էլ, այնպես չլինի, որ այնտեղ, որտեղ հստակ վճռական քայլեր են պահանջվում, մենք փորձենք բավարարվենք շատ քչով:
Բայց այն, որ պետք է պայքար գնա կոռուպցիայի դեմ, այն ուժերի դեմ, որոնք անձնական, կուսակցական շահեր են հետապնդում, մենք պետք է ազգի շահերը, պետության շահերը հստակեցնենք ու առաջնորդվենք միմիայն դրանով:
-ՀՀ վարչապետը հանդես է եկել նաեւ մի ուշագրավ հայտարարությամբ, ըստ որի` հասունացել է ժամանակը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է բացահայտվի:
-Ես, բնականաբար, չեմ ուզում կոնկրետանալ, խորանալ այդ հայտարարության ենթատեքստերի վրա, շատ բան է եղել, շատ կասկածներ կան, շատ մտահոգություններ կան` սկսած նրանից, թե ինչու մենք ընդհանուր առմամբ լիարժեք պատրաստ չէինք թշնամու կողմից նման գործողություններին, վերջացրած կոնկրետ փաստերից, կոնկրետ պոստերի վիճակից եւ այլն, եւ այլն:
Իսկապես հանրությանը հուզող բոլոր հարցերը քննության կարիք ունեն, իսկ պետությունն ինչքան նպաստի նման հարցերի բացահայտմանը, այնքան հետագայում հնարավորինս ամուր պետություն ենք կառուցելու:
Պետք է արդեն որոշվի, թե դա ինչպես է արվելու: Իսկապես պետք է ամենայն լրջությամբ այդ հարցերով զբաղվել եւ բացահայտել այն, ինչը հուզում է բոլորին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ