«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Վերջապես Արարատ Միրզոյանը հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, սեղմել նրա ձեռքը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշենք` ԱԺ նախագահը Բիշքեկում մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որ պետք է հաստատեր նաեւ տեւական ժամանակ քննարկվող ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները:
Ի դեպ, բիշքեկյան նիստից մի քանի օր առաջ` Մոսկվայում, ՀԱՊԿ մշտական խորհուրդն արդեն իսկ հաստատել էր այդ փոփոխությունները. «Դրանք առնչվում են ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմներին. արդյոք այդ պաշտոնը մնո՞ւմ է նույն երկրին` օբյեկտիվ հետկանչման դեպքերում, թե՞ ռոտացիա է տեղի ունենում եւ անցնում հաջորդ երկրին։ Կա հետեւյալ մոտեցումը․ եթե 2 տարին լրացրել է, ապա ռոտացիան տեղի է ունենում, եթե պակաս է, տվյալ երկիրը կարող է այլ թեկնածու առաջարկել։ Բոլոր դեպքերում պետք է ասել, որ ՀՀ-ն այս փուլում շահած դուրս եկավ խաղից»: Էդ ինչպե՞ս։
«Շահեցինք այն առումով, որ մեր քվոտայի ժամկետը պահեցինք, եւ Բելառուսը չկարողացավ իր թեկնածուին` Զասին նշանակել. հիշեք, որ Բելառուսը ցանկանում էր Զասին նշանակել դեռ 18-ին, դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարում էր, որ իրենց թեկնածուն է ՀԱՊԿ ղեկավարը, մենք Բելառուսին ցույց տվեցինք, որ իր ուզածով չեղավ, ու Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ, ինչն Ադրբեջանի շահերից էր բխում»։ Իսկ ոչի՞նչ, որ այդ քայլերի արդյունքում ՀԱՊԿ կառույցը բավականին հեղինակազրկվեց, ի դեպ, ինչպե՞ս են, Ձեր գնահատմամբ, Փաշինյան-Ռուսաստան հարաբերությունները։ «Պրոբլեմներ կան, սակայն առկա են նաեւ դրական տենդենցներ։ Ընդ որում, պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում