Ինչպես հայտնի է, նախորդ տարի` դեռ Տարոն Մարգարյանի քաղաքապետ ժամանակ, Երեւանի ավագանու նիստում կոյուղաջրերի հայտնի պատմությումից հետո իշխանությունները քաղաքական որորշում կայացրին՝ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերի դահլիճում եւ այդպիսով խուսափել անցանկալի հրապարակումներից: Ընդ որում, դա ամրագրվել էր օրենսդրական փոփոխությամբ. հրատապ փոխեցին «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը:
Չնայած թավշյա հեղափոխությունից հետո լրագրողներն արդեն ավագանու նիստերին անարգել մտնում են դահլիճ, սակայն օրենսդրական արգելքը մնում է: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ հիմա փոփոխություններ են կատարվելու «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ հանելու համար նախկին իշխանությունների ամրագրած արգելքները. նման նախաձեռնություն ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա ներկայացրած մեկ այլ փոփոխությամբ էլ լրագրողները կկարողանան մտնել Ազգային ժողով առանց հատուկ հավատարմագրման: Հատկանշական է փաստը, որ օրենսդրական փոփոխությունների երկու նախագծերն էլ ընդունելի են եղել ՀՀ կառավարության համար:
Մինչ այդ մեկ փաստ էլ. Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո` 2018-ի հոկտեմբերից ի վեր, քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքը տեղում լուսաբանելու համար հավատարմագրման կարգ չի գործում, քանի որ քաղաքային իշխանությունը հավատարմագրման անհրաժշտությունը չի տեսնում: