Այսօր Կրիաների պաշտպանության համաշխարհային օրն է։ Այն նշվում է 2000թ.–ից՝ Կրիաների փրկության ամերիկյան ընկերության առաջարկով։
Կրիաները սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։
Ներկայումս հայտնի է կրիաների 210 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները, հանդիպում են Հայաստանի տարածքում։
Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարվա։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։